Պաշտպանվելու լավագույն միջոցը
Քաղաքապետը մեղադրում է
Մայիսի 12-ին Իջեւանում Տավուշի մարզի շահերի պաշտպանության եւ աջակցության կենտրոնի (ՇՊԱԿ) 20-ամսյա գործունեության ամփոփման ժամանակ Իջեւանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը պաշտոնապես բողոքեց ՀՀ գլխավոր դատախազության եւ հատուկ քննչական ծառայության գործողությունների դեմ:
Նա բորբոքված ասաց. «Այսօր ունենք քաղաքային զբոսայգի, քաղաքային զբոսայգում կատարվում է ապօրինի շինարարություն` թքած ունենալով ամբողջ հասարակության, իրավապահ համակարգի, քաղաքային իշխանությունների վրա: Համայնքի ղեկավարը, ղեկավարությունը համատեղ ոստիկանության հետ, տարբեր լծակներով ամեն միջոց գործադրում են, որպեսզի կարողանան կասեցնեն: Հասնում ենք նրան, որ դատարանները վճիռն են կայացնում` ընդհանուր իրավասության, վերաքննիչ, վճռաբեկ դատարանը: Այդ բոլորի հետ մեկտեղ, երբ ապացուցվում է, որ մեր գործողությունները լրիվ օրենքի սահմաններում են, եւ մարդն անօրինականություն է կատարել, այդ մարդը մնում է անպատիժ, համապատասխան մարմինները, այդ թվում` նաեւ գլխավոր դատախազությունը փոխանակ հանցագործություն կատարած մարդու նկատմամբ հարուցի քրեական գործ… Երկու անգամ քրեական գործ է հարուցում, մեկը հարուցում է հանցագործություն կատարած այդ անձնավորության նկատմամբ, այդ գործը, չգիտես ինչու, «ջրվում է»:
Եվ պարզվում է, որ երկու տարի արդեն մարդիկ պատվերի տակ անօրինական գործողություններ են կատարում մեր համայնքում: Սկսեմ թվարկել` առաջին, ֆինանսատնտեսական ստուգումներ համայնքում: Դրա իրավունքը չունեին, որովհետեւ կան համապատասխան մարմիններ, որ այդպիսի ստուգումներ են անում: Որեւէ լրագրողի, այսինքն` դա մի լրագրող ա, երեւի որոշակի ֆինանսավորման կամ պատվերի տակ լինելով` հոդվածներ ա տպում, եւ այդ հոդվածներով սկսում են դատախազության ցուցումով, Գլխավոր քննչական վարչությունը անօրինական գործողություններ կատարել համայնքում, այդ թվում`նաեւ իմ անձնական բնակարանում, որը առանց սանկցիայի կիրառել…»:
Մամո՞ւլն է մեղավոր
1986թ. գերազանցությամբ Ռոստովի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետն ավարտած Վ. Ներսիսյանը, ինչպես երեւում է, այնքան էլ լավ չի տիրապետում հայերենին: Որովհետեւ «դա»-ն ցուցական դերանուն է, իսկ անձի դեպքում անձական դերանուն են օգտագործում: Ուղղագրությունից անցնենք ուղղախոսությանը, այսինքն` ասվածի ճիշտ կամ կեղծ լինելուն: Իջեւանի քաղաքապետի գործունեության մասին միայն մի լրագրող չի գրել, ինչպես պնդում է Ներսիսյանը: Տարբեր ժամանակներում քաղաքապետի վերաբերյալ քննադատական նյութեր են հրապարակել «Հայկական ժամանակ», «Գոլոս Արմենի», «Իրավունք», «Հետք», Տավուշի մարզային «Տեսանկյուն» եւ այլ թերթեր, ԱԼՄ, «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունները:
Քաղաքապետը նաեւ «ճարպկություն» է արել. նախ լրագրողի անունը չի տալիս, նաեւ` պատվերով կամ ֆինանսավորմամբ լրագրողի հոդված գրելու մասին խոսելով` իրեն «ապահովագրում է», օգտագործելով թեական «երեւի» բառը: «Շատերս ականատես ենք լինում, երբ լսում ենք, թե այս կամ այն լրագրողը այս կամ այն պատվերով հոդվածները տպում է, փորձելով սեւացնել, վարկաբեկել մարդուն եւ մնում անպատիժ: Ի միջի այլոց, օրենսդրության մեջ այդ բացն էլ կա: Հիմա նոր օրենքի մեջ ուզում են փոփոխություն մտցնել, չէ՞, կապված վնասների փոխհատուցման, բարոյական վնասի հետ»,-ասաց Վ. Ներսիսյանը:
Ինչպես լրագրողներն են ասում` դու ասացիր, Իջեւանի քաղաքապետն «ականատես» է եղել լրագրողների կողմից կոռուպցիոն դրսեւորման: Ուրեմն գիտի, գուցե շփվե՞լ է նման լրագրողների հետ կամ օգտագործե՞լ նրանց: Մամուլի ազատության սահմանափակման օգտին է խոսում նա, ով 1999թ. հոկտեմբերից Հայաստանի համայնքների միության վարչության անդամ է, 2000թ-ից եղել Եվրախորհրդի տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման կոնգրեսում ՀՀ ներկայացուցիչ , 2001թ. մայիսին ընդգրկվել Եվրախորհրդի կոնգրեսի կրթության, մշակույթի եւ գիտության հանձնաժողովում, ուսանել Քեմբրիջի Հարվարդի համալսարանում, ԱՄՆ գիտությունների զարգացման ակադեմիայի «Առաջնորդություն» ծրագրի շրջանակներում:
Եվրախորհրդում եւ Հարվարդի համալսարանում նրան սովորեցրե՞լ են ազատ մամուլի դեմ պայքարել, թե՞ որպես համայնքի ղեկավար, ազատ ու թափանցիկ աշխատել: Տավուշի ՇՊԱԿ-ի գործունեությունը համակարգող «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի» նախագահ Կարեն Զադոյանը հակադարձեց Վարուժան Ներսիսյանին` համարելով, որ սահմանափակ հնարավորությունների պայմաններում լրագրողները հասարակությանը ճշմարտություն են հասցնում` ինտերնետային կայքերի եւ թերթերի միջոցով: «Ես չեմ կարծում, որ մեր լրատվամիջոցները կոռումպացված են: Միգուցե հակառակը, կան կոռուպացված պաշտոնյաններ, որոնք պաշտպանություն են գտնում այնտեղ` համապատասխան վերաբերմունք ցույց տալով, որպեսզի իրենց վերաբերյալ տվյալներն այնտեղ չհայտնվեն, այս էլ կա»,-ասաց Կարեն Զադոյանը:
«Կլինի հակառակն էլ: Հնարավոր է, որ պաշտոնյան կոռուպացված լինի, գտնենք, որ լրատվության դաշտում հնարավոր չէ ամբողջը մաքուր լինի»,- չէր զիջում քաղաքապետը:
Որ Իջեւանի քաղաքապետարանը թափանցիկ չի աշխատում, վկայում են ոչ միայն քաղաքապետին անվստահություն հայտնած ավագանու 8 անդամները, տարբեր լրատվամիջոցներ, այլ նաեւ Տավուշի ՇՊԱԿ-ի աշխատանքը համակարգող «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցացիայի» նախագահ Կարեն Զադոյանը: Նա քաղաքապետի ներկայությամբ ցանկություն հայտնեց, որ Իջեւանի քաղաքապետարանի գործունեության թափանցիկության հետ կապված վիճակը բարելավվի: Ասաց, որ տեղյակ է Իջեւանի քաղաքապետարանի կայքէջին, ուր որոշակի տեղեկատվություն կա, որը, սակայն, պետք է լրացնել:
«Մենք ցանկանում ենք, որ ինֆորմացիան լինի ավելի շատ, ավելի թարմացված: Եվ ինֆորմացիան լինի ոչ միայն ավագանու նիստերի, այլ նաեւ համայնքի ղեկավարի որոշումների, տարբեր տենդերների, մրցույթների հետ կապված, եթե հնարավորություններ լինեն` նաեւ ավագանու նիստերի տեսագրությունները, ձայնագրությունները դրվեն, մարդիկ տեսնեն, թե ավագանու անդամները ինչ դիրքորոշումներ են հայտնել, ինչպես նաեւ տեղեկատվություն դրվի համայնքի ղեկավարի, ավագանու անդամների գույքի եւ եկամուտների վերաբերյալ, որպեսզի քաղաքացին տեղյակ լինի իր պատվիրակների` ավագանու գործունեությանը եւ կարողանա գնահատականներ տալ»,- ասաց Կ.Զադոյանը:
Մի չարչրկված շինարարություն
Վ.Ներսիսյանը Իջեւանի հակակոռուպցիոն կենտրոնում բողոքեց, որ 2009թ. մայիսի 15-ին ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այստեղ ընդունել է մի քաղաքացու, ով դատախազին բողոքել է, որ իր կառուցած շինությունը քաղաքապետը չի օրինականցնում, իսկ ինքը` Վ.Ներսիսյանն այդ մասին միայն հեռուստատեսությամբ է իմացել: Պ-ն Զադոյանը քաղաքապետին պարզաբանեց, որ գլխավոր դատախազն իր այցի ընթացքում ցանկություն է հայտնել լսել քաղաքացիների բողոքները, հակակոռուպցիոն կենտրոնն էլ դատարան չէ, ուր պատասխան տալու համար պիտի ներկայանար Վ. Ներսիսյանը:
Քաղաքային զբոսայգում շինարարություն կատարած անձի անունը չտալով` Վ. Ներսիսյանը նրան որակեց «թմրամոլ», «Ռուսաստանում մարդասպանություն կատարած», «վերջին մեկ տարում Իջեւանում 2 անգամ դատված»: Այս դեպքում էլ քաղաքապետը ճիշտ չի խոսում, քաղաքային զբոսայգում 1999թ.-ից շինարարություն սկսած Ալբերտ Դավթյանը Ռուսաստանում 2001թ. ավտովթարի մեջ է ընկել, որի հետեւանքով մարդ է զոհվել, Ալբերտն էլ դատապարտվել է 1.5 տարվա ազատազրկման: Վերջին 1 տարում Իջեւանում նա մեկ անգամ է դատվել, այն էլ քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող «Կամուրջ» ՓԲԸ-ի նախկին աշխատող Ալվարդ Աթաբեկյանի հետ վիճաբանելու համար: 2010թ. մարտի 5-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի վճռով ՀՀ ՔՕ 258 հոդվածի 1-ին մասով (խուլիգանություն) Ալբերտը տուգանվել է 30 հազար, իսկ Ալվարդը` 40 հազար դրամի չափով: Վերջինս բողոքարկել է սույն դատարանի վճիռը:
Մարզպետարանի դեմաց` Իջեւանի զբոսայգում, շինարարության հետ կապված 2008թ. դեկտեմբերի 13-ին Ոստիկանության Իջեւանի բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315.2 (պրիմ) հոդվածով`պաշտոնատար անձի կողմից պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, շենքերի եւ շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելու համար: Այս գործը ներկայումս քննվում է հատուկ քննչական վարչության հատկապես կարեւոր գործերով քննիչ Ա.Պողոսյանի կողմից: Վ. Ներսիսյանը գործում որպես մեղադրյալ ներգրավված չէ: Քննություն է կատարվում նաեւ Ալբերտ Դավթյանի այն հայտարարությունների առիթով, որ քաղաքապետը, որպեսզի օրինականացնի քաղաքային զբոսայգում նրա կառուցած շենքը, իրենից պահանջել եւ 2 անգամ ստացել է 500 հազարական դրամ: Դավթյանի վկայությամբ, դրանից հետո Վ. Ներսիսյանը իրենից պահանջել է սկզբում 1, ապա` 3, վերջում` 10 միլիոն դրամ: Դավթյանի խոսքերով` ինքը հրաժարվել է` ասելով, որ փող չունի, դրանից հետո քաղաքապետարանն իրեն տուգանել է:
Ի դեպ, այս կառույցի վերաբերյալ տարբեր ատյաններում դատերի մասին տեղեկացնելու համար մի քանի էջը չի բավարարի: Նշենք, որ Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի ուժի մեջ մտած վճռով 180 քառակուսի մետր մակերեսով այդ կառույցի 114 քմ-ն օրինական է ճանաչվել, իսկ Վարուժան Ներսիսյանն էլ հասել է նրան, որ ՀՀ վճռաբեկ դատարանը վճիռ է կայացրել Ա.Դավթյանին ապօրինի շինարարության համար 400 հազար դրամ տուգանելու վերաբերյալ: Ա. Դավթյանը դիմել է քաղաքապետին կառույցն օրինականացնելու համար, սակայն մերժում է ստացել այն պատճառաբանությամբ, որ շինությունը գտնվում է կանաչապատ գոտում: Սակայն Իջեւանի կանաչապատ գոտիներում բազմաթիվ ապօրինի կառույցներ քաղաքապետարանի կողմից օրինականացվել են:
Ի դեպ, այդ օրը` մայիսի 12-ին Իջեւանի քաղաքապետը Կարեն Զադոյանի, իջեւանցի ուսանողների հետ Իջեւանում «հակակոռուպցիոն ծառուղի «հիմնեց: Խորհրդանշական կարելի է համարել, որ առաջին ծառը տնկվեց ՀՀԿ Իջեւանի տարածքային կազմակերպության շենքի, որ նույնն է` Շախմատի տան առաջ: Այս շենքի 3-րդ հարկը` ՀՀԿ Իջեւանի տարածքային կազմակերպության գրասենյակը` շուրջ 100 քմ տարածքով, 2007թ. նոյեմբերին քաղաքապետի կնոջ հորեղբոր որդի Էդգար Ամիրյանին վաճառվել է 1 միլիոն 200 հազար դրամով: Դա այն դեպքում, երբ տարածքի վարձակալության համար ամեն ամիս իշխող կուսակցության կողմից մուծվում է 145 հազար դրամ, տարվա կտրվածքով` 1 մլն 740 հազար դրամ:
Ի դեպ, Տավուշի ՇՊԱԿ-ը հակակոռուպցիոն պայքարի շրջանակներում համագործակցության հուշագրեր է ստորագրել Տավուշի մարզպետարանի, մարզի 4 քաղաքապետարանների (այդ թվում` Իջեւանի) հետ: Մայիսի 12-ին քաղաքապետը Իջեւանի հակակոռուպցիոն կենտրոնին խնդրեց ընդդեմ Գլխավոր դատախազության եւ հատուկ քննչական վարչության պաշտպանել իր իրավունքները: Սակայն Վ. Ներսիսյանն առայժմ չի անսացել Կարեն Զադոյանի խորհրդին եւ կենտրոն գրավոր բողոք չի ներկայացրել:
Հ.Գ. Վ.Ներսիսյանի ակնարկած «մի լրագրողը» տողերիս հեղինակն է, ով «ՀՀ Տավուշի մարզում 2009-2010թթ. մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում եւ հակակոռուպցիոն պայքարում իր մասնագիտական ներդրման համար» այդ օրը` մայիսի 12-ին արժանացավ երիտասարդ իրավաբանների ասոցացիայի նախագահի շնորհակալագրին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել