Հայաստանի եւ Արգենտինայի արտգործնախարարները հանդիպել են
Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր հանդիպել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Արգենտինայի արտաքին հարաբերությունների, առեւտրի եւ պաշտամունքի նախարար Խորխե Տայանային (Jorge Taiana):
ԱԳՆ մամլո ծառայության փոխանցմամբ` նախարար Նալբանդյանը արձանագրել է, որ հայ-արգենտինական հարաբերությունները նոր փուլ են թեւակոխում, դա է վկայում նախարար Խորխե Տայանայի մասնակցությամբ Հայաստանում Արգենտինայի դեսպանատան բացումը:
Է. Նալբանդյանը շնորհավորել է իր արգենտինացի գործընկերոջը Արգենտինայի անկախության 200-ամյակի, ինչպես նաեւ Երեւանում դեսպանության բացման կապակցությամբ` նշելով, որ Հայաստանը եւս իր առաջին դեսպանությունը Հարավային Ամերիկայում բացել է Արգենտինայում:
«Չնայած աշխարհագրական հեռավորությանը, մեր ժողովուրդներն առանձնահատուկ ջերմությամբ եւ համակրանքով են վերաբերվում միմյանց, ինչը պարտավորեցնում է գործուն քայլեր ձեռնարկել Հայաստանի եւ Արգենտինայի միջեւ հարաբերություններն առավել ամրապնդելու ու ընդլայնելու համար, խորացնելու համագործակցությունը միջազգային ասպարեզում» - ասել է Է. Նալբանդյանը:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել արգենտինահայ համայնքի դերակարատությունը երկկողմ հարաբերությունների ձեւավորման գործում: Է. Նալբանդյանը համոզմունք է հայտնել, որ Խորխե Տայանայի առաջին այցը Հայաստան եւս նոր լիցք կհաղորդի երկու բարեկամ երկրների արտաքին գերատեսչությունների գործակցության խորացմանն ու հարաբերությունների առավել ընդարձակմանը:
Նախարար Տայանան էլ իր հերթին նշել է, որ Արգենտինան մեծապես կարեւորում է բարեկամ Հայաստանի հետ բազմաբովանդական համագործակցության զարգացումը, ինչի վկայությունն է Հարավային Կովկասի տարածաշրջանում Արգենտինայի առաջին դեսպանության հիմնումը Երեւանում:
Էդվարդ Նալբանդյանն ու Խորխե Տայանան քննարկել են երկկողմ օրակարգում ընդգրկված հարցեր` նշելով, որ ձեւավորված իրավապայմանագրային դաշտն ամուր հիմք է բազմաթիվ ոլորտներում համագործակցություն ծավալելու համար:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել բարձր տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության խթանման, մշակութային համագործակցության ակտիվացման ուղիների, տնտեսական ճգնաժամի հետեւանքների հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի շուրջ:
Նախարարներն արձանագրել են, որ միջազգային կազմակերպություններում Հայաստանի եւ Արգենտինայի համագործակցությունը եւս բավական արդյունավետ է եւ հիմնված փոխադարձ աջակցության վրա:
Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ լատինաամերիկյան տարածաշրջանի խնդիրներին, Հայաստանի հարաբերություններին հարեւան երկրների հետ:
Արգենտինայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն այցելել է նաեւ Ծիծեռնակաբերդ, ուր ծաղկեպսակ դրել Մեծ Եղեռնի զոհերի հուշարձանին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել