HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մամուլի տեսություն

Չնչին նվազեցում Երեկ կեսօրից հետո Երևանի բոլոր բենզալցակայաններում  բենզինի գները իջան 10 դրամով` «Ռեգյուլյար» տեսակի բենզինի մեկ լիտրը վաճառվում է 390 դրամով, «Պրեմիում» տեսակինը`410, իսկ «Սուպեր» տեսակինը` 440 դրամով: Երեկ մենք հաշվարկ էինք ներկայացրել ընթերցողին, ըստ որի, բենզին ներկրողների շահույթները վերջին շաբաթների ընթացքում կտրուկ  բարձրացել են, ինչը պայմանավորված է նախ` դրամի արժևորմամբ, և երկրորդ` միջազգային շուկայում նավթի գների նվազմամբ: Խնդիրն  այն է, որ մինչև նախորդ օրը բենզալցակայններում գործող գները հաստատվել էին այն ժամանակ, երբ մեկ դոլարը արժեր ավելի քան 400 դրամ, իսկ միջազգային շուկայում նավթի մեկ բարելը մոտեցել էր 90 դոլարի: Հիմա մեկ դոլարն արժե 383 դրամ, իսկ նավթը` 70 դոլար: Սակայն երեկվա էժանացումը ավելի շուտ  ցուցադրական ակցիա է, և բենզինի ներկրողները բենզինի այս գների պայմաններում էլ շարունակում են չհիմնավորված շահույթներ ստանալ: Պարզ հաշվարկը ցույց է տալիս, որ դրամի արժևորման ու նավթի գների նվազեցման արդյունքում բենզինի գինը պետք է իջներ ոչ թե 10 դրամով, այլ` առնվազն 35 դրամով: Այսինքն, օրինակ  «Ռեգյուլյարի» մեկ լիտրի գինը պետք է լիներ ոչ թե 390 դրամ, այլ 365 դրամ: Էլեկտրոնային օրագիր դպրոցում Երևանի Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցում 2010-2011 ուսումնական  տարվա ընթացքում առաջինը հանրապետությունում կկիրառվի էլեկտրոնային օրագրի մեթոդը: www.dasaran.am կայք այցելելով` ծնողն ամեն օր, ամեն ժամ կարող է տեղեկանալ իր երեխայի գնահատականների, բացակայությունների մասին: Յուրաքանչյուր դասից հետո օպերատորը մուտքագրելու է աշակերտի ստացած գնահատականները և նրան վերաբերող մյուս տվյալները: Տվյալների գաղտնիությունն ապահովում է երեխայի անձնական ծածկագրով, որի վերաբերյալ տվյալները ծնողին  հանձնվելու են առձեռն: Ավելորդ չէր լինի, եթե վերոնշյալ տվյալներին հավելեին նաև կրթօջախում կատարվող ֆինանսական ծախսերի, հավաքվող գումարների, այսպես կոչված, «հաշվետվության» մանրամասները, ինչը, համոզված ենք, շատ ծնողների կհետաքրքրեր, քանի որ նրանք ամեն ամիս մուծվում են ու չգիտեն` ուր են գնում այդ գումարները: Իրանահայերին օգնելու  կոչ` Հիլարի Քլինթոնին ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատ  անդամներ Բեթի Մքքոումն  ու Թիմ Ուալզը  դիմել են պետքարտուղար Հիլարի Քլինթոնին` ստեղծելու հիմնադրամ, որը կօգնի իրաքահայերին Հայաստան տեղափոխվելու համար: «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ` Մքքոումը նշել է. «ԱՄՆ շահերին համապատասխանում է, որ Իրաքի քրիստոնյա հայ փախստականները խաղաղ և անվտանգ նոր կյանք սկսելու հնարավորություն ունենան: կարծում եմ` Միացյալ Նահանգները պետքէ հումանիտար աջակցություն ցուցաբերի` ապահովելու համար իրաքահայության հաջող տեղահանումն ու ինտեգրումը Հայաստանի հասարակությունում»: Պետքարտուղարին հղված  նամակը ստորագրել են նաև կոնգրեսականներ Ադամ շիֆը, Ֆրենկ Փալոնը` Համապատսախն կուսակցությունից, Քոլին Փիթերսոնը, թեև չի ստորագրել, բայց իր աջակցությունն է հայտնել և միացել առաջարկին: Նոր պատվեր ՍԴՀԿ-ին Թերթի տեղեկություններով` ՍԴՀԿ շիրխանյանական թևի` ՀԱԿ-ին քննադատելու վերջին քայլերը պայմանավորված են իշխանությունների հետ ձեռք բերած համաձայնությամբ, ավելի ճիշտ` իշխանությունների պատվերով: Հիշեցնենք, որ վերջերս այդ կուսակցության մամուլի քարտուղար Նարեկ Գալստյանն արդեն ՀԱԿ-ին բացահայտ մեղադրեց ՍԴՀԿ-ին պառակտելու մեջ: ՍԴՀԿ այդ թևն ամիսներ առաջ դատական հայց էր ներկայացրել իրենց կուսակցության մյուս հատվածի նկատմամբ, որը ղեկավարում է ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը:Հայտնի է, որ պառակտվելուց հետո կուսակցության կնքիը մնացել է Լ. Սարգսյանի մոտ, և հակառակ կողմը հիմա այդ կնիքն է պահանջում: Նշանակված դատական նիստն արդեն մի քանի անգամ հետաձգվել է: Թերթի տեղեկություններով` դատարանը չի կարողանում որևէ խելամիտ պատճառ գտնել, որպեսզի կնիքը Լ. Սարգսյանից վերցնելու որոշում կայացնի: Բանն այն է, որ իրավական բոլոր նորմերի համաձայն` ՍԴՀԿ ատենապետը Լ.Սարգսյանն է, և կնքին էլ նրան է պատկանում: Եվ այդ պատճառով էլ դատական նիստն անընդհատ հետաձգվում է: Հիշեցնենք, որ ամիսներ առաջ, երբ դեռ չէր պառակտվել այդ կուսակցությունը, հրապարակումներ եղան, որ իշխանություններն ուզում են քանդել ավանդական կուսակցությունը, քանի որ այն սատարում է ՀԱԿ-ին: Իսկ այս անգամ արդեն, թերթի տեղեկություններով, ՍԴՀԿ-ից անջատված կառույցն ինքն է դիմել իշխանությունների օգնությանը, որպեսզի դատարանը վճիռն իրենց օգտին կայացնի: Իսկ քանի որ իշխանություններն արդեն հասել են իրենց նպատակին ու պառակտել են այդ կուսակցությունը, օգնելու համար կոնկրետ պահանջներ են ներկայացրել` բացահայտ քննադատել և մեղադրել ՀԱԿ-ին: Ինչն արդեն և անում են այդ կառույցի անդամները: Խոշտանգողները չխոշտանգման հարցեր են քննարկում Արդեն մի քանի օր է, ինչ Երևանում է Եվրոպայի խորհրդի խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստեցնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի (CPT) պատվիարկություն` կոմիտեի նախագահ Մաուրո Պալմայի գլխավորությամբ: Հիշեցնենք, որ «Առավոտի» տեղեկություններով, CPT-ի հերթական այցի ընթացքում Հայաստանի վերաբերյալ նոր զեկույց է նախապատրաստվելու: Երեկ  պատվիարկությունը հանդիպել է ՀՀ գլխավոր դատախազի հետ, ու այդ հանդիպմանը մասնակցել է ՀՔԾ պետ Անդրանիկ Միրզոյանը, ով ևս մեղադրվում է «Մարտի 1»-ի գործով նախկին քաղբանտարկյալ Քրիստափոր Էլազյանին խոշտանգելու մեջ: Փոփոխություն ԵԱՀկ-ի  ֆորմատում Հայաստանում Ֆրանսիայի  դեսպան Սերժ Սեմեսովը կարող է փոխարինել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Բեռնար Ֆասյեին: Չնայած Ֆրանսիայի դեսպանատնից հերքել են այդ լուրերը, այնուամենայնիվ, հավաստի աղբյուրների վկայությամբ` Սմեսոֆը պատրաստվում է միջնորդական առաքելությանը: Զրկել անձեռնմխելիությունից Այս օրերին խորհրդարանը  քննարկում է մի օրինագիծ, որը սահմանփակելու  է որոշ պաշտոնյաների անձեռնմխելիության  իրավունքը:  Ի՞նչ խնդիր է լուծելու այս օրենսդրական փոփոխությունը: Պատասխանելով «Հայոց Աշխարհ»-ի այս հարցին, Սամվել Նիկոյանը նշեց.«Օրենսդրական այս փոփոխությունների տրամաբանությունն այն է, որ անձեռնմխելիության իրավունքից լիարժեքորն պետք է այսուհետ օգտվեն միայն ժողովրդի քվեով ընտրված ու առաջնային մանդատ ստացած պաշտոնյաները` երկրի նախգահն ու ազգային ժողովի պատգամավորները: Այսինքն` այն անձինք, ովքեր քաղաքական գործունեություն են ծավալում և պետք է ունենան իրենց գաղափարներն ու մոտեցումենրը, ազատորեն արտահայտելու հնարավորություն և զերծ լինեն քաղաքական ճնշումներից: Առաջնային մանդատ չունեցող ու նշանակովի պաշտոններում աշխատող անձինք` դատախազները, քննիչները, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարները, ավագանու անդամները, նախագահի ու պատգամավորի թեկնածուները, ընտրական հանձնաժողովների անդամները, ըստ օրենսդրական այս փոփոխության տրամաբանության, անհրաժեշտ չէ, որ օժտված լինեն անձեռնմխելիության լրացուցիչ իրավասություններով: Բանն այն է, որ նման լիազորությունները բոլորովին  էլ չեն նպաստում, որ այս պաշտոնյաները լինեն առավել արդարամիտ կամ անկողմնակալ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter