«Պետք չէ մեզ խղճալ, օրենքը հարգեք»
«Բարսեղ Բեգլարյանը հարցազրույց էր տվել, որտեղ ասում էր, որ մեր երկրում գործում է խնամի-ծանոթ-բարեկամ տարբերակը, որից տուժում է մեր հասարակությունը, բայց նա մոռացել է նշել քավոր-սանիկ տարբերակը, որովհետեւ Սերժ Սարգսյանը նրա որդիների քավորն է, այդ պատճառով էլ Հայկ Բեգլարյանը փորձում է խլել մեր տունը»,- ասում է Բուզանդ 83 հասցեի բնակիչ Նունե Համբարձումյանը:
Բուզանդ 83 հասցեն ճանաչվել է «հանրային գերակա շահ» եւ վաճառել է «Ֆլեշ» ՍՊԸ-ի տնօրեն Բարսեղ Բեգլարյանի որդուն` Հայկ Բեգլարյանին: Վերջինս էլ այդտեղ բնակվող 3 ընտանիքներին 145 հա տարածքի դիմաց առաջարկել է ընդամենը 85 հազար ԱՄՆ դոլար փոխհատուցում:
«Բարսեղ Բեգլարյանն ասում է, թե ինքն ուզում է, որ Հայաստանում բարեպաշտ սերունդ լինի, իսկ որտե՞ղ է այդ բարեպաշտ սերունդը ձեւավորվելու, փողոցո՞ւմ, նրանք 4 երեխաների արդեն իսկ զրկել են տնից, իսկ իմ երկու անչափահաս աղջիկները վախի մեջ են ապրում, թե իրենց հետ կարող է նույնը կատարվել»,- նշում է Նունե Համբարձումյանը:
Նրա տան գործը գտնվում է Վարչական դատարանում, գործի քննության ընթացքում քաղաքապետարանը մեկը մյուսի հետեւից որոշումներ է ներկայացնում Բուզանդ 83 հասցեի վերաբերյալ:
2010 թվականի հունվարին կայացրած որոշման համաձայն` Բուզանդ 83 հասցեն ճանաչվել է քաղաքապետարանի սեփականություն: Քաղաքապետարանի ներկայացուցիչը դատարանին է ներկայացրել Ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետ Լալայանցի մասնագիտական եզրակացությունը, որտեղ Բուզանդ 83 հասցեի կառույցն իրականացնող նշված է Նունե Համբարձումյանի անունը, մինչդեռ այս տունը կառուցվել է 1915-1970 թվականներին, իսկ Համբարձումյանը հաշվառվել է այստեղ 90-ականների սկզբից:
Փաստաբան Էդգար Բադեմյանը նշեց, որ քաղաքացիները թեեւ դժվարին կացության մեջ են հայտնվել, բայց այնուամենայնիվ, պայքարելու են մինչեւ վերջ իրենց տան դիմաց արժանի փոխհատուցում ստանալու համար. «Պետք չէ մեզ խղճալ, օրենքը հարգեք: Ըստ օրենքի` այս տունը պատկանում է Նունե Համբարձումյանի ընտանիքին, եւ նրանք առանց փոխհատուցման դա չեն զիջի Հայկ Բեգլարյանին»:
Իսկ «Պետական կարիքների զոհեր» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Բաղդասարյանն այսօր «Ուրբաթ» ակումբում ասաց, թե Համբարձումյանի ընտանիքի հետ շարունակվում են այն գործողությունները, որոնք սկսվել են դեռեւս Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք` Հյուսիսային պողոտայի եւ Բուզանդ փողոցի բնակիչների նկատմամբ:
Քաղաքացիներից մոտ 25-ի գործերը գտնվում են Եվրոպական դատարանում: «Եթե Ցեղասպանությունը թուրքերն են իրականացրել, ապա այժմ մեր տներից մեզ վտարում են հայերը, տարբերությունն այն է, որ մեր պաշտոնյաները փողկապ եւ թանկարժեք կոստյում են կրում»,- ասաց Սեդրակ Բաղդասարյանը:
Նունե Համբարձումյանն էլ նշեց, որ թեեւ ինքն իր հայրենի հողի վրա է ապրում, սակայն իրեն պաշտպանված չի զգում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել