
Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի նախկին ուսուցիչ Լեւոն Ավագյանը, ըստ մեղադրանքի, 1985-2008 թթ. ընթացքում բռնությամբ ուղեկցվող անառակաբարո գործողություններ է կատարել նույն դպրոցի անչափահաս ու անպաշտպան բազմաթիվ աշակերտուհիների նկատմամբ: Քրեական գործով, սակայն, որպես տուժող ներգրավվել են աղջիկներից 5-ը: Մեղադրող դատախազը դատարանին խնդրում է Ավագյանին դատապարտել 1,5 տարվա ազատազրկման, իսկ դատապաշտպանն ակնկալում է այնպիսի պատիժ, որն ազատազրկում չի նախատեսում:
Մեղադրյալ Ավագյանի դատապաշտպանի ճառը վրդովեցրեց այսօրվա նիստին ներկա անձանց, քանի որ փաստաբանը մեջբերում արեց Աստվածաշնչից եւ ասաց, թե ով անմեղ է, թող առաջին քարը նա նետի Ավագյանի վրա: «Ուզո՞ւմ եք ասել, թե բոլորս մանկապիղծ ենք, հա՞»,- արձագանքեցին կանայք:

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթացող այսօրվա նիստին ներկա էր նաեւ Լեւոն Ավագյանի նախկին «զոհերից» մեկը` Գայանեն, ով զայրացավ, երբ լսեց, թե Ավագյանի համար որպես պատիժ դատախազը պահանջում է 1,5 տարի ազատազրկում:
«Դուք էնտեղ չեք եղել, էդ ծեծ ու ջարդը չեք տեսել, հենց ցեղասպանություն են ասում, ես իմ մանկությունն եմ հիշում»,- դատարանի դահլիճում բղավեց 90-ականների վերջին դպրոցն ավարտած Գայանեն:
Գործով տուժող ճանաչված աղջիկների ներկայացուցիչներ Տիգրան Հայրապետյանն ու Ավագ Լալայանն իրենց ճառերում նշեցին, որ գործով ապացուցված է Լեւոն Ավագյանի ոչ միայն անառակաբարո գործողություններ կատարելը, այլեւ նրա կողմից երեխաներին ծեծի եւ խոշտանգումնհերի ենթարկելը, ուստի նրա մեղադրանքին պետք է ավելացվի Քրեական օրենսգրքի եւս երկու հոդվածներ:
Ավագ Լալայանը մեջբերեց դպրոցի նախկին սաներից մեկի ցուցմունքից մի հատված. «Ավագյանը մեզ կռվացնում էր, ասում էր` մինչեւ արյուն չհանեք, չեք նստելու, եթե մենք չէինք կռվում, ինքն էր մեզ ծեծում: Եթե մի օր էրեխա չէր ծեծում, ձեռները դողում էին...»:
Տուժողները ներկայացուցիչը դատարանում հայտարարեց, որ նույն դպրոցի տնօրենի կողմից տրված եզրակացությունը, համաձայն որի, Ավագյանը բնութագրվում է որպես դրական հատկանիշներ ունեցող մանկավարժ, չի կարող մեղմացնել ուսուցչի պատիժը, քանի որ տնօրենը, ըստ գործի նյութերի, Ավագյանից ոչ պակաս դաժանությամբ ծեծի է ենթարկել երեխաներին: «...հրեշ Ենգիբարյանը մեզ կանգնացնում էր պատի տակ եւ ինչքան ուժ ուներ, հարվածում էր մեր փորին, մենք ընկնում էինք...»,- քննիչներին պատմել է դպրոցի նախկին սան Մարթա Ժակեիչը:
Եվս մեկ փաստ առ այն, որ դպրոցի անձնակազմը տեղյակ է եղել ուսուցչի անառակաբարո վարքին. «Ես Աշոտ Ղադյանին ասեցի, որ Ավագյանը աղջիկներին ձեռ ա գցել, ինքը ասեց` Ավագյանը եքա մարդ ա, տենց բան հնարավոր չի, հետո էլ ասեց, որ եթե շուխուր անեմ, գլուխս կջարդի»,- իր ցուցմունքներում գրել է Մարիամ Գեւորգյանը, ով փախել է դպրոցից, որպեսզի իր «գլուխը չջարդեն»:
Մեղադրյալ Լեւոն Ավագյանը դատարանում եւս մեկ անգամ հայտարարեց, թե ինքը զղջում է եւ խնդրում է մեղմ պատիժ սահմանել իր համար: Իսկ տուժողի ներկայացուցիչները համոզված են, որ Ավագյանն իրականում չի զղջացել, քանի որ իրական զղջումը պետք է երեւա փաստերից, այլ ոչ թե «մերկապարանոց հայտարարություններով»: Փաստաբանները հիշեցրին դատարանին, որ ուսուցիչը դեռեւս 2009 թվականի փետրվարին հաղորդում էր տվել ոստիկանությանը, թե իբր դպրոցի նախկին սաները զրպարտել են իրեն, արատավորել են իր բարի համբավը:
Այնուհետեւ հարուցված քրեական գործի ընթացքում նախ հերքել է իրեն մեղսագրվող արարքները, իսկ 2010 թվականին հարուցված երկրորդ քրեական գործի ընթացքում խոստովանել է, որ բռնությամբ անառակաբարո գործողություններ է կատարել անչափահաս երեխաների հետ:
Դատարանը Լեւոն Ավագյանի դատավճիռը կհրապարակի մայիսի 24-ին, ժամը 16:00-ին:

Դատական նիստից առաջ եւ հետո երկու տասնյակ քաղաքացիներ պաստառները ձեռքներին կանգնած էին դատարանի շենքի առաջ` դատավորից պահանջելով ավելի խիստ պատիժ «մանկապիղծ ուսուցչի համար»: Քաղաքացիները նույնիսկ առաջարկում են Ավագյանին դատապարտել ցմահ բանտարկության:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել