Սոս գյուղը ստացավ ջուր, իսկ Սպիտակաշենը` դպրոց
«Հայաստան» համահայկական հիմնադրամի պատվիրակությունը հնգօրյա այցով եղավ Արցախում
«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին նախորդող շաբաթվա ընթացքում հիմնադրամի պատվիրակությունը` գործադիր տնօրեն Արա Վարդանյանի գլխավորությամբ, մայիսի 5-ից 9-ը եղավ Արցախում և այցելեց հիմնադրամի մի շարք ավարտված ու ընթացիկ ծրագրեր:
Մայիսի 6-ին և 7-ին Մարտունու շրջանի Սպիտակաշեն և Սոս գյուղերում տոնական տրամադրություն էր. պաշտոնապես բացվեց Սպիտակաշենի նորակառույց երկհարկանի դպրոցը, ու շահագործման հանձնվեցին Սոս համայնքի խմելու ջրի 7.6 կմ երկարությամբ ներքին ցանցն ու օրվա կարգավորման ջրամբարը:
1935թ.-ին կառուցված Սպիտակաշենի հին դպրոցն արդեն պիտանի չէր ուսումնառության համար: Հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմինը որոշում էր կայացրել դպրոցաշինությանն ուղղված իր հանգանակություններով Սպիտակաշենում կառուցել մի դպրոց, որը լիարժեք սպասարկի համայնքին: Տորոնտահայ համայնքի և Արցախի կառավարության համաֆինանսավորմամբ կյանքի կոչվեց գեղեցիկ երկհարկանի կառույցը:
Դպրոցում ներկայումս սովորում է 85 աշակերտ, սակայն, հաշվի առնելով համայնքում բնակչության աճի միտումը` դպրոցը նախագծվել և կառուցվել է 130 աշակերտի համար: Տնօրենի համոզմամբ` դպրոցի ամբողջական կահավորումը, նոր համակարգչային դասասենյակը, հանդիսությունների սրահը կխթանեն ուսումնական գործընթացը և լիարժեք ու առավել հետաքրքիր կդարձնեն դպրոցականների առօրյան:
Հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմնի ատենապետ Մկրտիչ Մկրտիչյանը նշեց, որ համայնքի աշակերտներից յուրաքանչյուրը կարող է դառնալ վաղվա գիտնականը, արվեստագետը, ինժեները ու նախագահը:
Գարնանը, գյուղապետարանի աջակցությամբ, դպրոցի աշակերտները դպրոցի մերձակայքում 50 մրգատու ծառ են տնկել:
Մայիս
ի 7-ին տոնախմբությունը շարունակվեց Սոս գյուղում: Այստեղ հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի և Արցախի կառավարության համաֆինանսավորմամբ կառուցվել է խմելու ջրի 7.6 կմ երկարությամբ ներքին ցանց, և վերանորոգվել է օրվա կարգավորման ջրամբարը:
300 տարվա պատմություն ունեցող գյուղում, ուր տասնամյակներ շարունակ բնակիչները տնտեսության համար անհրաժեշտ ջուրը կրում էին դույլերով, այսօր գործում է շուրջօրյա ջրամատակարարում: Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը և Արցախի քաղաքաշինության նախարար Անահիտ Վարդանյանն այս առթիվ իրենց ջերմ շնորհավորանքներն ուղղեցին համայնքի բնակիչներին:
Այցելություններ եղան նաև հիմնադրամի ընթացիկ ծրագրեր` Գորիս քաղաքի սրտաբանական հիվանդանոց (հովանավորներ` Ֆրանսիայի և Լիբանանի տեղական մարմիններ), Գիշի գյուղի միջնակարգ դպրոց (hովանավորներ` Հեռուստամարաթոն 2008, Վարդանյանների ընտանիք ԲՀԿ և Արցախի կառավարություն), Ճարտար գյուղի միջնակարգ դպրոց (hովանավոր` Ֆրանսիայի տեղական մարմին և Արցախի կառավարություն), Ստեփանակերտի թիվ 11 դպրոց (hովանավոր` հիմնադրամի ԱՄՆ Արևմտյան շրջանի տեղական մարմին և Արցախի կառավարություն):
Պատվիրակության անդամներին գոհացրին հիմնադրամի կողմից իրականացվող կառուցման և հիմնանորոգման աշխատանքների ընթացքն որակը:
Այցելության շրջանակում, Արցախի նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ տեղի ունեցավ ճաշկերույթ, որի ընթացքում զրույց ծավալվեց պատվիրակությանն անդամներին հետաքրքրող մի շարք հարցերի շուրջ:
Այցելություն եղավ նաև Շուշի, որտեղ հիմնադրամը սկսել է իրականացնել նախապես Արցախի կառավարության հետ համաձայնեցված մի շարք ենթակառուցվածքային ծրագրեր, այդ թվում` փողոցների, բնակելի շենքերի տանիքների, դպրոցների, Շուշիի գրադարանի, մշակույթի տան նախագծում և հիմնանորոգում:
Շուշիում պատվիրակությանն ընդունեց Արցախի թեմի առաջնորդ Պարգև արք. Մարտիրոսյանը: Պատվիրակությունը եղավ նաև Շուշիի Սբ.Ղազանչեցոց եկեղեցում և մասնակցեց Շուշիի ազատագրմանն ու մայիսյան հաղթանակներին նվիրված պաշտոնական միջոցառումներին ու տոնակատարություններին:
Այս մասին նշվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տարածած մամուլի հաղորդագրության մեջ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել