Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Պատրիկ Դեւեջյանին
Այսօր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ֆրանսիայի Տնտեսական վերելքի նախարար, Օ-դը-Սեն դեպարտամենտի Գլխավոր խորհրդի նախագահ Պատրիկ Դեւեջյանին: Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը գոհունակություն հայտնեց Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ առկա բարձր մակարդակի բարեկամական հարաբերությունների կապակցությամբ եւ կարեւորեց Պատրիկ Դեւեջյանի անձնական կարեւոր ներդրումը այդ հարաբերությունների ամրապնդման եւ խորացման գործում:
Պատրիկ Դեւեջյանի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է գտնվում իր ղեկավարած Օ-դը-Սեն դեպարտամենտի կողմից Տավուշի մարզի զարգացմանն աջակցող ծրագրերի իրականացման շրջանակներում: Ֆրանսիայի Օ-դը-Սեն դեպարտամենտի խորհուրդը 2008 թ. սկսել է Տավուշի մարզի գյուղատնտեսական ենթակառուցվածքների արդիականացմանն ուղղված ծրագրերի իրականացումը:
Նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի հովանու ներքո իրականացվող ծրագրերին Պատրիկ Դեւեջյանի ղեկավարած դեպարտամենտի մասնակցության համար` ընդգծելով, որ դա հայ-ֆրանսիական օրեցօր ընդլայնվող համագործակցության եւս մեկ վկայություն է:
Երկուստեք գոհունակությամբ նշվեց, որ միջպետականին զուգահեռ, ակտիվորեն զարգանում է նաեւ ապակենտրոնացված համագործակցությունը, ինչի վկայությունն են մշտական փոխայցելությունները եւ իրականացվող համատեղ ծրագրերը: Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապ վարչությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել