HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

«Հայերենը կդառնա ռամիկների լեզու»

Ըստ Հ.Բալանյանի` օտարալեզու դպրոցների հիմնական նպատակը հասարակ մահկանացուների մուտքը իշխանություն բացառելն է «Յուրաքանչյուր որոշում, ի վերջո, քաղաքական է: Եթե քաղաքական է, ուրեմն պետք է հասկանալ` շահը որն է: Շահը հետևյալն է, որ զանգվածների ուղղահայաց շարժունակությունը, երբ մարդը կարողանում է սոցիալական վերելակով ներքևից բարձրանալ վերև, պետք է կանգնեցնել: Ու դա կանգնեցվում է այս մեթոդով»,- այսօր կազմակերպված մամուլի ասուլիսին ասաց «Սարդարապատ» նախաձեռնող խմբի անդամ Հայկ Բալանյանը` մեկնաբանելով օտարալեզու էլիտար դպրոցներ բացելու կառավարության նախաձեռնությունը: Նրա համոզմամբ` եթե «էլիտար» բառը դարձնենք «վերնախավային», ապա ամեն ինչ պարզ կդառնա: Հայաստանում վերնախավային դպրոցներն արդեն իսկ փաստ են. կան վճարովի և հեղինակավոր դպրոցներ, որտեղ սովորում են մեծահարուստների երեխաները: Այս դպրոցներն արդեն իսկ վերնախավին ապահովում են որոշակի առավելություններով, քանի որ ավելի բարձր որակի կրթություն են տալիս: «Սակայն սոցիալական ուղղահայաց շարժունակությունը էլ ավելի դժվարացնելու համար դա բավարար չհամարվեց: Խնդիրն այն է, որ իսպառ բացառվի որևէ հնարավորություն, որ սովորական մահկանացուն, օրինակ` մեր երեխաները, կարողանան դառնալ վերնախավի մաս: Մի մեթոդը նա էր, որ նրանք մասնավոր կրթական համակարգի միջոցով ստանան ավելի որակյալ կրթություն, բայց դա բավարար չհամարվեց, որովհետև մեր վերնախավի երեխաները հիմնականում կրթությունը ստանում են ակումբներում: Որպեսզի այդ արհեստական արգելանքը ևս ամրապնդվի, և, այսպես կոչված, վերնախավը կարողանա բյուրեղանալ, ամրապնդել իր դիրքերը, որոշեցին այս մեխանիզմը կիրառել և որպես մի հավելյալ լուծում` որոշվեց, որ լեզվական խոչընդոտ պետք է ապահովվի: Հայերենը կդառնա ռամիկների լեզու: Հիմնական որոշումը, անկասկած, վերնախավային է, բխում է էլիտայի շահերից»,- ասաց Հայկ Բալանյանը: Նա նշեց, որ ԽՍՀՄ ժամանակ կային կոմսոմոլներ և բարձրագույն պարտիական դպրոց, սակայն այդ համակարգն այսօր չի աշխատում, մեծահարուստների երեխաներն էլ գիշերային ակումբներից դուրս չեն գալիս, Օքսֆորդում կամ Հարվարդում իրենց ուսումը չեն շարունակում` չնայած փող ունեն: Հետևաբար, մնում էր ստեղծել մի արհեստական համակարգ, որի առկայության պայմաններում ռամիկների լեզվով` հայերենով խոսող ռամիկների երեխաները չեն կարողանա դառնալ վերնախավի մաս: Նրանց կներկայացվի հետևյալ հիմնավորումը. «Դուք լեզվի չեք տիրապետում, հետևաբար, օրինակ, տնտեսագիտության կամ իրավաբանության ֆակուլտետ չեք կարող ընդունվել»: Հայկ Բալանյանի համոզմամբ` այդ լեզվական խոչընդոտի հետևանքը կլինի այն, որ օտար պետությունները Հայաստանում կսկսեն իրենց հավատարիմ վերնախավերի ստեղծման մրցավազք, և իրենց կենթարկեն Հայաստանի ապագա իշխանություններին: Հայաստանի վերնախավը կկտրվի սեփական ժողովրդից ու հայկականությունից, իսկ ժողովրդի լայն զանգվածները` իշխանությունից: Հայերենը կդառնա ռամիկների լեզու, իսկ վերնախավը կխոսի այլ լեզուներով: «Ի միջի այլոց, պրն Աշոտյանը մի հետաքրքիր բան ասաց: Այն հարցին, թե դուք ձեր երեխային ո՞ր դպրոցն եք տալու, ասաց. «Կնոջս հետ կխորհրդակցեմ, թե որ լեզվով դպրոց»: Այսինքն` հիմա իսկ պարզ է, որ խոսքը ոչ թե Ռուբեն Վարդանյանի ռուսական դպրոցի մասին է, այլ արդեն պլանավորված է, որ հաջորդը պիտի լինի անգլիական, ֆրանսիական»,- ասաց Հայկ Բալանյանը: Օրինակ` աֆրիկայն որոշ երկրներում կենցաղային լեզվին զուգահեռ` կա պետական լեզու` անգլերեն կամ ֆրանսերեն` պայմանավորված նրանով, թե այդ աֆրիկյան երկիրը եղել է Ֆրանսիայի՞, թե՞ Անգլիայի գաղութը: Մոզամբիկում կամ Ուգանդայում անգլերեն կամ ֆրանսերեն չիմացողը բարձրագույն կրթություն չի կարող ստանալ: Նույնը կկատարվի նաև Հայաստանում: Մինչդեռ ՀՀ Սահմանադրությամը ամրագրված է, որ ՀՀ-ում պետական լեզուն հայերեն է: Եթե երկրում պետական կառավարումը, քաղաքականությունը, տնտեսագիտությունը, հետևաբար և տնտեսությունը հայերենով չեն վարվում, սա նշանակում է, որ հայերենը պետական լեզու չէ: «Այ, այդ ազգային փոքրամասնության հոգեբանությունը ինչի է բերում: Ընդհանուր առմամբ, ես կարծում եմ, որ մեր վերնախավի մեծ մասը այդքան բանը, իհարկե, չի հաշվարկել. իրենք բնազդներով են առաջնորդվում, որ «ո՞նց կլինի, որ իմ երեխան Պուշկին չավարտի, հետո պիտի պարտադիր իրավաբանականում սովորի, ո՞նց կլինի ինչ-որ ռամիկների հետ սովորի»: Պետք է արգելանք դնել: Արգելանքի մեթոդը ընտրվեց»,- ասաց Հայկ Բալանյանը: Բանախոսը միաժամանակ նշեց, որ միայն կողջուներ, եթե նախատեսվեր ստեղծել ոչ թե վերնախավային, այլ պետական մասնագիտացված որակյալ դպրոցներ (մաթեմտիկական, լեզվաբանական…), որտեղ կկարողանար սովորել յուրաքանչուր տաղանդավոր երեխա: Նա կողմ է, որ հայ երեխաները սովորեն թուրքերեն, օսմաներեն (որի մասնագետներն այսօր չկան), գրաբար, արևմտահայերեն: Սակայն այս խնդիրները թողած` իշխանությունը որոշել է, որ վերնախավային դպրոցները պետք է լինեն վճարովի և հասանելի միայն հարուստների համար: «Այսինքն` ունեցվածքային արգելանքի վրա է դա կառուցված: Այս տեսակետից կարող ենք ասել, որ մենք ունենք մի լավ օրինակ` մեզ նման ճակատագրով մի երկիր` Իսրայելը, որը զրոյից եբրայերենը վերականգնեց. մահացած լեզու էր: Եվ մենք հիմա տեսնում ենք, որ Հայաստանում փորձում են հայերենը դարձնել մահացած լեզու»,- ասաց Հայկ Բալանյանը: Նա նշեց, որ որպեսզի մշակույթը ապրի, այն պետք է անընդհատ արտադրանք տա: Արդյոք օտարալեզու դպրոցներ բացվելու և կայանալու դեպքում Հայաստանում լինելո՞ւ են մաթեմատիկոսներ, ֆիզիկոսներ, քիմիկոսներ, որոնք հայերենով են գիրք գրելու: «Այդ մարդը թող չինարեն էլ անցնի: Բայց ինքը ի՞նչ իրավունք ունի մաթեմատիկան անցնել օտար լեզվով, որովհետև եթե ինքը դառնա լավ մաթեմատիկոս, ինքը հարստացնելու է ռուսական մաթեմատիկական դպրոցը: Չինգիզ Այթմատովը ռուսական գրականությունն է հարստացրել: Ասենք, մեծահարուստների երեխաները գնացին, կրթվեցին Հոլիվուդում, Լոնդոնում կամ Փարիզում, եկան Հայաստան, հարց է առաջանում` իրենք ի՞նչ մշակույթ են արտադրելու այստեղ: Ինքը ի՞նչ երգ է երգելու, ինչերե՞ն: Հայերե՞ն»,- ասաց բանախոսը: Հայկ Բալանյանն ինքը ռուսական կրթություն ունի, հայերեն խոսում է լավ, բայց գրում է ռուսերեն: Մի քանի հարյուր հոդված է ռուսերենով գրել և համարում է, որ դրանք հայ մշակույթի համար կորած են: «Հիմնականում ես գրում եմ քաղաքականություն մասին: Չգիտեմ` դա արժեք ունի՞, թե՞ չէ (միգուցե ոչ մի արժեք չունի), բայց եթե նույնիսկ ունենար, ինքը հայ մշակույթի համար գնալու է կորի»,- ասաց նա: Նա նաև տրամաբանություն չի գտել այն պնդման մեջ, թե «հայերենով չես կարող ծանոթանալ համաշխարհային գրականությանը, տեխնիկային, գիտությանը, և օտարալեզու դպրոցները կլուծեն այս խնդիրը»: «Հարց է առաջանում` իսկ ինչո՞ւ եք դուք որոշել, որ միայն ձեր երեխաները դրանց պետք է ծանոթանան վճարովի»,- ասաց Հայկ Բալանյանը: Նրա համոզմամբ` Թարգմանչաց տոնը շատ լավ է բնորոշում հայ ազգին: Դեռևս 5-րդ դարում մարդիկ, ովքեր ունեցել են հայկական կրթություն և զուգահեռաբար տիրապետել են հին հունարենի, լատիներենի, արամեերենի և այլն, սկսել են այլ լեզուներից թարգմանություններ անել հայերեն: «Այն ժամանակից ի վեր, երբ մեր վերնախավը Թարգմանչաց տոնը մոռացավ և սկսեց խոսել օտար լեզվով (պարսկերեն, հունարեն, ռուսերեն, թուրքերեն, օսմաներեն, ֆրանսերեն, լեհերեն), հայկական պետականության խնդիրները սկսվեցին, մենք կորցրինք պետականությունը, որովհետև այդ լեզվամտածողությունը բերում է ազգային փոքրամասնությունների հոգեբանության: Ես ռուսական կրթություն ունեմ և այդ երկփեղկվածությունը շատ լավ զգում եմ: Դու կապված ես այլ մշակույթի, այլ բանի հետ: Այդ հակումները մեծագույն սպի են թողնում մարդու մտածողության վրա»,- ասաց Հայկ Բալանյանը: Նա համոզված է, որ եթե Հայաստանում բացվի մեկ ռուսական դպրոց, ապա հաջորդը իրանցիները կասեն. «30.000 իրանցի ունենք Հայաստանում, մեզ հետ էլ առևտուր եք անում, ռազմավարական գործընկեր եք: Մի հատ էլ իրանական դպրոց բացեք»: Այնուհետև ֆրանսիական լեզվամտածողություն ունեցող, ֆրանսիական մշակույթը սիրող մարդիկ կգան և կասեն. «Մեր ռազմավարական գործընկերը Ռուսաստանը չէ, Ամերիկան չէ, Իրանը չէ, այլ Ֆրանսիան է, եկեք ֆրանսիական դպրոց բացենք»: «Հաջորդ օրը զանգելու են ԱՄՆ-ից, «Բա, մենք էլ քեզ ամեն տարի 60 մլն դոլար փող ենք տալիս, վարկեր ես վերցնում Համաշխարհային բանկից: Մենք էլ պիտի դպրոց բացենք»: Մարդը գնում է, ամբողջ աշխարհով մեկ վարկեր է ուզում: Այդ Պանդորայի արկղը բացելով` մենք երկիրը դարձնում ենք օտար ուժերի թատերաբեմ: Մարդ կա, որ հենց հիմա իր աղջկան տվել է մասնավոր թուրքերեն պարապելու: Ասում է` «Դե, շուտով սահմանը կբացվի, առևտուր է, աղջիկս բիզբնեսով կզբաղվի»,- ասաց Հայկ Բալանյանը: Նրա կարծիքով` օտարալեզու դպրոցներ բացելու կառավարության նախաձեռնությունը նաև քաղաքական այլ հետաքրքրություններ է հետապնդում: Օրինակ` այս թեմայով քննարկումների խայծը բացահայտեց բոլոր այն նրանց, ովքեր դեռ դիմադրում են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter