Ժորայի տեղը` Մացոն
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ժորա Վարդանյանի լիազորությունները երեկ դադարեցվել են: Լրացել է նրա 65-ամյակը, որը դատավորների պաշտոնավորման առավելագույն տարիքն է:
Թերթ

ի տեղեկություններով` Վարդանյանի պաշտոնին հավակնում է նույն դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը` Մացոն: Վերջինս համոզված է, որ ինքը գործող իշխանություններին ամենամեծ ծառայություններ մատուցած դատավորներից է: Նա մարտի 1-ի գործերով բազմաթիվ ապօրինի դատավճիռներ է ստորագրել, այդ թվում` «7-ի գործով» Ալիկ Արզումանյանի և Սուրեն Սիրունյանի, «ՀԺ» գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի դատավճիռները:
Դատարանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները դրվել են Գագիկ Ավետիսյանի վրա: Նա հանրությանը հայտնի է «Դամբուլ» մականունով: Ժորա Վարդանյանը, թերթի տեղեկություններով, փորձում է տեղավորվել ՀՀ ոստիկանապետի խորհրդականի պաշտոնում: Դատարանի նախագահին, ՀՀ արդարադատության խորհրդի առաջարկությամբ, նշանակում է հանրապետության նախագահը:
Ճակատագրի հեգնանքը կամ ափսոս էր ասֆալտը
Հրազդանի կիրճում երեկ փլվել է ճանապարհի 10-15 մետրանոց մի հատված: Փլուզումը, կարելի է ասել, ճակատագրի հեգնանքով տեղի է ունեցել հենց այն վայրում, որտեղ ընդամենը մեկ օր առաջ ասֆալտի վերանորոգման աշխատանքներ են կատարվել: Այս հանգամանքն իր հերթին վկայում է այն, թե ինչպես են վատնվում բյուջետային միջոցները:
Փլուզումները մեկ օրում կամ մեկ ակնթարթում չեն լինում: Կասկածից վեր է, որ փլուզման նախորդ օրը, երբ ասֆալտի վերականգնողական աշխատանքներն արվել են, համապատասխան մասնագետները պարտավոր էին նկատել, որ ճամփեզրի պաշտպանիչ բետոնապատնեշները վթարային վիճակում են, և կանխազգալ սպասվող փլուզումը:
Ցարիզմի և նժդեհականության միջև
«Ամեն ինչ շատ պարզունակացնում են և ասում են, որ Գարեգին Նժդեհը ևս հաճախել է ռուսական դպրոց»,- դժգոհել է հանրապետական պատգամավոր Արտակ Դավթյանը և պարզաբանել, որ Նժդեհը ռուսական դպրոց է հաճախել միայն այն բանից հետո, երբ ցարական կառավարությունն արգելել է հայկական դպրոցները:
«ՉԻ» - Վերջապես, երկար սպասումներից հետո Արտակ Դավթյանն իսկապես խելացի և տրամաբանված միտք հայտնեց: Ընդ որում, այդ փաստն էլ ավելի է կարևորվում` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա ԱԺ Գիտության և կրթության հանձնաժողովի նախագահն է:
Ցավով պիտի նշենք, սակայն, որ «ամեն ինչ շատ պարզունակացնողները» նույնպես հանրապետականներ են. նախագիծը ներկայացրել է հանրապետական կառավարությունը, և փաստորեն, այս դեպքում «ցարական իշխանությունների» դերը հենց ՀՀԿ-ն է ստանձնում:
Այսինքն` սա, մեծ հաշվով, ՀՀԿ գաղափարախոսության (եթե այդպիսին գոյություն ունի) և հանրապետական կառավարության (եթե այն իսկապես որոշումներ է կայացնում) միջև առկա հակասության հարց է: Եվ այս դեպքում մեր համակրանքն Արտակ Դավթյանի կողմն է: Եթե, իհարկե, վերջին պահին նա «չանցնի կառավարության կողմը»:
Չի բխում ՀՀ-ի շահերից
Քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը 2009 թ. ընթացքում իր համար բացահայտել է, որ «Ռոբերտ Քոչարյանն ակնհայտ ավելի մեծ վտանգ է Սերժ Սարգսյանի համար, քան առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը»: Այդ մասին նա երեկ ասել է «Կովկաս 2009» միջազգային գիտաժողովում` իր հրապարակած «Հայաստանը 2009թ.» զեկույցում:
Նրա կարծիքով` Սերժ Սարգսյանը ցանկանում է առաջ նայել, իսկ Քոչարյանը նրան ձգում է դեպի հետ: «Քոչարյանի վերադարձը չի բխում ՀՀ-ի շահերից: ՀՀ-ում չի կարող կրկնվել Մեդվեդև-Պուտին` Ս.Սարգսյան-Ռ.Քոչարյան տարբերակը»,- ասել է Ռ.Կիրակոսյանը:
ԵԽ պատվիրակությանը չե՞ն ընդունել
Երեկ թերթին հայտնի է դարձել, որ մոտ 2 ամիս առաջ` մինչև Եվրոպական խորհրդարանի կողմից Հարավային Կովկասում Եվրամիության որդեգրած ռազմավարության հիմնական ուղղություններին վերաբերող և Հայաստանի և Ղարաբաղի համար առավել քան անբարենպաստ թիվ 2216 բանաձևի ընդունումը Եվրոպական խորհրդարան-Հարավային Կովկասի երկրների խորհրդարանական համագործակցության կոմիտեի պատվիրությունը` մոտ 10 հոգի, այս թվում ԵՄ «desk officer» Անետա Պոպեսկու-Բլեքը, ԵՄ-Հայաստան պատվիրակության նախագահի տեղակալ, սլովենացի Զորան Տալերը այցելել են տարածաշրջան ու եղել Վրաստանում:
Նրանք այնտեղից կապվել են Երևանի հետ և ցանկություն են հայտնել գալ նաև Հայաստան: Հայաստանը, սակայն, մերժել է` հայտնի չէ, թե ինչ պատճառով:
ԱՄՆ-ի քաղաքացիներին խորհուրդ չի տրվում մեկնել Արցախ
«ԱՄՆ-ի ճանապարհորդող քաղաքացիները ձգձգվող հակամարտության պատճառով պետք է խուսափեն Լեռնային Ղարաբաղ և հայկական ու ադրբեջանական զինված ուժերի շփման գծին հարակից տարածքներ ուղևորություններից»,- այս մասին ասվում է ԱՄՆ-ի պետքարտուղարության կայքում:
Պետքարտուղարությունն այս հայտարարությունն անում է ԼՂՀ-ում խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, որտեղ հնարավոր է, որ դիտորդի կարգավիճակով մասնակցեն ամերիկացի քաղաքագետներ, դիվանագետներ կամ լրագրողներ:
Երկու նորություն` լրատվական դաշտից
Թերթի տեղեկություններով` «Հայաստանի զրուցակից» թերթի նախկին գլխավոր խմբագիր Աշոտ Աղաբաբյանը, որն, իր դիմումի համաձայն, ազատվել էր աշխատանքից, պատրաստվում է իր թիմի` թերթից հեռացած ինն աշխատակիցների հետ (նրանց մեջ են Գոհար Սարդարյանն ու Արփի Սահակյանը) հիմնել նույն պրոֆիլի թերթ:
Իսկ «Հայաստանի զրուցակիցն» արդեն երկու համար, այսինքն` մոտ 10 օր, որպես գլխավոր խմբագիր ստորագրում է Գենոֆիա Մարտիրոսյանը, որի հետ հակասությունների պատճառով էլ Աշոտ Աղաբաբյանը հեռացել է թերթից:
Եվս մեկ նորություն` լրատվական դաշտից. մայիսի 1-ից չի գործում «Տարեգիր» էլեկտրոնային թերթը, որի գլխավոր խմբագիր Վասակ Դարբինյանը, սակայն, աշխատակազմին հայտնել է, որ ամենայն հավանականությամբ մոտ ապագայում «Տարեգիրը» կվերաբացվի: Դժվարությունները ֆինանսական բնույթի են:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել