HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Երբ գալիս է սեպտեմբերը». խորովածի փառատոն Ախթալայում

Լոռու մարզի Ախթալա քաղաքում սեպտեմբերի 18-ին տեղի ունեցավ երրորդ համահայկական խորովածի փառատոնը, որը նվիրված էր Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձին: Ի պատիվ ազգային տոնի՝ փառատոնին մասնակցող թիմերը խորոված պատրաստեցին 20 մետր երկարությամբ մանղալի վրա:

Փառատոնը, որ կազմակերպել էին Ախթալայի քաղաքապետարանը և «Հայ խոհարարական ավադույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ն, մասնակցեցին  ավելի քան 7 հազար մարդ: 

«Փառատոնին շրջանառվել է 800 կգ-ից մինչև 1տոննա միս»,- լրագրողներին հայտնեց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ի նախագահ Սեդրակ Մամուլյանը:  

Խորովածի փառատոնին մասնակցում էր Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրդը, աշխարհի ծանրամարտի բազմակի չեմպիոն Յուրի Սարգսյանը, հանրահայտ հայ ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը, Վրաստանի հանրահայտ ֆուտբոլիստներ Թենգիղ Խուլափվելիձեն և Օթար Գաբելիան և այլ պատվարժան հյուրեր: Ախթալայի քաղաքապետ Հայկ Խաչիկյանը նրանց հանձնեց հուշանվերներ:

Փառատոնին ներկա էին նաև «Ժառանգություն» կուսակցության ԱԺ պատգամավորներ Արմեն Մարտիրոսյանը և Անահիտ Բախշյանը, ինչպես նաև  ամենատարբեր երկրներից ժամանած զբոսաշրջիկներ: 

Փառատոնը կրում էր հայ-ռուսական կինոյի հանրհայտ ռեժիսոր Էդմոնդ Քյոսայանի «Երբ գալիս է սեպտեմբերը» ֆիլմի խորագիրը`ի պատիվ  ֆիլմի գլխավոր հերոս, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի կերտած կերպարի՝ թոշակառու Լևոն Պողոսյանի կողմից Մոսկվայում պատրաստած խորովածի, որը որպես հայկական բացառիկ ուտեստ, դերասանը հայկական սրտաբացությամբ հյուրասիրում է ռուս հարևաններին:

Միջոցառման խորագրին համապատասխան՝ Ախթալայի Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցի տանող ճանապարհին տեղադրվել էր Արմեն Ջիգարխանյանի արձանը՝ խորովածի շամփուրը ձեռքին, որը բացելու պատվին արժանացան Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը և բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանը: 

Քանդակի հեղինակն Ալավերդու պատկերասրահի տնօրեն, քանդակագործ Ռաֆայել Ջավախյանն է: Արձանի առջև վառվող խորովածի կրակից էլ Վիկ Դարչինյանը վառեց փառատոնի ջահը, որով Սեդրակ Մամուլյանի և համահայկական խորովածի առաջին փառատոնի հաղթող, Ալավերդու «Ֆլորա» ռեստորանի ավագ խոհարար Արմեն Քեֆիլյանի կողմից վառվեց փառատոնի կրակը:

«Փառատոնին մասնակցում են 19 թիմեր, այդ թվում Հայաստանի 13 ռեստորաններ, երկու անկախ մարդ, Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան, Լոռու հայրենակցական միություն, «Հայոց արծիվներ», «Փյունիկ» ՀԿ-ների թիմերը, Լոռու մարզի սահմանամերձ  Ջիլիզա գյուղի խոհարարաների խմբակը և Վրաստանի Խոխմել գյուղի խոհարարների թիմը: Հրավիրված ռետորաններից ներկայացել էին «Արարատ հոլ», «Արվասար», «Աֆրիկյանների պանդոկ», «Ազնավուր», «Թուֆենկյան համալիր», «Ծաղկունք», «Ութերորդ հրաշալիք», Ալավերդու «Ֆլորա» և այլ ռետորանների թիմեր:

Վերջիններս մրցույթին ներկայացել էին սեփական միջոցներով. «Ու սիմվոլիկ գներով, իրենց ճանապարհածախսը հանելու համար նրանք վաճառում են խորոված»,- ասաց Սեդրակ Մամուլյանը:

Փառատոնը սկսելուց առաջ Սեդրակ Մամուլյանը հայտարարեց, թե ապահովված է մրցող թիմերի աշխատանքների գնահատման առավելագույն օբյեկտիվություն: Փառատոնի գլխավոր մրցավարը «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ի փոխնախագահ Գարիկ Գևորգյանն էր:  

«Հետքի» հարցին, թե փառատոն եկած անվճարունակ, սոցիալապես անապահով մարդկանց  համար նախատեսվա՞ծ է արդյոք խորովածի անվճար հյուրասիրություն, Սեդրակ Մամուլյանն ասաց. «Այո, մտածել ենք ցածր ինքնարժեքով՝ 300-400 դրամով, խորոված վաճառել, հիմա էլ վաճառվում է: Իհարկե, անվճարունակ մարդիկ էլ կան, բայց հասկացեք, որ հասարակական կազմակերպությունն է նախաձեռնել քաղաքապետարանի հետ և հասարակական կազմակերպությունն ամենաանվճարունակն է այս պահին»: Մամուլյանը նշեց նաեւ, թե ամեն դեպքում անվճարունակ մարդկանց անվճար խորոված չհյուասիրելը փառատոնի կազմակերպիչների վրիպումներից է:

Իրականում կազմակերպիչներն ուղղակի շրջանցել էին փառատոնի խորագրի ոգին` «Երբ գալիս է սեպտեմբերը» ֆիլմում Արմեն Ջիգարխանյանի կերտած հերոսի հայկական բացառիկ հյուրասիրությունը, որի պատճառով էլ փառատոնից շատերը հեռացան խորովածի անուշ բումունքը վայելած, սակայն այն չճաշակելուց նեղսրտած:

Փառատոնի ավարտին ժյուրի անդամ Վահե Անթանեսյանի կողմից հայտարվեց սահմանված անվանակարգերով հաղթողների անունները: Լավագույն տեսք անվանակարգում առաջին մրցանակը ստացավ «Գոլդեն պալաս» խաղատունը:  Լավագույն մտահղացում անվանակարգում առաջին մրցանակի արժանացավ   «Արարատ Հոլ» ռեստորանը: Լավագույն ավանդական խորոված անվանակարգում`  «Արարատ Հոլ» ռեստորանը: Լավագույն համ անվանակարգում կրկին «Արարատ հոլ» ռեստորանը: Լավագույն մասնագիտական մոտեցում անվանակարգում մրցանակը սահմանել էր «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ն, որի նախագահ Սեդրակ Մամուլյանն առաջին մրցանակը շնորհեց «Արվասար» ռեստորանին:

«Հաջորդ լավագույն մասնագիտական մոտեցում անվանակարգում մրցանակը շահել  է «Վիտա Սպա» ռեստորանը»,- հայտարաեց  Սեդրակ Մամուլյանը:

Գլխավոր մրցանակը ստացավ Ռուզանա Նահապետյանը, ով «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ի փոխնախագահն է: Նրա մրցանակը հանձնեց  ՀԿ-ի նախագահ Սեդրակ Մամուլյանը: 

Ակնհայտ էր, որ Սեդրակ Մամուլյանի հայտարարած «անաչառ» ժյուրին, ի պատիվ Մամուլյանի, ով «Արարտ հոլ» ռեստորանի գլխավոր խոհարարն ու «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ի նախագահն է, մրցանակների շնորհման հարցում մի փոքր հաճոյացել էր հանրապետությունում ճանաչված վարպետ խոհարարին և մրցանակների մեծ մասը շնորհել էին «Արարատ հոլին»:

Նշենք, որ Ալավերդու «Ֆլորա» ռեստորանի խորովածի սկուտեղը չէր հասել ժյուրիին, որովհետև ռեստորանի գլխավոր խոհարար Արմեն Քեֆիլյանը, տեսնելով անվճարունակ ալավերդցիների խորոված համտեսելու մեծ ցանկությունը, այն ուղղակի հյուրասիրել էր նրանց: 

Փառատոնի կազմակերպական աշխատանքներում թերացել էր Ալավերդու ճանապարհային ոստիկանությունը. դեպի Ախթալայի Սարահարթ թաղամաս թեքվող կամրջի մոտ կուտակվել էին մեծ թվով ավտոմեքենաներ:

Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները դեպի Ախթալայի Ս. Աստվածածին եկեղեցի գնացող ճանապարհը բացում էին թանկարժեք ավտոմեքենաների համար, իսկ տաքսիների և մյուս ավտոմեքենաներին արգելում էին մոտենալ եկեղեցուն: Այսուհանդերձ, փառատոնն անցավ ոգևորության մթնոլորտում: 

Սեդրակ Մամուլյանը հայտնեց, որ փառատոնի վրիպումներից անպայման հետևություններ կարվեն հաջորդ` 2012թ.-ի համահայկական փառատոնի աշխատանքները կազմակերպելիս: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter