HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Առեղծվածային» երևույթներ` դեղորայքի և բժշկական նշանակության ապրանքների ձեռքբերման մրցույթում

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանի հայտարարությունը ԱԺ մայիսի 18-ի նիստում «Պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ-ի կարիքների համար դեղորայքի և բժշկական նշանակության ապրանքների ձեռքբերման նպատակով հայտարարված մրցակցային բանակցությունների շրջանակներում մայիսի 17-ին բացվել են հրավիրված կազմակերպությունների հայտերն, ու քննարկվել նրանց գնային առաջարկները «Ցեֆտրիաքսոն» դեղորայքի համար: Օրենքով սահմանված կարգով մրցույթին հրավիրված ներքոթվարկյալ ընկերությունները հակաբորբոքային այդ դեղամիջոցի 1 գրամանոց սրվակի համար առաջարկել են հետևյալ գները. «Նատալիֆարմը»` 1.590 դրամ, «Ֆարմդոն» ՍՊԸ-ը` 1.773 դրամ, «Լամբրոն» ՍՊԸ-ը` 828 դրամ, և «Սզնի» ՍՊԸ-ը` 198 դրամ: Փաստացի, այդ դեղամիջոցի համար համեմատության կարգով առավել ցածր գին առաջարկել են «Լամբրոն»-ը և «Սզնի»-ն, ըստ որում` «Սզնի»-ի գնային առաջարկը 9 անգամ ցածր եղել «Նատալիֆարմի» գնային առաջարկից: Չնայած դրան` մրցութային հանձնաժողովը մերժել է ցածր գնային առաջարկ ներկայացրած ընկերություններին և ընտրել «Նատալիֆարմ»-ին և «Ֆարմդոն»-ին` առաջիկա օրերին նրանց միջև ընտրություն կատարելու կամ միգուցե` միաժամանակ երկուսից էլ հիշյալ դեղամիջոցը թանկ գնով գնելու նպատակադրությամբ: Այն, որ նույն դեղամիջոցի համար «Սզնի»-ի համար տնտեսապես ձեռնտու և նպատակահարմար կարող է լինել 9 անգամ պակաս գնային առաջարկ ներկայացնել, նշանակում է, որ սույն դեղամիջոցի կամ նրա հումքի գինը միջազգային շուկայում էլ ավելի ցածր է: Այդ դեպքում մրցույթային հանձնաժողովը և մրցույթը կազմակերպած պետական գնումների գործակալությունը պետք է բացատրություն տան, թե ինչո՞ւ է առավելությունը տրվել 9 անգամ բարձր գնային առաջարկ ներկայացրած ընկերությանը: Այս և մյուս մրցույթներում տեղի ունեցած նման «առեղծվածային» երևույթները պետք է դառնան ՀՀ դատախազության հետաքննության առարկան, քանի որ այդպիսի «պետական գնումների» արդյունքում ահռելի վնասներ է կրում երկրի պետական բյուջեն, որով հանրապետության բուժհաստատություններին բյուջետային հատկացումներ են կատարում առողջապահության ոլորտում անվճար բուժօգության ու բուժծառայություններ մատուցելու համար: Ստացվում է, որ պետությունը բերված օրինակում դեղամիջոց է գնում 9 անգամ թանկ գնով, այն դեպքում, երբ կարող էր գնել նույնքան անգամ էժան: Ի՞նչ անուն տաս սրան, եթե ոչ` թալան, կամ միգուցե կազմակերպված տնտեսական հանցագործություն, երբ կարծեք թե ակնհայտ է պետական բյուջեն լվանալու փաստ: Բայց միայն այս կերպ չէ, որ տուժում են պետությունը և պետբյուջե հարկեր ու տուրքեր վճարող քաղաքացին: Հաճախ ենք հանդիպում մարդկանց, ովքեր, օգտվելով պետպատվերի շրջանակներում բուժօգնության ու բուժսպասակման իրավունքից, գանգատվել են, որ, միևնույնն է` դեղորայքը ձեռք են բերել իրենց միջոցներով: Ի՞նչ է ստացվում. պետությունը քաղաքացիների, այդ թվում անապահով մարդկանց համար հատկացնում է միջոցներ, որպեսզի նրանց համար գնվի անհրաժեշտ դեղորայք: Ինչպես վերը հիշատակված դեպքում էր, այդ դեղորայքը պետական փողերի հաշվին աստղաբաշխական գներով գնվում է բացառապես որոշակի ընկերություններից, ովքեր խեղդում են մրցակցային դաշտը, և ամենավերջում այդ աստղաբաշխական գներին գերազանցող գնով վաճառվում քաղաքացուն: Ակնկալում եմ, որ ՀՀ դատախազությունը, Առողջապահության նախարարությունը, Ազգային անվտանգության ծառայությունը, Պետական գնումների գործակալությունը պետք է մանրնարզնին ուսումնասիրեն մայիսի 17-ին «Պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ-ի կարիքների համար դեղորայքի և բժշկական նշանակության ապրանքների ձեռքբերման նպատակով անցկացված մրցակցային բանակցությունները և անհրաժեշտ բացատրությունները տան մեզ և հանրությանը` հնչեցված փաստերի կապակցությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter