Կնպաստի՞ մեր «մրցունակությունը» «Լեզվի մասի» նոր օրենքը
Ի՞նչ է սպասվում, եթե ներդրվեն օտարալեզու դպրոցներ
Այսօր «Լեզվի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի մասին բանավիճեցին Հանրային խորհրդի անդամ Խոսրով Հարությունյանը, ՀՀ Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը և հուշարձանագետ Սամվել Կարապետյանը: Բանավեճը թեժ էր, վերջում բանախոսները մտքեր էին փոխանակում արդեն ոտքի վրա կանգնած: Ստորև ներկայացնում ենք նրանց արտահայտած հիմնական մտքերը:
Ինչո՞ւ են մեզ անհրաժեշտ օտարալեզու դպրոցներ:
Խոսրով Հարությունյան-Ինքս բավականին մեծ տեղ եմ տալիս հայոց լեզվին և գրական հայերենին: Ես համոզված եմ, որ մեր իրականությունը, հանրային կյանքի ամենատարբեր ոլորտներում հիմնականում պետք է ձևավորված լինի այդ հենքի վրա: Բայց այսօրվա իրականությունը, գլոբալիզացման պայմաններում Հայաստանի և նրա մտավոր կարողությունները արդյունավետ իրացնելու նկատառումները ենթադրում են, որ որքան շատ լինեն տարբեր լեզուների իմացությամբ քաղաքացիներ, այնքան միջազգային իրողությունների հաղորդակցվելու, սեփականը ներկայացնելու հնարավորություններ ունենալու առումով օգտակար է:
Այս իսկ պատճառով ես կարծում եմ, որ պահպանելով հայոց լեզվի նկատմամբ մեր պահանջները` այդուհանդերձ, մենք հնարավորություն պետք է տանք օտար լեզուների (ընդ որում, ամենատարբեր, ով ինչպես կցանկանա) խորացված ուսուցման, դպրոցներ, որտեղ հայոց եկեղեցու կամ կրոնի պատմությունը կամ աշխարհագրությունը դասավանդվում է, ենթադրենք, օտար լեզվով: Իմ պատկերացմամբ, դա հավելյալ հնարավորություն է մեր ապագա սերունդի համար` դառնալ միջազգային պրոցեսներին հաղորդակից, պրոցնեսներ, որոնցում մենք մեր անելիքն, ասելիքն ունենք, բայց այդ ամենը կարող ենք անել անհամեմատ ավելի արդյունավետ, եթե կարողանում ենք տիրապետել մի քանի լեզուների` պահպանելով հայերենի վերաբերյալ մեր ընդգծված վերաբերմունքը:
Եվ վերջին հաշվով, այսօր հաղորդակցման ամենահիմնական խողովակը դառել է ինտերնետը: Հաշված վայրկյանների ընթացքում սարսափելի մեծածավալ ինֆորմացիա է շրջանառվում այդ համակարգում: Այդ ինֆորմացիան հայերե՞ն է: Անակակած` ոչ: Եթե մենք ուզում ենք ինտերնետը լիարժեք օգտագործել նույն մեր տնտեսության, մեր գիտության զարգացման, մեր հանրային կյանքի որակական փոփոխություններին հասնելու համար, արդյոք օտար լեզուների իմացությունը կարո՞ղ է խանգարել:
Այսօր բոլոր ծնողները, որոնք մտածում են, թե իրենց երեխան կարող է իր համար ապագա ստեղծել, մտածում են, որ երեխաները պետք է ունենան լեզվաիմացության առումով լայն հնարավորություններ: Որպես կանոն, նրանք դպրոցի հնարավորություններով չեն սահմանափակվում. բոլորը մասնավոր ուսուցիչների մոտ կրթություն են ստանում: Էլ չեմ ասում, որ շատ-շատերը կցանկանային, որ իրենց երեխաները ստանային կրթություն օտարերկրյա հայտնի բրենդ, վարկանիշ ունեցող շատ ու շատ դպրոցներում: Եվ այդպիսիք կան:
Ցավոք սրտի այդ երեխաները Հայաստան չեն վերադառնում, կամ քչերն են վերադառնում, որովհետև վերջին հաշվով, նրանք իրենց հանրակրթական տարիքում կամ հատկապես բուհական տարիքում որպես քաղաքացիներ, անհատներ, ձևավորվում են օտար միջավայրում: Մինչդեռ նման դպրոցների առկայությունը Հայաստանում հնարավորութուն կտա մեր քաղաքացիների լեզվաիմացությանը զուգահեռ, այդուհանդերձ, ձևավորվել որպես հոգևոր, մտավոր արժեքներ կրող, որպես ավանդույթներ պարունակող կամ դրանց հետևորդը հանդիսացող` հայկական միջավայրում: Անկասկած, սա օգտակար կլիներ:
Ամատունի Վիրաբյան-Մենք առաջինը պետք է մտածենք, որ լեզուն միայն հաղորդակցման միջոց չէ: Լեզուն կենսափիլիսոփայություն է, լեզվով դաստիրակվում են:
Որպես պատմաբան` օրինակ բերեմ: 19-րդ դ.-ի վերջին, 20-րդ դարի սկզբում Շուշիում կար կար 2 դպրոց` ռեալական, որտեղ ուսուցումը ռուսերեն էր, որովհետև պետական դպրոց էր, և թեմական դպրոց, որտեղ ուսուցումը հայերեն էր: Թեմական դպրոցից դուրս եկան ազգային-ազատագրական շարժման գործիչներ` Արամ Մանուկյան, մյուսներ: Ռուսական դպրոցից դուրս եկան միայն սոցիալական, այսինքն` բոլշևիկյան, սոցիալ-դեմոկրատական գործիչներ: Այսինքն` լեզվի ազդեցությունը իր հետքը թողնում է դրա վրա:
Աստծու սիրուն, պետք է դպրոցներում խորացված ուսումնասիրվեն օտար լեզուներ` ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն: Տեսեք` 19-րդ դարի վերջին կային 2 հայկական հայտնի դպրոցներ` Ներսիսյան դպրոցը Թիֆլիսում և Գևորգյան ճեմարանը, որտեղ ուսուցումը տարվում էր հայերենով: Բացի գրաբարին, աշխարհաբարին և միջին հայերենին փայլուն տիրապետելուց` այդ 2 դպրոցների շրջանավարտները տիրապետում էին գերմաներենին, ֆրանսերենին, հին հունարենին և լատիներենին:
Ես այստեղ գրել եմ մարդկանց ազգանուններ, որոնք այդ 2 դպրոցը ավարտել են, ասենք, 1880-90-ական թթ.-ին և անմիջապես հետո ընդունվել և շարունակել են ուսումը եվրոպական համալսարաններում: Թադևոս Ավդալբեկյանը ոչ մի համալսարան չի ավարտել Գևորգյան ճեմարանը ավարտելուց հետո, բայց գերմաներենից հայերեն է թարգմանել աշխարհի ամենաբարդ ստեղծագործություններից մեկը` Մարքսի «Կապիտալը»` որպես տնտեսագիտական աշխատություն մինչև այսօր բարձր գնահատվող:
Սա նշանակում է, որ խնդիրը օտար լեզվով դպրոցը չէ, խնդիրը այսօրվա կրթության որակն է: Ցանկացած երեխա, որը պետք է ուսումը սկսի իր ազգային մայրենի` մոր լեզվով, հետագայում թող բարձր դասարաններում սովորի օտար լեզուներ (և այսօր շատ դպրոցներում սովորում են): Կա իրոք լավ դպրոց և կա վատ դպրոց:
Իսկ ինչ մնում է օտարալեզու դպրոցներին, մեր ժողովրդի մենթալիտետը իմանալով` ականատես լինելով 80-ական թթ-ի սկզբին, երբ հայերեն դպրոցները դուրս էին մղվում, և մեջտեղ էին գալիս միայն ռուսական դպրոցներ, դուք պատկերացնո՞ւմ եք` այսօր մենք ի՞նչ լեզվով էինք խոսելու, եթե չլիներ 88 թիվը: Միայն ռուսերեն: Մի մոռացեք, որ մեր` այդ ժամանակվա երկրի ղեկավարը իր օրագիրը գրում էր ռուսերենով (վերջերս լույս տեսավ), այսինքն` մտածելակերպը արդեն դարձել էր այդպիսին: Պետք է երեխան սովորի մայրենի լեզվով:
Այսօր մեր արխիվում (Հայաստանում ստեղծված) փաստաթղթերի 90 %-ը ռուսերեն է, որովհետև 2 պետության մեջ ենք ապրել, որտեղ երկուսի պետական լեզուն էլ եղել է ռուսերեն` Ցարական Ռուսաստանը և Խորհրդային Միությունը: Դրան էր գնում: Ռուսերեն լավ իմացողներ արդեն չկան: Արդեն երեխաներ են գալիս` բուհ ավարտած, որ անգլերեն ավելի լավ են գրում, քան հայերեն: Վերջին 20 տարիների մասին է խոսքը:
Ցարական Ռուսաստանում նույնիսկ ռուսական պետական դպրոցներում ռուս պետական գործիչները, մտածելով, որ երեխան պետք է իր ազգային լեզուն սովորի, եթե Թիֆլիսի գիմնազիայում նույնիսկ կար մեկ հայ կամ մեկ վրացի, նրա համար վարձում էին վրացերենի և հայերենի ուսուցիչներ: Նշանավոր ցարական գեներալ Լորիս-Մելիքովը ունի Կոստանդնուպոլսի պատրարքին` Հայոց կաթողիկոսին իր ձեռքով հայերեն գրված նամակներ, որտեղ ոչ մի սխալ չկա: Իսկ ես գիտեմ 80-ական թթ.-ին Հայաստանում ռուսական դպրոց ավարտողներ, որոնք հայերեն դեռ չեն կարող գրել, դեռ չեն սովորել:
Խ.Հ.-Պետք է ասենք, որ այսօր այդպիսիք հայերեն դպրոց ավարտածներն էլ շատ են:
Ա.Վ.-Շատ են: Ուսման որակն է խնդիրը: Եվ ինչո՞ւ մենք, փոխանակ ուսման որակը ապահովենք, որպեսզի իրոք իմ ասած այդ 2 դպրոցների նման, շրջանավարտը տիրապետի այդ լեզուներին, մենք ասում ենք. «Դարձնենք օտարալեզու դպրոցներ 1-ին դասարանից»: Մենք երեխասեր ազգ ենք: Մեր նույնիսկ չապահովված ընտանիքները ամեն ինչ կդնեն, իրենց մարմնի որոշ մասեր էլ կվաճառեն, միայն երեխան այդպիսի դպրոցներում սովորի:
Սամվել Կարապետյան-Ընդհանրապես բնության մեջ մի բան միշտ մի ուրիշ բանի հաշվին է լինում: Հնարավոր չի, որ մենք, օրինակ, զարկ տանք օտար լեզուների իմացությանը, և դրանից մի ինչ-որ բան չտուժի, տվյալ դեպքում` մայրենին: Ընդհանրապես ազգը պիտի մայրենին` իբրև պատվանդան, որևէ ձևով չվտանգի:
Վերջին օրերին հեռուստացույցը մի քանի անգամ բացեցի, տարբեր պաշտոնատար մարդկանց շուրթերից լսեցի, որ այս ձևով մենք կունենանք մրցունակ քաղաքացիներ: «Մրցունակ» բառն էր շրջանառվում: Ուղղակի ակամա միտքս ծագեց մի բան. հայ ժողովուրդը երկրագնդի վրա հաշվվում է մոտ 10 մլն, և այդ 10 մլն-ից 2/3-ից ավելին` մոտ 7 մլն-ը, ՀՀ-ից դուրս ապրող մեր ազգակիցներն են, որոնք իրենց կամքից ակամա, հիմնական մասով, իրենց երեխեքին տվել են օտար դպրոցներ. Ֆրանսիայում` ֆրանսիական դպրոցներ, Ամերիկայում` անգլիական, և այլն: Եվ մենք ունենք, ըստ էության, հայ ազգի արդեն 2/3-ից ավելի հայազգի մարդիկ, որոնք այսօրվա գնահատմամբ, «մրցունակ» են: Բայց իրականությունը ի՞նչ է: Էդ մրցունակությունը մեր ազգի գլխին ուղղակի մի հատ փորձանք է դարձել, որովհետև մենք հո տեսնում ենք, որ ձուլման ճանապարհ է բացել մեր ազգակիցների 2/3-ի առջև: Կույր չենք. մարում է հայ կյանքը, այսինքն լեզուն է, որ կարող է պահել:
Նախ, սփյուռքում ընդամենը մի 10 %-ն են, որ, այսպես կոչված, հայկական դպրոց են տալիս: Շատ հաճախ այդ հայկական դպրոցը մայրենի լեզվի և գրականության դասավանդումով է կոչվում հայկական. արդեն մնացած առարկաները նույնիսկ հայկական դպրոցներում հայերեն չեն: Եվ այս պարագայում մենք փաստորեն, արդեն իսկ ունենք մի քանի միլիոն (շատ ավելի, քան Հայաստանի ներկայիս բնակչությունը), հենց մեր երազած, օտար լեզվով մտածող ազգակիցներ, որ ուզում ենք Հայաստանում էլ ունենալ այդպիսիք:
93-ին երբ ազատագրվեցին Արցախին հարակից շրջանները, ես իմ գործի բնույթով մտա Քարվաճառի շրջան և տարիներ գործս էի անում: Մինչև 96 թ.-ը, օրինակ, Մռավի հարավահայաց ամբողջ փեշերին ազատագրված գյուղերում առաջին գծի վրա մեր կամավոր ջոկատներն էին: Պետական բանակը ավելի ներքևում էր: Գործիս բերումով ստիպված էի լինելու բոլոր նախկին ադրբեջանաբնակ գյուղերում, որովհետև դրանք հայկական գյուղեր էին, և հայկական հետքերն էի փնտրում: Գիշերում էի կամավորների վրաններում, կամավորները ինձ առաջնորդում էին:
Իրար վրա երևի 300-ից ավելի կամավոր եմ ես տեսել այդ տարիներին: Շեշտում եմ` կամավորի մասին է խոսքը, որ վտանգի պահին կարող է կամավոր գնալ իր երկիրը պաշտպանելու: Ես ամենայն պատասխանատվությամբ այս փաստը ձեզ փոխանցում եմ. այդ կամավորների մեջ (կային բռի, ամեն տեսակ) մի հոգի չհանդիպեց ինձ, որ ռուսական կրթություն ունենար:
Եվ ձեզ 2-րդ վիճակագրություն` այդ 300 կամավորների 80 %-ից ավելին Հայաստանի տարբեր գյուղերի բնակիչներ էին` հողի մարդիկ էին, նրանք, որ հողի հետ առնչվել են, այսինքն` քաղաքացին` բետոնի տուփի մեջ ապրողը չէր, որ վտանգի պահին գնացել էր հողը պաշտպանելու: Հողը պաշտպանելու վեր էր կացել, նախ, ազգային կրթություն ունեցող մարդը, երկրորդ` հողի հետ առնչվող մարդը: Մինչդեռ մեր խորհրդային վերջին տարիների պետական խոշոր դեմքերը պարծենում էին հետևյալ ցուցանիշներով` «Հայաստանը արդեն ունի 67-68 % քաղաքային բնակչություն»: Մենք արդեն, ի դեմս դրա, իբր զարգացած երկրների շարքում էինք: «Որքան քիչ գյուղացի, այնքան զարգացած երկիր»: Էս էր տրամաբանությունը: Այսինքն` որքան քիչ գյուղացի, այնքան քիչ կամավոր զինվոր:
Շատ ուրիշ օրինակներ կան, բայց սրանք, իմ կարծիքով, առանցքային են:
Խ.Հ.-Ես կարծում եմ` ընդհանրապես այս խնդիրը ուսումնասիրելիս կոռեկտ չէ զուգահեռներ անցկացնել 20-րդ դ.-ի սկզբի, 19-րդ դ.-ի վերջի, ընդհանրապես խորհրդային շրջանի հետ, որովհետև խորհրդային շրջանում լեզուն քաղաքական պարտադրանքի գործիք էր: Խորհրդային շրջանում` 80-ական թթ.-ից արդեն խոսում էին սովետական ժողովուրդ հասկացության մասին, և լեզուն դրա կարճ ճանապարհն էր: Մենք հիմա խոսում ենք լեզվի ազատ ընտրության, որևէ քաղաքական պարտադրանքից զուրկ, ընդամենը կրթական հնարավորությունների մասին:
Եթե խոսում ենք կրթության որակի մասին, ես Ձեզ հետ լրիվ համամիտ եմ, բայց համաձայնեք, որ այս 20 տարվա ընթացքում մեր ազգային պետությանը ոչ ոք չէր խանգարում սեփական հայկական դպրոցը որակական մի նոր աստիճանի բարձրացնել: Ինչո՞ւ 100 տեսակի օպտիմալացումից սկսած` չեմ իմանում ինչ կրթական բարեփոխումներ արեցինք հանրակրթական դպրոցի մակարդակում ու արդյունք չունենք: Այսօր մեր հանրակրթական դպրոցի շրջանավարտը իր գիտելիքներով, հմտություններով և այլ-այլ կարողություններով շատ ու շատ պահանջների ուղղակի չի բավարարում:
Պատճառը շատ պարզ է: Մեզանում մանկավարժական գիտություն` որպես այդպիսին, կրթական ծրագրեր, մեթոդոլոգիա մշակված չի եղել երբևէ: Դրանք միշտ եղել են մոսկվաներում, որոնք պարտադրել են մեզ ինչ-որ ծրագրեր: Մենք այս 20 տարիների ընթացքում չկարողացանք դա ստեղծել և երկար ժամանակ չենք կարողանալու: Վերջին հաշվով, վարկանիշ ունեցող դպրոցների մուտքը Հայաստան հնարավորություն կտա նաև օգտվել այդ մեթոդական բազայից և սեփականը զարգացնել:
Պրն Հարությունյան, չե՞ք կարծում, որ այս դպրոցները մեր երկրում ավելի կխորացնեն սոցիալական բևեռացումը: Կարծում եմ` այդ մրցունակությունը առաջին հերթին հենց մեր երկրում է գործելու, և հասկանալի է, թե այդ 1-2 % դպրոցներում ում երեխաներն են սովորելու: Արդյոք անհավասարության խորացում այստեղ չե՞ք տեսնում: Որպես հայ մարդ` վիրավորական չէ՞, որ Հայաստանում օտարալեզու դպրոցը պետք է կոչվի էլիտար: Թվում է, թե հանրակրթական դպրոցները մի կողմ են դրված` հիմա ամբողջ հույսը այս օտարալեզու դպրոցներն են:
Խ.Հ.-Իսկ ո՞վ ասաց, որ դրանք են լինելու էլիտար: Շատերը ասում են` դա էլիտար է: Իսկ Ամերիկյան համալսարանը, Ֆրանսիական համալսարանը էլիտա՞ր են: Պրն. Ամատունին ասում է, որ իմանալով մեր ժողովրդին` նրանք կարող են իրենց մարմնի մասերը վաճառել` իրենց երեխային ուսում տալ: Եթե Դուք մտածում եք` արգելելով դրա դեմն առնել, չարաչար սխալվում եք:
Ա.Վ.-Բաներ կան, որ պետք է արգելել:
Խ.Հ.-Դրա համա պետք է թույլ տալ բաց, ազատ ընտրություն: Էն ժամանակ ոչ ոք չի մտածի իր մարմնի որևէ մասը վաճառել և իր երեխային կրթություն տալ: Մինչդեռ այսօր, այո, շատ-շատերը հազար ու մի զրկանքների հաշվին փորձում են իրենց երեխայի կրթությունն ավարտել: Եթե ես չգիտեմ ռուսերեն և ռուսական մակույթին չեմ հաղորդակցվում իր բնագրով, ես երբեք չեմ կարող բաղդատել այդ կուլտուրան իմ կուլտուրայի հետ և հասկանալ իմի տեղը: «Մենք ենք մեր սարերը», «ոչ մի լեզու չգիտենք», «մենք ամենալավն ենք»` սա 21-րդ դարի կեցվածք չի, աշխարհը շատ դինամիկ է զարգանում:
Ավելի ճիշտ չէ՞ դպրոցները արգելելու փոխարեն պայքարել հայ ազգի մեջ այն միտումի դեմ, որ սիրում են սովորել ուրիշ լեզվով:
Ա.Վ.-Պետք է դպրոցը լինի հայկական, բայց կրթության մակարդակը լինի այնպիսսին, որ բարձր դասարաններում, ավագ դպրոցում կարելի է իրոք մասնագիտություններն էլ սովորել այլ լեզուներով, որը մարդուն, Ձեր ասած, մրցունակ կդարձնի: Խոսքը ոչ թե ընդհանրապես կրթության լեզվի մասին է, այլ հանրային կրթության, երբ երեխային սովորեցնում էին ամեն ինչ` բնությունից, քիմիայից, ֆիզիկայից և տարրական գիտելիքներից: Նրա առաջին տառը պետք է լինի մայրենի այբ, բեն, գիմ-ը: Բայց հետագայում նա կարող է խորանալ, մասնագետ դառնալ, մրցունակ դառնալ` արդեն սովորելով անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն և այլն: Ես ընդունում եմ, որ կարելի է խորացնել բարձր դասարաններում օտար լեզուների ուսուցումը:
Ձեր կարծիքով` լեզվամտածողությունը ո՞ր տարիքից է ձևավորվում, և ո՞ր տարիքից է ճիշտ անցնել օտար լեզուների ուսումնասիրությանը:
Ա.Վ.- 6-7 տարեկանից, երբ առաջին դասագիրքը բացում ես, սկսվում է լեզվամտածողությունը: Արդեն անգիտակից ես-ով մարդը ընկալում է:
Խ.Հ.-Սկսվում է մոր օրորոցայինից:
Ա.Վ.-Բայց տարիներ առաջ այդ օրորոցային երգը արդեն ռուսերեն էին ասում: Ռուսական դպրոցներ կային նաև մեր հարևան 2 հանրապետություններում: Բայց այնտեղ տվյալ ազգի զավակները չէին գնում ռուսական դպրոցներ: Ես չեմ հիշում, որ որևէ վրացի գնացած լիներ ռուսական դպրոց: Ռուսական դպրոցները նախատեսված էին այլ ժողովուրդների` Վրաստանում հայերի համար:
Ս.Կ.-Քրդերի, եզդիների: Լեզվամտածողությունը հատկապես ձևավորվում է հենց դպրոցական տարիների ընթացքում: Խորհրդային տարիներին, օրինակ, մեր ռուսական դպրոցը ավարտած երեխեքը ռուսերեն էին մտածում ` իրենց կամքից անկախ: Այսինքն` արդեն ռուսական դպրոցը փոխել էր իրենց լեզվամտածողությունը: Ընդհանրապես, եթե մեզ համար կարևոր է ազգությունը, ազգության անդամ լինելու պարագա, ամեն մի անհատ պիտի հաշիվ տա` երբ մարդ ինքը երազ է տեսնում, մտքի մեջ ինքն իր հետ խոսում է, ո՞ր լեզվով է խոսում: Այն պահին երբ բռնացրեց, որ ինքը մայրենի լեզվով չէր խոսում իր հետ, ուրեմն մի բան արդեն լեզվամտածողության հետ կատարվել է:
Խ.Հ.-Բայց դադարե՞ց հայ լինելուց:
Ս.Կ.-Իր կամքից անկախ` ինքը չի կարող, հակառակ իր հնավորություններին, բերել այդ նպաստը և չի բերել երբևէ:
Դուք օտար լեզուների տիրապետո՞ւմ եք, և ո՞ր տարիքից եք սկսել սովորել:
Ա.Վ.-Մեր գյուղում սկսել եմ սովորել ռուսերեն 2-րդ կամ 3-րդ դասարանից: Մեր գյուղի դպրոցում, որտեղ ես սովորել եմ, օտար լեզվի դասատու չենք ունեցել: Արդեն 8-10-րդ դասարանում ես սովորեցի գերմաներեն: Ես գնում էի Վանաձորի Հայկ Ազատյանի անվան 13-րդ դպրոցը, որտեղ գերմաներեն էր ուսուցումը:
Դժվար չէ՞ր այդ տարիքից սկսել լեզուն:
Ա.Վ.-Շատ դժվար էր, բայց կարողացա և «մինիմումը» «4» ստացա:
Ս.Կ.-Մայրենիի հաշվին չպիտի լինի:
Խ.Հ.-Անկասկած: Ինձ համար շատ հասկանալի չի` ինչ է նշանակում, օրինակ, լեզվամտածողություն: Ես հասկանում եմ` դա նշանակում է` ինչ լեզվով ես մտածում: Բայց ես չեմ կարողանում հասկանալ` արդյոք եթե ես մտածում եմ, օրինակ, անգլերեն, ես դադարո՞ւմ եմ հայ լինելուց:
Ս.Կ.-Ռուսական դպրոց ավարտած երեխեքի ամբողջ այդ սերնդի համար հայ դասական գրականությունը թարգմանվեց ռուսերեն, Թումանյանը` ռուսերեն, որ հայ մարդը այդ միջնորդ լեզվով գոնե հաղորդակցվեր սեփական գրականության հետ:
Խ.Հ.-Պրն Կարապետյան, Դուք անընդհատ համեմատում եք Սովետ Միության հետ:
Ա.Վ.-Դա է փաստը մեզ համար:
Խ.Հ.-Փաստը դա չէ: Խորհրդային պարակտիկան արատավոր էր: Եկեք այլևս դրա հետ չհամեմատվենք:
Ս.Կ.- Մենք «կարոտել ենք» այդ պրակտիկային: Այս փոփոխությամբ դրան կհասնենք:
Խ.Հ.-Ոչ, դրան չենք հասնի: Օրինակ` ՀՀ քաղաքացին հայերենի լավագույն իմացությանը զուգահեռ տիրապետում է մի քանի լեզուների: Ես Ձեզ հարց եմ տալիս` սա լա՞վ է, թե՞ վատ է:
Այդ խնդրին հասցնելու համար կա ճանապարհ: Տարբերակ N1: Ունենք հայկական դպրոց, որտեղ բոլոր առարկաները դասավանդում ենք հայերեն, և փորձում ենք խորացված ուսումնասիրել անգլերենը: 20 տարիների փորձը ցույց է տալիս, որ դա միշտ չի հաջողվում:
Եվ տարբերակ N2: Օրինակ` գալիս է օտարալեզու, վարկանիշ ունեցող մի դպրոց, որը ասում է, որ ուսումնական ծրագրերը ձեր Կրթության նախարարության հետ մասին մշակում ենք այնպես, որ 1-ին, եթե կուզեք` 4-րդ դասարանից ենք սկսում անգլերեն խորացված սովորել: 10-12 տարիների ընթացքում հայերենն էլ ենք անցնում, բայց դրան զուգահեռ` մի շարք առարկաներ մենք դասավանդում ենք անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն, իսպաներեն:
Եվ ես` Հայաստանի քաղաքացիս, ընտրություն ունեմ, ինձ ոչ ոք չի պարտադրում, ես կարող եմ նույնիսկ չգնալ այնտեղ: Ասացեք խնդրեմ` տարբեր լեզուներ իմանալու, օտար մշակույթը ճանաչելու և սեփական մշակույթի հետ համեմատելու ճանապարհով սեփականը արժևորելու տեսանկյունից այս 2 ճանապարհներից ո՞րն է ավելի արդյունավետ:
Բայց մենք չգիտենք, թե արդյոք Ձեր ասածի նմա՞ն կլինի: Դուք ցանկալին ներկայացնում եք իրականության տեղ: Ասում ենք «մենք ենք` մեր սարերը»: Գերմանիայում մի քանի մլն թուրք է ապրում, ու սեփական դպրոցներ ունենալու մեծ հարց են բարձրացրել: Եթե Գերմանիայում (եվրոպական զարգացած երկիր է, ոչ մեզ նման) Անգելա Մերկելի նման մարդը «իրենց սարերով» է ուզում մնալ, թող մենք էլ մնանք:
Խ.Հ.-Ես խոսում եմ նրա մասին, ինչին ես եմ ներկա եղել: Իտալիայում իտալացու հետ խոսում են ֆրանսերեն, նա չի արձագանքում, անգլերեն` չի արձագանքում (սպասարկման ոլորտում է): Ասում եմ. «Սիրելիս, գոնե տիրապետեք»: Ասում է. «Ձեզ պետք է` դու տիրապետեք իտալերենին»: Այդպիսի շռայլություն իտալացին, ֆրանսիացին, գերմանացին, ռուսը իրեն կարող է թույլ տալ:
Ս.Կ.-Վրացին էլ կարող է թույլ տալ:
Խ.Հ.-Դեռ ժամանակը ցույց կտա` ով է շահելու: Այդ նույն վրացիները հիմա ատում են ռուսերենը, բայց նրանք շատ լավ ուսումնասիրում են անգլերենը: Վրաստանի մեծ մասը անգլերեն է խոսում: Այնպես չէ, որ միայն վրացերեն են խոսում:
Պրն. Հարությունյան, ես հավատացած եմ, որ բոլոր ծնողները խելակորույս իրենց երեխաներին կտան այդ 2 % օտարալեզու դպրոցները, որոնք պիտի մրցունակ կրթություն ապահովեն: Վտանգ չե՞ք տեսնում:
Խ.Հ.-Ինչո՞ւ եք այդպես մտածում:
Որովհետև ես գիտեմ մեր ազգի մենթալիտետը, որովհետև բոլորն էլ ուզում են լավ կրթություն ստանալ:
Խ.Հ.-Ուրեմն դա՞ է լավ կրթությունը: Այդ դեպքում ինչո՞ւ եք մերժում այդպիսի լավ կրթություն ստանալու հնարավորությունը:
Ս.Կ.-Իրար կոտորելով` ռուսական դպրոց էին տալիս երեխեքին: Նույնն է տեղի ունենալու:
Խ.Հ.-Որովհետև մենք օրենքով ամրագրել ենք, որ ռուսական դպրոց կարող է գնալ միայն Ռուսաստանի քաղաքացին կամ նա, ում ծնողներից մեկը կամ երկուսը ռուս են: Դուք այնպիսի պայման եք դրել, որ մարդուն ստիպում եք իր պահանջը բավարարելու համար հազար ու մի զարտուղի ճանապարհների դիմել: Եկեք բացենք ճանապարհները, եկեք ընտրությունը բաց անենք, ով ինչ լեզվով ուզում է, թող սովորի, ուսումնասիրի:
2-3 %-ը կդառնա 70 %:
Խ.Հ.-Ոչ:
Ս.Կ.-Մենք մեզ չե՞նք ճանաչում:
Խ.Հ.-Եթե դուք ձեզ այդպես եք ճանաչում, դա ինչի՞ մասին է խոսում: Դուք կարծում եք` դուք կշարունակե՞ք մնալ հայ, եթե ես ձեզ արգելեմ որևէ օտար լեզվով ծրագիր կարդալ, օտար լեզվով շփվել: Դուք կշարունակեք լինել հայերեն իմացող մի հատ գավառամիտ մարդ:
Ս.Կ.-Ինչպես երկրի սահմանը պաշտպանող մեր կամավորնե՞րը:
Խ.Հ.-Կներեք, Ձեր բերած օրինակը ինձ համար ընդհանրապես համոզիչ չէր: Թույլ տվեք չհամաձայնել Ձեզ հետ: Ես իմ շրջապատում ունեցել եմ ռուսական դպրոց ավարտածներ, որոնք հենց առաջին գծում էին: Եվ մեր ֆիդայիներից շատ-շատերը, որոնք իրենց կյանքը տվեցին հայրենիքի համար, գրական հայերենի նույնիսկ չէին էլ տիրապետում: Այսինքն` խոսքը հայկական միջավայրում ձևավորված անհատի մասին է: Ես կարծում եմ` դպրոցը լինի օտարալեզու, դպրոցը չլինի օտարալեզու` հայկական միջավայրում բոլորվին այլ քաղաքացի է ձևավորվում: Ես երբեմն մտածում եմ ռուսերեն, թեպետ հայկական կրթություն ունեմ: Բայց ես երբեք չեմ պատկերացնում, որ որևիցե մեկը ինձ կարող է մեղադրել, որ ես պակաս հայրենասեր եմ կամ հայ եմ, քան ինքը: Խոսքը ընդամենը մի բանի մասին է` եկեք շանս տանք, եկեք հնարավորություն ստեղծենք` մեր սերունդը լինի ավելի զարգացած, ավելի коммуникабельный, ավելի հաղորդակցվելու ունակ, հետևաբար և ավելի մեծ պոտենցիալ ներկայացնող:
Դուք միանգամայն ճիշտ եք` հողին կպած մարդը երկիրը կպաշտպանի, բայց այն գյուղացին, որ պատրաստ կլիներ հողի համար իր երկիրը պաշտպանել, այսօր չկա, որովհետև մենք գյուղացուն 20 տարիների ընթացքում դարձրինք ունեզուրկ, ընչազուրկ, ոչ մի բանի տեր, մի հատ խեղճուկրակ մարդ, որը իր և իր երեխաների ապագան հողի հետ չի կապում: Էս էլ մեր հայկական կրթությամբ և հայեցի մտածողության արդյունքը:
Դա հայկական կրթությա՞ն արդյունք է, թե՞ լրիվ ուրիշ բանի:
Խ.Հ.-Ո՞նց, վերջին 20 տարիներին մենք էդպես ենք եղել:
Եթե այդ գյուղացին անգլերենով կրթվեր, կլուծվե՞ր հարցը:
Խ.Հ.-Ոչ, պետք չէր, որ գյուղացին անգլերեն սովորի: Թող գյուղնախարարը անգլերեն իմանար, որ կարողանար կարդալ անգլիական, գերմանական, իտալական փորձը և այդ քաղաքականությունը մշակեր այստեղ:
Եթե գյուղնախարարը անգլերեն իմանար, հիմա գյուղացին հողին ավելի՞ կպած կլիներ:
Խ.Հ.-Եթե գյուղնախարարը անգլերեն իմանար, գոնե շանս կար, որ գյուղատնտեսության մեջ կոոպերացիայի կազմակերպման անգլիացիների կամ եվրոպական փորձը վաղուց մեզանում ներդրված կլիներ:
Գյուղնախարարից ավելի բարձր պաշտոնյաները անգլերենին չեն տիրապետում:
Խ.Հ.-Ճիշտ եք ասում: Մեզանում ամեն ինչ մղվել է 2-րդ պլան: 20 տարվա ընթացքում (հատուկենտ բացառությունները դնենք մի կողմ), թող ինձ մեկը բերի մեր միջնակարգ դպրոցն ավարած մի երիտասարդի, որին կարելի է նայել, ասել «Երնեկ քո տիրոջը»:
Ա.Վ.-30-ից 5-ը էդպես են: 30 ուսանող ունեմ, 5-ը այս դպրոցները ավարտած են, և «երնեկ նրանց տիրոջը»:
Խ.Հ.-Ես դասավանդում եմ Կառավարման ակադեմիայնում և ոչ առաջին տարին: Դա հետբուհական կրթություն է, և շատ ուրախ կլինեի, եթե ասեի, որ 30-ից գոնե 3-ը այդպիսին են:
Այսօրվա պատկերը էս 20 տարիների արդյունքն է, երբ ասում էինք. «Մենք ենք մեր սարերը»: Չթողեցինք` մի հատ օտար, նորմալ, ցիվիլ բիզնեսմեն էստեղ մտնի: Ասացինք` մերը պիտի լինի: Մերն էլ էսպես է: Ձեր պատգամավորների 131-ից 100-ը մի հատ նախադասություն առանց սխալի չի կարողանալու գրել:
Ես, օրինակ, համարում եմ, որ մեր էս ամբողջ ցուցափեղկերը, որ բացի հայերենից` ինչ լեզվով ասես գրված են, բացառապես պետք է վերանան: Եթե նույնիսկ ուզում ես ինչ-որ բան գրել, ապա մեծ գրիր հայերեն, տակը փոքր գրիր անգլերեն, վերջին հաշվով:
Ս.Կ.-Ես ուզում եմ մայրենին, հետո օտարը: Նախարարի խոսքը լսեցի հեռուստացույցով: Ասում է` էդ երեխեքը դպրոցից հետո տուն չե՞ն գնալու, փողոց դուրս չե՞ն գալու, դե կսովորեն, էլի, հայերենը: Պետրոսի հյուրն էր: «Կենտրոնով» լսեցի:
Խ.Հ.-Նա միգուցե նկատի է ունեցել, որ վերջիվերջո հայեցի դաստիարակության կամ հայ միջավայրում ձևավորվելու խնդիրը այդպես է լուծվում: Միգուցե դա է նկատի ունեցել, ոչ թե «հայերեն կսովորի, էլի»:
Ս.Կ.-Պետրոսը հարցեր էր կուտակել հեռուստադիտողներից, հարցերը հերթով տալիս էր: Հարցը սա էր` «մայրենին բա չե՞նք վտանգում այդ ձևով»:
Խ.Հ.-Ես իմ խոսքի պատասխանատուն եմ, ես ուրիշի խոսքի պատասխանատուն չեմ:
Ս.Կ.-Բայց այս գործի N1 պատասխանատուն կրթության նախարարն է: Հիմա մենք ընդհանուր նյութից ենք խոսում, որ կեցվածքը, վերաբերմունքը սա է:
Խ.Հ.-Համամիտ եմ, այսօրվա դրությամբ զրո հնարավորություններով և զրո բյուջեով Լեզվի տեսչություն ունենք: Եկեք աղմուկ բարձրացնենք:
Ս.Կ.-Լրիվ համաձայն եմ:
Խ.Հ.-Էս բոլոր գովազդները թող վերանան: Միացրեք` հեռուստատեսությամբ ինչ եք տեսնում:
Ս.Կ.-Հայրենական արտադրության մի հատ ապրանք չկա` պիտակը հայերեն լինի: Եթե նույնիսկ հայերեն է, ստորադասված է:
Խ.Հ.-Ես իմ թոռներին չեմ թողնում` հայկական հեռուստատեսությունը նայեն` «գալուբո»-ներով, «մալուբո»-ներով:
Ս.Կ.-Որովհետև փողոցում սովորած հայերենն է մտել էկրան: Թեքումով դպրոցները շատ լավ արդյունք էին տալիս` թե լավ, խորացված օտար լեզու էին տալիս, թե չէին դիպչում ազգային լեզվամտածողությանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել