«Ժառանգությունը» հանդիպել է ԳՐԵԿՈ-ի պատվիրակության հետ
«Ժառանգություն» կուսակցությունն այսօր հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Այսօր «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը, քարտուղար Լարիսա Ալավերդյանը եւ «Ժառանգություն» կուսակցության կենտրոնական գրասենյակի տնօրեն Գեւորգ Կալենչյանը Ազգային ժողովում հանդիպեցին ԳՐԵԿՈ միջազգային կազմակերպության պատվիրակությանը, որի կազմում էին Սոֆի Մեուդալ-Լինդերսը, Տանիա վան Դիքը եւ Ադրիան Մորարուն:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին կուսակցությունների ֆինանսական հաշիվների թափանցիկությանն ու հաշվետվողականությանը, ինչպես նաեւ` օրենքներով սահմանված կարգերի համաձայն` կուսակցությունների ֆինանսական միջոցների ծախսման նկատմամբ վերահսկողությանը, դրանց խախտման համար սահմանված պատժամիջոցների կիրառմանը վերաբերող հարցեր: «Ժառանգության» ներկայացուցիչները տեղեկացրին կուսակցությունների ֆինանսավորման, ֆինանսական միջոցների ծախսման ու հանրության առջեւ հաշվետվողականության հիմնական խնդիրները եւ հանդես եկան դրանք լուծելու իրենց առաջարկներով:
ԳՐԵԿՈ-ի ներկայացուցիչները տեղեկացրին, որ հանդիպումների արդյունքում կազմելու են զեկույց, որը կներակայացվի ՀՀ կառավարությանը: Ժառանգությունը» համագործակցության պատրաստակամություն ու լավատեսություն հայտնեց, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի նպաստել ՀՀ քաղաքական ու կուսակցական համակարգերի կայացմանն ու քաղաքական կոռուպցիայի եւ անհավասարության վերացմանը»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել