Ո՞ւր են գնալու Գյումրու թիվ 23 միջնակարգ դպրոցի 429 աշակերտներն ու ուսուցիչները
Հատված ԱԺ մայիսի 18-ի նիստում «Ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի հայտարարությունից
Վերջերս լրատվությունից տեղեկացանք, որ Կառավարության թ.1151-Ն որոշմամբ ս. թ. օգոստոսի 1-ից լուծարվելու է Գյումրու թ. 23 միջնակարգ դպրոցը: Լուծարվում է 55 տարվա պատմություն, 429 աշակերտ և 77 աշխատող ունեցող դպրոց, որի շենքը, ըստ կառավարության հիմնավորման, պատկանում է ՌԴ-ի պաշտպանության նախարարությանը, որը 16 տարի անհատույց տրամադրել է դպրոցին` հուսալով, որ մեր հարազատ կառավարությունը կհոգա դպրոցական շենքի մասին:
Կառավարությունը ոչ միայն չի հոգացել այդ մասին, այլև «դպրոց չկա, շենք պետք չի» տրամաբանությամբ որոշել է լուծարել դպրոցը` առաջացնելով դպրոցի մանկավարժական կոլեկտիվի և ծնողական համայնքի իրավացի զայրույթը:
Չնայած կարծես թե պետք է սովորական դարձած լինեին նման անհեռատես որոշումները, սակայն, հերթական անգամ զարմանալով վերոնշյալ որոշման հիմնավորման վրա` հարցնում ենք` ո՞ւր են գնալու այդ 429 աշակերտներն ու ուսուցիչները, արդյոք նրանց հետ քննարկվել ու համաձայնեցվե՞լ է որոշումը: Եվ ընդհանրապես, ե՞րբ են մեր իշխանությունները ընկալելու ժողովրդավարական պետության ամենակարևոր ցուցանիշ «Մարդու իրավունք» նորմը հարգելու պահանջի անհրաժեշտությունը:
Այս մասին «Ժառանգությունը» ստացել է նամակ, որի մեջ նրանք, հայտնելով իրենց բողոքը, պահանջում են վերանայել կառավարության որոշումն և առաջարկում են Գյումրու «Մուշ-2» թաղամասում կառուցվող դպրոցի շենքում վերականգնել թ. 23 միջնակարգ դպրոցը: «Ժառանգությունը» միանում է նրանց պահանջին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել