HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արմավիրում շրջանավարտները պակասել են

Արմավիրի մարզում այս տարի վերջին զանգի արարողությունը տեղի կունենա մայիսի 21-22-ը: Մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանը «Հետքին» փոխանցեց, որ այս տարի մարզում շրջանավարտների թիվը նվազել է մոտ 500-ով: Նախորդ տարի դպրոցն ավարտել է մոտ 4400 շրջանավարտ, իսկ այս տարի` 3900: Գ. Սայադյանի փոխանցմամբ, այս ուսումնական տարում կենտրոնացված քննություն հանձնելու հայտ է ներկայացրել 1405 աշակերտ, որոնցից 200-ը նախորդ տարիների աշակերտներ են: Վարչության պետի ասելով, այս տարի վերջին զանգի արարողություններ չեն լինի, այլ կլինի վերջին դաս եւ բեմական միջոցառումներ դպրոցում: «Քաղաքապետերը կարծես թե քաղաքներում ուզում են այլ կերպ նշել, բայց առայժմ տեղեկություններ չեն տրամադրել, թե ինչպես»,-նշեց Գ. Սայադյանը: Քանի որ ավանդույթ է դարձել, որ վերջին զանգի արարողություններին դպրոցների տնօրեններին եւ ուսուցիչներին շրջանավարտները նվերներ են գնում, Գայանե Սայադյանից հետաքրքրվեցինք, թե ինչ քայլեր են ձեռնարկվում դրամահավաքությունը բացառելու նպատակով: «Դպրոցի տնօրեններին խիստ հրահանգված է, որ դրամահավաքություն չանեն: Բայց հաճախ ծնողներն են կազմակերպում, եւ մենք ոչինչ չենք կարողանում անել: Եթե դպրոցի տնօրենը դրան մասնակցի` խիստ կպատժվի»,-ավելացրեց վարչության պետը: Ինչքան էլ բացառվի դրամահավաքությունը, այնուամենայնիվ շրջանավարտները դրամ հավաքում են: Նշենք, որ միայն բեմական միջոցառման երաժշտական մասն ապահովելու համար աշակերտները հավաքում են 100 հազար դրամ, իսկ թե «այլ ծախսերի» համար ինչքան կհավաքեն, դա էլ կախված է դասղեկների խղճից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter