HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Ռուբեն Թարումյան. «Ես ինձ համարում եմ շուռ տված ռուս»

Տառաստեղծ Ռուբեն Թարումյանի համոզմամբ` «Լեզվի մասին» օրենքում փոփոխությունների ընդունման դեպքում Հայաստանում օտարալեզու դպրոցներում կսովորի աշակերտների թվի 20-25 %-ը: Երբ կառավարությունն ասում է, որ օտարալեզու դպրոցները կազմելու են բոլոր հանրակրթական դպրոցների 2 %-ը, հաշվարկել է դպրոցների, այլ ոչ թե աշակերտների թիվը: Իսկ Հայաստանում կան և 50, և 2.000-3.000 աշակերտ ունեցող դպրոցներ: Ստացվում է, որ այն 28 դպրոցում, որոնք առաջարկվում է դարձնել օտարալեզու, սովորելու է աշակերտների թվի 20-25 %-ը: Մյուս կողմից` տառաստեղծը համոզված է, որ որքան քիչ լինեն այդ օտարալեզու էլիտար դպրոցները, այն բարձր կլինեն այդ դպրոցներ ընդունվելու կոռուպցիոն ռիսկերը: Բոլորը կձգտեն դեպի այդ դպրոցներ: Հարց է առաջանում, թե արդյոք այդ դեպքում կառավարությունը մեծացնի օտարալեզու դպրոցների քանակը: «Իրենց մտահոգությունը մեր լեզու իմանալը չէ: Եթե դա լիներ իրենց նպատակը, իրենք գոյություն ունեցող օրենքի շրջանակներում կկազմակերպեին և իսպաներենի դասավանդում, և անգլերենի և այլն: Իրենց նպատակը նա է, որ 2-րդ լեզուն, այսինքն` հայերենը, էլ գոյություն չունենա, որ միայն ֆրանսերեն սովորեն: Իրենք մեկ հարվածով ուզում են վերականգնել այն 20 տարվա իրենց «նահանջը», որ ստիպված էին միայն մայրենի լեզվով դպրոցներ պահել, և մի անգամից վերականգնել 88 թ.-ի վիճակը: Սա ազգային հեղաշրջման փորձ է»,- մայիսի 20-ին կազմակերպված ասուլիսին ասաց Ռուբեն Թարումյանը: Նա համոզված է, որ օտարալեզու դպրոցներ բացելու կառավարության նախաձեռնությունը քաղաքական է և բացահայտորեն պարտադրված Ռուսաստանի կողմից: Գլոբալացվող աշխարհում կան մի շարք լեզվական, քաղաքական, գաղափարաբանական` եվրոպական, ամերիկյան, չինական, ռուսական նախագծեր: Յուրաքանչյուրը փորձում է աշխարհը բաժանել ազդեցությունների տիրույթների և իշխել տվյալ տիրույթում: Իսկ ազդեցությունների տիրույթների կարևորագույն հատկանիշը լեզուն է: «Ազգ հավասար է լեզու: Բավական է լսել այն ազգագրագետներին, ովքեր փորձում են բարդացնել այդ բանաձևը` ասելով. «չէ, գիտեք ինչ, շատ ավելի բարդ է, այստեղ դեր են խաղում բազմաթիվ գործոններ, ինչպիսիք են կրոնը, նիստուկացը…»: Այդ ամենը հեքիաթ է: Այսինքն` հատուկ ստեղծվում է ինչ-որ մշուշոտ վիճակ, և յուրաքանչյուրը իր ձևով է ներկայացնում տվյալ հասկացությունը` ասենք, ազգը: Ասում են. «Ի՞նչ նշանակություն ունի լեզուն. մարդս մարդ լինի», և սկսում են թվարկել ինչ-որ հայերի: Բայց գոյություն ունի շատ պարզ բան, որ ազգը լեզուն է, որովհետև մարդը բանական էակ է, որը տարբերվում է մնացած բոլոր կենդանիներից նրանով, որ կարող է հաղորդակցվել: Իսկ հաղորդակցվել նա կարող է լեզվով: Եթե մարդը փոխում է լեզուն, նա փոխում է իր ազգությունը»,- ասաց Ռուբեն Թարումյանը: Նա նշեց, որ «Որքան լեզու գիտես, այնքան մարդ ես» հայտնի հռոմեական ասացվածքը բնագրում այլ կերպ է գրված. «Որքան լեզու գիտես, այնքան մարդ դու արժես»: Այսինքն` ըստ բանախոսի, քանի որ լեզուն ազգն է, եթե դու գիտես նաև մեկ այլ լեզու, ուրեմն դու այդքան չափով նաև այդ ազգի ներկայացուցիչն ես: Ռուբեն Թարումյանն ինքը ռուսական դպրոց է ավարտել: Նա հետագայում է վերադարձել հայերենի` ստանալով հայկական բարձրագույն կրթություն: «Դա ինձ փրկեց: Ես ինձ համարում եմ շուռ տված ռուս, որովհետև ես 1-ին դասարանից սովորել եմ ռուսերեն: Դա նշանակում է, որ այն հասկացությունները, արժեքները, որոնք բնորոշ են ռուս ազգին և փոխանցվում են լեզվով, ես ստացել եմ: Ինձ համար նույնիսկ հիմա դեռ հոգու թրթիռ է առաջացնում, օրինակ, «կեչիների անտառ» արտահայտությունը: Դա ռուսական հասկացություն է: Դիլիջանում մի հատ կեչի տեսնես, չտեսնես` Աստված գիտի»,- ասաց բանախոսը: Նա նշեց, որ ռուսերեն «язык» բառը նշանակել է «ազգ», «հեթանոս-էթնոս» բառը` «язычество»` ազգայնականություն: Հայերեն «ազգ» և ռուսերեն «язык» բառերը ևս ծագել են նույն հնդեվրոպական արմատից: Ռուսական լեզվամտածողությունը «ազգ-язык» զույգը իր մեջ պահել է մինչև լատինական փոխառություներին վերջնականապես տեղի տալը: «Ռուսները դա շատ լավ հասկանում են: Պարզապես մեր վերնախավի շահերը համընկնում են այլ վերնախավերի շահերին: Գոյություն ունի ընդհանուր` համաշխարհային վերնախավ և համաշխարհային ռամկություն: Այսօր աշխարհը փորձում են բաժանել ով ոնց կարողանա: Օրինակ` վրացիները դուրս են եկել ԱՊՀ-ից, Սահակաշվիլին տանում է դեպի Արևմուտք, և դրա համար վերջերս ինքը հռչակել էր «Բոլորս պիտի սովորենք անգլերեն» իր ծրագիրը: Այսինքն` Վրաստանի համար պայքար է ընթանում անգլիական և ռուսական նախագծերի միջև, թե ով է տիրանալու այդ տարածքին: Իսկ մեզ մոտ ամեն ինչ պարզ է. մենք այնքան «լավ», խելոք, պուպուշ ազգ ենք, մեզ ինչ ասի ռուսը, էն էլ կանենք: Ռուսները դա ասում են բաց տեքստով: Ասում են` «գիտեք ինչ, դուք պիտի փոխեք ձեր օրենքը, դուք պիտի մտցնեք 2-րդ պաշտոնական լեզու, արդյոք ռուսերենը օտա՞ր լեզու է»»,- ասաց Ռուբեն Թարումյանը: Նա նշեց, որ բացարձակապես դեմ չէ օտար լեզուներ սովորելուն: Խոսքն ընդամենը այն մասին է, որ դպրոցում ուսուցանվող օտար լեզուն չպետք է որևէ բանով տարբերվի մաթեմատիկայի կամ կենսաբանության ուսուցումից: Մաթեմատիկա յուրացնելու պատճառով մարդը դառնում է ոչ թե մեկ ուրիշ ազգի ներկայացուցիչ, այլ պարզապես մաթեմատիկայի մասնագետ: Ճապոնացի գիտնականները բացահայտել են, որ մայրենի լեզուն ոչ միայն ձևավորում է մարդու աշխարհայացքը, այլև երեխայի ուղեղի զարգացման վրա ազդեցում է ֆիզիոլոգիական իմաստով: Սա երևում է, երբ համեմատում ենք եվրոպական տիպի լեզուների (որոնց պատկանում է նաև հայերենը) և արևելյան տիպի լեզուների կրողների ուղեղային հատկանիշները: Մարդու ուղեղի մի կիսագունդը պատասխանատու է տրամաբանական, իսկ մյուսը` պատկերային վերլուծության համար: Քանի որ արևելյան գրային համակարգերը և լեզուները հիմնված են պատկերագրության վրա (օրինակ` չինական հիերոգլիֆները), այդ լեզուների կրողների ուղեղը աշխատում է այլ կիսագնդով, քան եվրոպական լեզուների կրողներինը: Գիտնականներն ուսումնասիրել են արևելյան լեզուներ կրող, օրինակ` չինացի կամ ճապոնացի երեխաների, որոնց որդեգրել են, օրինակ, եվրոպացի ծնողներ, և այդ երեխաները սկսել են խոսել եվրոպական լեզուներով: Արդյունքում նրանց մոտ սկսել են զարգանալ եվրոպական լեզուներ կրողներին բնորոշ ուղեղային հատկանիշներ: Հակառակ բանը տեղի է ունեցել այն եվրոպացի երեխաների մոտ, որոնք սկսել են արևելյան լեզուներով խոսել: «Այսինքն` լեզուն աշխատում է ոչ միայն պարզապես մարդու վերացական աշխարհայացքը կազմավորելու վրա, այլև աշխատում է ֆիզիոլոգիական, նյութական, քիմիական մակարդակով: Այդ աստիճանի կարևորագույն նշանակություն ունի լեզուն երեխայի համար»,- ասաց Ռուբեն Թարումյանը: Նա հակասություններ է գտել կրթության նախարարի ելույթներում: Օրինակ` մի կողմից նախարարն ասում է, որ ունենք որոշակի դպրոցներ, որոնց շրջանավարտներն ընդունվում են առաջնակարգ բուհեր, միջազգային օլիմպիադաներում զբաղեցնում են առաջին տեղերը, ինչն իրոք այդպես է: Մյուս կողմից օրենքի փոփոխությունների բացատրագրի մեջ գրում է, որ քանի որ այս 20 տարին ցույց տվեց, որ մեր կրթական համակարգը լավ վիճակում չէ, մենք պիտի անցնենք ռուսերենի: «Այսինքն` ստացվում է` քավության նոխազ դարձվում է հայոց լեզուն: Բայց ինքը մի քիչ առաջ ասում էր, որ հայոց լեզվով փայլուն դպրոցներ կան Հայաստանում: Շեշտելու համար ասեմ, որ վիճակը շատ երկրներում շատ ավելի վատ է: Հանրահայտ է 99 թ.-ին Բիլլ Քլինթոնի ուղերձը Կոնգրեսին, որտեղ նա ասել է հետևյալը. «Մենք պիտի փրկենք մեր կրթական համակարգը: Մեզ պետք չեն շրջանավարտներ, որոնք չեն կարող կարդալ իրենց ավարտական վկայականը»: Այսինքն` երբ խոսում են միջազգային փորձից, կարո՞ղ է` իրենք ամերիկյան այդ դպրոցները նկատի ունեն: Դատելով նրանից, թե իրենք ինչ վիճակի մեջ գցեցին Հայաստանի կրթական համակարգը, մտածում ես` երևի իրենց նշանը հենց Քլինթոնի նկատած այդ դպրոցներն են»,- ասաց Ռուբեն Թարումյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter