ԳԱԼԱ-ն նորանոր հյուրեր է ընդունում
«ՀՀ Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետներն այսօր այցելել էին ԳԱԼԱ հեռուստաընկերություն: Նպատակը քաղաքի հին հեռուստաաշտարակը, որտեղ տեղակայված են ԳԱԼԱ-ին պատկանող սարքավորումները՝ հեռարձակման մալուխը և ալեսփյուռը, դատատեխնիկական, շինարարական փորձաքննության ենթարկելն էր:
Վերոհիշյալ անձանց այցելությունը կարելի է ուշագրավ համարել, քանի որ փորձագետները իրենց չափագիտական աշխատանքները պետք է կատարեին դեռևս 1 տարի 4 ամիս առաջ: Հիշեցնենք, որ 2008 թ. հոկտեմբերի 31-ին առաջին անգամ ՀՀ Վճռաբեկ դատարանը կայացրեց վճիռ` հօգուտ հեռուստաընկերության, որով բեկանվեց ՀՀ Վերաքննիչ դատարանի որոշումը, և Գյումրու քաղաքապետարանն ընդդեմ «ՉԱՊ» ՍՊԸ-ի և «ՉԱՊ» ՍՊԸ-ն ընդդեմ քաղաքապետարանի միացյալ գործն ուղարկվեց լրացուցիչ քննության՝ ՇՄ Ընդհանուր իրավասության դատարան:
Նույն կողմերի մասնակցությամբ, դատարանի փոփոխված կազմով հեռուստաաշտարակի գործը քննվեց ընդհանուր իրավասության դատարանում՝ սկսած դեկտեմբերի 22-ից: 2009 թ. հունվարի 14-ին դատարանը բավարարեց ԳԱԼԱ-ի փաստաբանի միջնորդությունը՝ իրականացնել վիճարկվող հեռուստաաշտարակի դատատեխնիկական, շինարարական փորձաքննություն: Դատաքննությունը ժամանակավորապես կասեցվեց` մինչև փորձաքննության ավարտը:
Եվ այսպես, այդ օրվանից անցել է 1 տարի 4 ամիս, և փորձաքննությունը միայն այսօր է գործնական փուլ թևակոխում: Դա նշանակում է, որ վերստին թարմացվում է վիճարկվող հեռուստաաշտարակի խնդիրը:
Փորձագետներն այսօր մանրամասնությամբ չափագրեցին ԳԱԼԱ հեռուստաընկերության տարածքը, հեռուստաաշտարակը, լուսանկարեցին տեխնիկասարքավորումները և հեռացան:
Դատաքննության երկարաժամկետ կասեցումից հետո այս այցելությունը թերևս պատահական համարել չի կարելի: Սակայն մեկնաբանություններից առայժմ զերծ ենք մնում և հետևում իրադարձությունների հետագա զարգացմանը:
ԳԱԼԱ հեռուստաընկերություն
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել