HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

20 միլիոն տուգանք «Մոկոնաթ» ընկերությանը՝ գերիշխող դիրքի չարաշահման համար

Այսօր ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովի նիստում որոշվեց լուծվող սուրճի ներկրման ոլորտում խոշոր ծավալներ ունեցող «Մոկոնաթ» ընկերության հանդեպ կիրառել տուգանք` 20 մլն դրամի չափով: 

Դեմպինգ, խտրական գների կիրառում և անհիմն գնաճ. ընկերության վարքագծի հետ կապված ուշագրավ բացահայտումներ

Հանձնաժողովի ուսումնասիրություններով բացահայտվել է, որ վերոնշյալ ընկերությունը տևական ժամանակ լուծվող սուրճն իրացրել է խիստ տարբերակված գներով, իսկ որոշ դեպքերում էլ՝ անհիմն կերպով բարձրացրել է գինը:

Հանձնաժողովը պարզել է նաև, որ մի որոշ ժամանակահատված էլ «Մոկոնաթը» գների կտրուկ իջեցման միջոցով փորձել է շուկայից դուրս մղել իր մրցակցներին, այսինքն՝ ընկերությունն իրականացրել է դեմպինգ, ինչի արդյունքում էլ լուծվող սուրճի շուկայում կարողացել է զբաղեցնել գերիշխող դիրք՝ ներկրման ծավալներով դառնալով առաջատար: 

Հանձնաժողովի փորձագետներն այս ընկերության վարքագծի հետ կապված բավականին ուշագրավ բացահայտումներ են կատարել: Մասնավորապես, համաձայն ընկերության կողմից Հանձնաժողով ներկայացված փաստաթղթերի, լուծվող սուրճի ձեռքբերման գինը կազմել է 820 դրամ, սակայն վաճառքը տեղի է ունեցել գնման գնից անհամեմատ ցածր արժեքով՝ 620 դրամով: Այս գործելաոճով շուկայում առաջատար դիրքերի հասնելով՝ ընկերությունը կտրուկ փոխել է իր վարքագիծը և վարել է հակառակ քաղաքականությունը. նույն 820 դրամով ձեռք բերված սուրճը վաճառել է քառակի անգամ թանկ՝ 3300 դրամով: 

Փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ լուծվող սուրճի շուկայում գերիշխող դիրք ունեցող ընկերությունը տևական ժամանակ գործել է օրենքի ակնհայտ խախտումներով և գերշահույթներ կորզել սպառողներից: 

Ի դեպ, ընկերության կողմից Հանձնաժողով ներկայացված փաստաթղթերի  ուսումնասիրությունից պարզվել է նաև, որ ապրանքի ձեռքբերման և վաճառքի գները ակնհայտորեն չեն համապատասխանում իրական շուկայական գներին, ինչի հետ կապված բոլոր նյութերն ուղարկվել են Պետական եկամուտների կոմիտե:

Տեղեկացնենք, որ  «Մոկոնաթ» ընկերությունը խոշոր ներկրող է հանդիսանում նաև հետևյալ ապրանքային շուկաներում՝ «Սառեցրած ձկներ», «Ներկրվող սառեցված միս» և «Բրինձ»: Այս մասին հայտնում է ՏՄՊՊՀ մամուլի քարտուղար Գայանե Սահակյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter