HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

100 հազար դրամ տուգանք` «Yerevan City»-ին. իսկ ո՞վ էր կեղծել շիլաների ժամկետները

ՀՀ գյուղնախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տուգանք է նշանակել ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Yerevan City» սուպերմարկետների ցանցին` 100 հազար դրամ: Ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Բաբկեն Պիպոյանը «Հետքին» տեղեկացրեց, որ ստուգումների արդյունքում հայտնաբերել են 2 ապրանքատեսակի մակնշման հետ կապված խախտումներ` «Preston» տեսակի շիլաների և «Hintz» մանկական կերերի:  Սակայն ժամկետանց «Preston» շիլաներ չեն հայտնաբերվել:

«Հետքի» ընթերցողներին հիշեցնենք, որ քաղաքացի Տաթևիկ Ղարիբյանը Բագրատունյաց-Ծերեթելի փողոցների խաչմերուկում գտնվող «Yerevan City» սուպերմարկետից վարսակի շիլա էր գնել աղեստամոքսային խնդիրներ ունեցող և հիվանդանոցում գտնվող որդու համար, սակայն պիտանելիության ժամկետի տակ հայտնաբերել էր այլ` շուրջ 6 ամիս պիտանելիությունն անցած ժամկետը: Նրա ահազանգի հետքերով նույն սուպերմարկետից «Հետքն» էր վարսակի շիլաներ գնել` բացահայտելով շիլաների կեղծված ժամկետները: 

Այս ահազանգերից հետո գյուղնախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ստուգումներ էր սկսել, սակայն ժամկետանց շիլաներ չեն հայտնաբերվել, այլ ընդամենը մակնշման խախտումներ:

Բաբկեն Պիպոյանը հաստատեց, որ «Preston» շիլաները ներկրում է «Ալեքս Գրիգ» ընկերությունը: Իսկ ժամկետանց շիլաների հայտնաբերման օրը, երբ մենք զրուցում էինք «Yerevan City» սուպերմարկետների ցանցի տնօրեն Վահրամ Կիրակոսյանի հետ, վերջինս համոզում էր, որ ապրանքը պատահական քաղաքացուց էր գնել` ոմն Աշոտ Մնացականյանից, իսկ երբ խնդրեցինք սերտիֆիկատ ցույց տալ, որ համոզվենք, որ տնօրենը չի խաբում, բարկացավ և ընդհատեց զրույցը:

Սննդամթերթի անվտանգության պետական ծառայությունը, սակայն, պնդում է, որ լիազորություններ չունի նրանց տուգանելու քաղաքացու կամ «Հետքի» հայտնաբերած կեղծ ժամկետներով սնունդ վաճառելու համար: Բաբկեն Պիպոյանը դա բացատրում է նրանով, որ ծառայությունը պետք է հայտ ստանա, դրա հետևից գնա, իսկ հետին թվով եզրակացություններ անել չի կարող:

Այս պարագայում քաղաքացին պետք է դիմեր դատարան: Եթե քաղաքացին ապացուցեր դատարանում, որ ինքը գնել է տվյալ ապրանքը տվյալ օրը, տվյալ տեղից, միայն այդ դեպքում ծառայությունը կարող էր տուգանել խանութին:

Տաթևիկ Ղարիբյանը նախքան «Հետքին» ահազանգելը, վարսակի շիլաների ժամկետանց լինելու մասին ահազանգելը էր նաև ՀՀ գյուղնախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը: Սակայն ծառայությունը քաղաքացու զանգին անմիջապես չէր արձագանքել, չնայած Բ. Պիպոյանը վստահեցնում է, որ հաճախ իրենք զանգերով են գնում դեպքի վայր: «Այս անգամ ևս տեսուչները արձագանքելու էին, պարզպաես դուք ավելի արագ եք արձագանքել»,-ասաց Բ. Պիպոյանը:

Բ. Պիպոյան ավելացնում է, որ եթե նման դեպք է լինում, խանութում աղմուկ հանել պետք չէ, այլ միանգամից անհրաժեշտ է ահազանգել, որպեսզի տեսուչները գնան և տեղում արձանագրեն այդ խախտումը: «Եթե մենք մտնում ենք խանութ, խախտում չենք գտնում, մենք ոչ մի բան էլ չենք կարողանում անել»,- ասում է Բաբկեն Պիպոյանը:

Ստացվում է, որ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն այս հարցում անզոր է: Ուրեմն ո՞վ է պատասխանատվության ենթարկելու «Yerevan City»-ին ժամկետանց շիլաներ վաճառելու համար: Եվ վերջապես, եթե ներկողը Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ»-ն է, պարզ հարց է առաջանում` ո՞վ էր կեղծել շիլաների ժամկետները: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter