HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանը հետաքրքրված է Արգենտինայի հետ հարաբերությունների զարգացմամբ

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Արգենտինյան Հանրապետության նորանշանակ դեսպան Միգել Անխել Կունեոն: Հանրապետության նախագահը շնորհավորել է դեսպան Կունեոյին պաշտոնն ստանձնելու առթիվ եւ ասել, որ Հայաստանը կարեւորում է Արգենտինայի հետ հարաբերությունները եւ հետաքրքրված է դրանց հետագա զարգացմամբ: Նշելով, որ Հայաստանը Հարավային Ամերիկայում առաջին դեսպանությունը հիմնել է Արգենտինայում`  Սերժ Սարգսյանը գոհունակությամբ ընդգծել է, որ երկկողմ հարաբերությունները զարգանում են վստահության մթնոլորտում:  Նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ նորանշանակ դեսպանը  զգալի ներդրում կունենա փոխգործակցությունն առավել ամրապնդելու գործում եւ վստահեցրել է, որ առաքելության ընթացքում նա ամենայն աջակցություն կստանա Հայաստանի պետական մարմինների կողմից: Դեսպան  Միգել Անխել Կունեոն ասել է, որ իր երկիրը մեծ նշանակություն է տալիս Հայաստանի հետ համակողմանի հարաբերությունների խորացմանը, ինչի վկայությունն է տարածաշրջանում առաջին դեսպանության հիմնումը Երեւանում, որի պաշտոնական բացումը տեղի կունենա մայիսի 21-ին` Արգենտինայի արտգործնախարար Խորխե Տայանայի մասնակցությամբ: Դեսպանը նաեւ տեղեկացրել է, որ եղել է հայ-արգենտինյան հարաբերությունների ակունքներում եւ 1992թվականին իր մասնակցությունն է ունեցել Արգենտինայի ու Հայաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրության մշակմանը, որի իրականացնողն է այսօր: Նախագահ Սարգսյանն ու դեսպան Կունեոն հայ-արգենտինյան համագործակցության ընդլայնման առաջնային խնդիր են համարել տնտեսական ակտիվության խթանումը: Կողմերը նշել են, որ երկկողմ իրավապայմանագրային դաշտը բավականին ընդգրկուն է, ինչը  տնտեսական համագործակցությունն առաջ մղելու լավ հիմք է: Զրուցակիցներն ընդգծել են արգենտինահայ համայնքի ներդրումը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում` ասելով, որ համայնքը  յուրօրինակ կամրջի դեր է կատարում Հայաստանի եւ Արգենտինայի միջեւ: Նշվել է նաեւ, որ տեղի հայերն ակտիվորեն ներգրավված են հասարակական կյանքի տարբեր ոլորտներում, եւ նրանցից շատերը մեծ հաջողությունների են հասել: Անդրադառնալով բազմակողմ ձեւաչափերում համագործակցությանը` նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել Արգենտինայի հավասարակշիռ մոտեցումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter