HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մամուլի տեսություն

Վտանգներ, որոնց մասին լռում են «Հրապարակի» տեղեկություններով` իշխանությունները մտադիր են ԱԼՄ հեռուստաընկերությունը կապուղիների առաջիկա մրցույթին վերցնել Տիգրան Կարապետյանի ձեռքից և տալ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին: Այնպես որ, Տիգրան Կարապետյանի նախօրեին խոստացած բացահայտումները, թե` ես պատռելու եմ ոմանց դիմակները, երևի նաև այս մասով է լինելու: Ինչ վերաբերում է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի փոփոխությունների մասին օրինագծին, որը երեկ առաջին ընթերցմամբ ընդունվեց խորհրդարանի կողմից, ապա այն պարունակում է այնպիսի վտանգներ, որոնց մասին տեղեկացված են միայն նեղ մասնագիտական շրջանակները: Մասնավորապես այն, որ պետության կողմից նշանակված պրովայդերը, որը հետագայում բնակչությանը պետք է վաճառի հեռուստաալիքների արտադրանքը, հանկարծ կարող է հայտարարել, որ այս կամ այն հեռուստաալիքը, որին, ըստ պրովայդերի մատուցման, քիչ են նայում, փչացնում է իր փաթեթը: Ուստի եթե նա մտնի այդ փաթեթի մեջ, ապա դիտողականությունը կընկնի և հետևաբար` նաև պրովայդերի եկամուտները, հետևաբար` ինքը հրաժարվում է հեռարձակելուց: Այս դրույթի դեմ որևէ սահմանափակումներ օրենքի այս նախագծում չկան: Չի բացառվում, որ եթե օրինակ` ինչ-որ մի հրաշքով «Ա1+»-ին այս անգամ կապուղի ապահովվի, իշխանությունները նրանից ազատվեն այս եղանակով: Պատճառը կրթությունը չէր «Ձեզ թվում է` ես ռուսական կրթությամբ ինչ-որ բանի հասել եմ, հիմա ճանապարհը փակո՞ւմ եմ: Ինչի՞ եմ հասել: Լևոն Տեր-Պետրոսյանը հայկական դպրոց է ավարտել` նախագահ է դարձել, Սերժ Սարգսյանը հայկական դպրոց է ավարտել` նախագահ է դարձել...»,- հայտարարել է Վազգեն Մանուկյանը: «ՉԻ» - Բրավո: Վերջապես Վազգեն Մանուկյանը սկսում է «տարիների հետևից» ավելի սթափ գնահատել անցյալը: Հիմա «պարզվում է», որ Տեր-Պետրոսյանը նախագահ է դարձել ոչ թե «ընտրակեղծիքների արդյունքում» (ինչպես տարիներ շարունակ պնդում էր նույն Վազգեն Մանուկյանը), այլ հայկական կրթության շնորհիվ: Իրականում կրթությունն այստեղ, իհարկե, առանձնապես մեծ նշանակություն չունի, բայց խնդիրը դա չէ: Ուշադրություն դարձրեք` պրն Մանուկյանը Ռոբերտ Քոչարյանի մասին ոչինչ չի ասում: Եվ, մեր մեջ ասած, ճիշտ էլ անում է: Խոսքն, ի վերջո, կրթություն ստանալու (և ոչ թե դպրոց հաճախելու) մասին է, իսկ կոնկրետ Ռոբերտ Քոչարյանի դեպքում բացարձակապես որևէ նշանակություն չունի, թե ինչ դպրոց է հաճախել նա (եթե ընդհանրապես հաճախել է): Իսկ Վազգեն Մանուկյանն, ի դեպ, «ինչ-որ բանի» լավ էլ հասել է: Մարդը պաշտպանության նախարար էլ է եղել, վարչապետ էլ: Ո՞վ է մեղավոր, որ ամբողջ կյանքում «սևեռվել էր» նախագահ դառնալու գաղափարի վրա: Ո՞վ է հրամայել Այլևս ակնհայտ է, որ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանին հրահանգվել է արագ ավարտել Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների` ՀՔԾ-ի և ՀՀ գլխավոր դատախազության դեմ ներկայացված գործերով դատերը: «Ես երկու հարցի պատասխան եմ ուզում ստանալ, ո՞վ է իմ որդուն տարել, կանգնեցրել Լեո փողոցում, ո՞ւմ հրամանով է զորքը հայտնվել քաղաքի կենտրոնում և ի՞նչ հեռավորությունից են կրակել իմ որդու վրա»: Այս հարցադրումների հեղինակը Մարտի 1-ի տասը զոհերից ՀՀ ՈԶ զինծառայող Տիգրան Աբգարյանի մայրը` Ռուզաննա Հարությունյանն է, ով այդ կերպ է իր դժգոհությունը հայտնել նշված դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանի գործողությունների դեմ, ով ակնհայտ արագացված դատն ավարտել է և գնացել վճիռ կայացնելու: Վճիռը կհրապարակվի հունիսի 2-ին: «Սուր, բայց թերի» «Արևմտյան սպառողական քաղաքականությունը, որը խժռել է եվրոպական քաղաքակրթությունը, դեռ շատ դժբախությունների առաջ կկանգնեցնի մարդկությանը»,- «Առավոտին» ասաց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը: Հարցին` կիսո՞ւմ եք արդյոք եվրոպացի բարձրաստիճան այրերին ուղղված ՀՀ առաջին նախագահի քննադատությունը, պատասխանեց. «Ես կարծում եմ, որ քննադատությունը բավականին սուր էր, բայց շատ թերի, որովհետև բացերն իրականում շատ ավելի շատ են: Բոլոր տեղերում Արևմուտքը տապալվում է, բացի Հայաստանից, որովհետև այստեղ փողի համար կռիվ սկսած մարդիկ մտածում են, թե փողը հավերժ լինելու է աստված, և աստծո շնորհ փողն էլ գալու է Արևմուտքից: Կոպիտ սխալ են կատարում»: Աղթամարի Սբ Խաչ եկեղեցին քանդվելուց փրկվել է 1951-ի հունիսի 25-ին Վերջին շրջանում թուրքական մամուլը հաճախակի է հրապարակում Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցուն առնչվող նյութեր` կապված սեպտեմբերի 12-ին նախատեսված պատարագի մատուցումը հանրաքվեի պատճառով մեկ շաբաթ` մինչև սեպտեմբերի 19 հետաձգելու նահանգապետարանի որոշման հետ: «Ազգը» տեղեկացրել էր այդ մասին: Նույն օրը թուրքական «Զաման» թերթն էլ Հիլմի Յավուզի «Տպավորություններ Վանից» հոդվածով տեղեկացնում է, թե 1951-ին ովքեր ինչպես են փրկել Սուրբ Խաչը անխուսափելի քանդումից: Թող ձեր «վերջին զանգը» առաջիկա նվաճումների ազդանշան լինի Այսօր Հայաստանի դպրոցների ավարտական դասարանների տասնյակ հազարավոր աշակերտ-աշակերտուհիների համար կղողանջի «Վերջին զանգը»: Գրեթե յուրաքանչյուր մարդու համար դա մի այնպիսի իրադարձություն է, որ հետո հիշվում է ամբողջ կյանքի ընթացքում: Թերթի խմբագրությունը մաղթում է այս տարվա շրջանավարտներին այնպիսի «Վերջին զանգ», որ հնարավորինս երկար ու ամենակարևորը` ժպիտով հիշվի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter