ԱԱԾ 3-րդ բաժանմունքի պետը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ
Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ ԱԱԾ հակահետախուզության գլխավոր վարչության 4-րդ բաժնի պետի տեղակալի, 3-րդ բաժանմունքի պետի կողմից կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:
Նախաքննությամբ պարզվել է, որ Ա. Տեր-Մինասյանը, ի պաշտոնե հսկողություն իրականացնելով հեռահաղորդակցության եւ ավտոտրանսպորտի անվտանգության նկատմամբ, 2010թ. մարտի վերջին «ԱրմենՏելե ՓԲԸ-ի տնտեսական անվտանգության ծառայության աշխատակից, իր ծանոթ Վ. Չիլինգարյանից տեղեկացել է, որ ԱԱԾ նախկին աշխատակից Ռ. Լաիշյանն իրականացնում է ապօրինի հեռախոսակապ:
Լաիշյանի կողմից ապօրինի հեռախոսակապ իրականացնելու մասին տեղեկություններին օրենքով սահմանված կարգով ընթացք չտալու համար Ա. Տեր-Մինասյանը եւ Վ. Չիլինգարյանը նրանից պահանջել են նախ 5000, ապա` 3000 ԱՄՆ դոլար կաշառք:
Նախնական պայմանավորվածության համաձայն` 2010թ. ապրիլի 6-ին ` ժամը 17:00-ի սահմաններում, Երեւանի Նալբանդյան եւ Խանջյան փողոցների խաչմերուկի մոտակայքում Ա. Տեր-Մինասյանը հանդիպել է Ռ. Լաիշյանին եւ ԱԱԾ վարչական շենքի թիվ 2 մուտքի մոտ նրանից անձամբ ստացել 1 206 030 ՀՀ դրամին համարժեք 3000 ԱՄՆ դոլար կաշառք: Մինչ հանդիպման վայր գնալը՝ Ռ.Լաիշյանը 2010 թվականի ապրիլի 6-ին հաղորդում էր ներկայացրել ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչություն՝ ապօրինի հեռախոսակապ իրականացնելու վերաբերյալ նյութերին ընթացք չտալու համար Ա.Տեր-Մինասյանի և Վ.Չիլինգարյանի կողմից իրենից 3000 ԱՄՆ դոլար կաշառք պահանջելու մասին: Ռ.Լաիշյանը Ա.Տեր-Մինասյանի հետ հանդիպման ժամանակ վերջինիս է տվել՝ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳՎ աշխատակիցների կողմից, մասնագետի մասնակցությամբ, հատուկ քիմիական փոշով մշակված 30 հատ ԱՄՆ 100 դոլարանոց թղթադրամները: Բացի այդ՝ դատարանի որոշման հիման վրա ոստիկանության ԿՀԴՊԳՎ-ն 2010 թվականի ապրիլի 6-ին ձայնագրել է Ա.Տեր-Մինասյանի ու Ռ. Լաիշյանի, ինչպես նաև՝ Վ.Չիլինգարյանի ու Ռ.Լաիշյանի՝ կաշառքի գումարը փոխանցելու նպատակով հանդիպելու վերաբերյալ հեռախոսային խոսակցությունները, ինչպես նաև գաղտնատեսաձայնագրառել՝ Ա.Տեր-Մինասյանի կողմից Ռ.Լաիշյանից կաշառք ստանալու վերաբերյալ հանդիպման ընթացքում տեղի ունեցած խոսակցությունը:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա` Ա. Տեր-Մինասյանին մեղադրանք է առաջադրվել եւ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: Քրեական գործն ուղարկվել է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` ըստ էության քննելու համար:
Ինչպես տեղեկացնում է գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը, Վ. Չիլինգարյանի մասով քրեական գործն անջատվել է առանձին վարույթ եւ նրա նկատմամբ հայտարարվել հետախուզում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել