HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Վերջին զանգի օրը աշխատանքից հեռացվել է Այգեշատի դպրոցի տնօրենը

Այսօր Արմավիրի մարզի Այգեշատ գյուղի դպրոցի վերջինզանգյան սցենարում քառատողեր կլինեն` նվիրված բոլոր ուսուցիչներին, բացի դպրոցի տնօրեն Ռուզաննա Գրիգորյանից: Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հրամանով` այսօր տնօրենն աշխատանքից ազատվել է: Մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանը «Հետքին» փոխանցեց, որ տնօրենն աշխատանքից ազատվել է, որովհետեւ շրջանավարտներից պահանջել է 15 000-ական դրամ: Դրամահավաքին ակտիվ մասնակցել է նաեւ տնօրենի դուստրը` Հասմիկ Եգորյանը, ով ավարտական դասարանի դասղեկն է: Դպրոցի աշակերտները եւ նրանց ծնողները դրամահավաքի կապակցությամբ զանգահարել են մարզպետարանի «թեժ գիծ», ինչից հետո Գ. Սայադյանը մեկնել է գյուղ: «Համոզվելով, որ ծնողների բողոքը ճիշտ է, մարզպետն անմիջապես ազատեց տնօրենին: Ոչ մի տնօրեն չի ներվելու դրամահավաք կազմակերպելու համար, որովհետեւ մարզպետն անձամբ է բոլորին զգուշացրել, որ այդ քայլին չդիմեն: Իրենց ցանկությամբ դրամ կարող են հավաքել ծնողները, բայց դրան չպետք է մասնակցեն ուսուցիչներն ու տնօրենները»,- ասաց վարչության պետը: Ըստ նրա` Ռուզաննա Գրիգորյանն ու Հասմիկ Եգորյանը աշակերտներից պարտադրաբար են գումարներ հավաքել, ասելով` ով գումար չտա, վերջին զանգին չի մասնակցի եւ այլն: Նրանք պատճառաբանել են, որ դրամահավաքն իրենք անձամբ են իրականացրել, որպեսզի ամեն ինչ ավելի կազմակերպված լինի: «Հետքի» հետ զրույցում Ռ. Գրիգորյանը հերքեց, որ իրեն աշխատանքից ազատել են: «Աշխատանքից ազատվելու դիմումը ես եմ գրել, քանի որ առողջական խնդիրներ ունեմ: Ինձ ոչ ոք չի ազատել, ու ես էլ գումար չեմ հավաքել: Գաղտնիք չէ, որ բոլոր դպրոցներում էլ գումարներ հավաքում են, ու ծնողների ուշքը գնում է ճոխ վերջին զանգ կազմակերպելու համար: Գումար հավաքում են ծնողները, ոչ ես, ոչ էլ իմ աղջիկը դրանց չենք մասնակցել»,- ավելացրեց Ռ. Գրիգորյանը: Մեր տեղեկություններով` աշխատանքից ազատվելու դիմում Հասմիկ Եգորյանը կներկայացնի առաջիկա օրերին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter