HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Գյուղերը հոսանքազրկվել են

Երեկվանից հոսանքազրկված են Արմավիրի մարզի Աղավնատուն, Ամբերդ, Լեռնամերձ, Ծաղկունք գյուղերն ու Էջմիածին քաղաքի 2 փողոցները: «Հայաստանի Էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի բաժանորդների աջակցման բաժնից Անահիտ Մնացականյանը «Հետքին» փոխանցեց, որ հոսանքազրկման պատճառը մեծ վթարն է, եւ մինչ հիմա մասնագետները պատճառը չեն գտել: «Այնտեղ մի ամբողջ բրիգադ է աշխատում, բայց վթարը չեն գտնում: Դրան խանգարում են նաեւ խոնավ եւ անձրեւոտ եղանակային պայմանները»,- ավելացրեց Ա. Մնացականյանը: Նրա ասելով` վթարի դեպքում օրենքով ընկերությունն իրավունք ունի բնակչությանը մինչեւ 16 ժամ զրկել հոսանքից, իսկ պլանային ստուգումների դեպքում` մինչեւ 5 ժամ: Նշենք, որ օրենքով սահմանված առավելագույն 16 ժամը վաղուց է լրացել, սակայն ընկերությունը 4 գյուղերի բնակչությանը էլեկտրաէներգիա չի մատակարարել` «վթարը չգտնելու» պատճառաբանությամբ: Նշված գյուղերի բնակիչները մի քանի ամիս է` հաշտվել են այն մտքի հետ, որ ձեռքի տակ պետք է մոմ ունենան, իսկ հոսանքի վրա հույս չդնեն, քանի որ հայտնի չէ, թե օրվա մեջ քանի ժամ էլեկտրաէներգիա կունենան:  Իսկ նման վթարներ հաճախակի են լինում, քանի որ մալուխներն արդեն մաշվել են եւ չեն դիմանում հզորությանը: Այս վիճակից տուժում են հատկապես խանութի տերերը: Ամբերդ գյուղի բնակիչ Արմենը խանութ ունի ու հոսանքազրկության պատճառով մեկ օրվա մեջ զգալի վնաս է կրել: Փչացել է սառնարաններում պահվող մսամթերքն ու պաղպաղակները: «Մեկ օր որ հոսանքի փողն ուշացնենք, անմիջապես լույսը կանջատեն, բայց ինձ որ ահռելի վնաս են պատճառում, ոչ մեկ դրա տերը չէ: Գնացեք, քաղաքացիներին ասեք, որ գյուղերում մութ ու ցուրտ տարիները հետ են եկել, թող չիմանան` գյուղերը զարգացել են»,- ասաց խանութի տերը: Աղավնատուն գյուղի խանութատերերից Հարութն էլ ասաց, որ վաղուց է, ինչ մատակարարվող էլեկտրաէներգիայի վրա հույս չի դնում, եւ արդեն պայմանավորվածություն ունի Էջմիածնի խանութ ունեցողների մեկի հետ ու վթարների դեպքում մսամթերքի եւ պաղպաղակի սառնարանները տեղափոխում է Էջմիածին: Թե, երբ կվերականգնվի 4 գյուղերի էլեկտրամատակարարումը, առայժմ հայտնի չէ, սակայն Անահիտ Մնացականյանը հավաստիացրեց, որ բնակիչներն այսօր լույս կունենան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter