Տիգրան Սարգսյան. «Հակաճգնաժամային մեր միջոցառումները տվել են դրական արդյունք»
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ներածական խոսքը կառավարության նիստի ժամանակ
Մեր տնտեսական թիմով փորձեցինք ամփոփել տնտեսության զարգացման արդյունքները եւ մեր հակաճգնաժամային միջոցառումների արդյունավետությունը, եւ դա ստիպում է մեզ վերանայել մակրոտնտեսական կանխատեսումները 2010 թ. համար։ Արդեն իսկ ակնհայտ է, որ հակաճգնաժամային մեր միջոցառումները տվել են դրական արդյունք, եւ տնտեսական աճն արդյունաբերությունում բավական մեծ թափ է ստանում։ Մենք պետք է հետեւողական շարունակենք մեր աշխատանքներն այս ուղղությամբ եւ ավելի շատ պետք է արդեն կենտրոնանանք 2011 թ. տնտեսական աճի վրա` ինչպիսի միջոցառումներ պետք է իրականացնենք, որպեսզի 2011-2012 թթ. այս աճի բարձր տեմպերը կարողանանք պահպանել։
Դրա համար պետք է հետեւողական լինենք։ Չափազանց կարեւոր է հետեւողականությունը մեր բոլոր նախաձեռնություններում։
Այս շաբաթ ես այցելեցի «Բիոկաթ» ձեռնարկություն, որն օպերատիվ շտաբի կողմից աջակցություն էր ստացել։ Հակաճգնաժամային օպերատիվ շտաբի որոշմամբ մենք 120 միլիոն դրամ ենք տրամադրել այդ ձեռնարկությանը։ Արդյունքում այսօր այդ ձեռնարկությունում աշխատում է 40 հոգի, ձեռնարկությունը կայուն ձեւով ձեռք է բերում գյուղացիական տնտեսություններից կաթ եւ արտադրում է որակյալ կաթնամթերք։ Մի կողմից` մենք ապահովում ենք կաթի կայուն գնում, մյուս կողմից` մրցակցություն կաթնամթերքների շուկայում, որովհետեւ «Բիոկաթ»-ի արտադրանքն իր որակային հատկանիշներով միանգամից զբաղեցրեց իր ուրույն տեղը շուկայում։
Նաեւ աշխատատեղերի աճ է տեղի ունենալու այդ ձեռնարկությունում։ Հետեւողականություն նշանակում է, այն, որ ինչպես անցած տարի հայտարարեցինք` օպերատիվ շտաբի բոլոր որոշումները պետք է լինեն հրապարակային։
Դրանք տեղադրված են կառավարության կայքում, եւ մեր նպատակն է, որպեսզի հասարակությունը եւս հնարավորություն ունենա վերահսկելու` ինչպես են ծախսվում այս միջոցները եւ արդյոք ծառայում են իրենց բուն նպատակին, թե ոչ։ Եվ մենք պարբերաբար հետեւողականորեն հաշվետվություն ենք տալու հասարակությանը, թե այդ միջոցներն ինչպես են ծախսվում, ինչպես են ծառայում իրենց բուն նպատակին։ Մենք չպետք է վախենանք այն պրոբլեմներից, որոնք առկա են, եւ եթե ինքներս ենք առաջին հերթին բացահայտելու պրոբլեմները, ապա ինքներս էլ բաց եւ թափանցիկ խոսելու ենք մեր բացթողումների, թերացումների մասին։ Բայց միեւնույն ժամանակ պետք է հետեւողական լինենք։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել