HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Վստահության կորուստ. գյուղացին չի հավատում խորհրդատուներին

Արթիկի տարածարջանի Անուշավան գյուղում Գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնի գյուղատնտեսության գծով խորհրդատու Արայիկ Հարությունյանը հերթական սեմինար-խորհրդատվությունն է անցկացնում: Հավաքվածները հիմնականում տարեց տղամարդիկ են: Արայիկ Հարությունյանն ասում է, որ երիտասարդները հիմնականում չեն մասնակցում: «Իրանցը խոպանն է, հողագործությամբ չեն զբաղվում, դրա համար էլ չեն հետաքրքրվում էս սեմինարներով»,- ասում է նա: Հաշվում եմ դահլիճում հավաքվածներին` 37 հոգի են: «Դա բավական մեծ թիվ է,- ասում են կենտրոնի աշխատակիցները,- սովորաբար գալիս են 15-20 հոգի լավագույն դեպքում»: Իսկ գյուղատնտեսական աշխատանքների շրջանում, երբ գյուղում որեւէ մեկին գտնելն անհնար է, հանդիպումներն անցկացնում են բացօթյա, հենց դաշտային պայմաններում: Քանի որ Անուշավանում հիմնականում զբաղվում են այգեգործությամբ, բանախոսի ընտրած թեման վերաբերում էր պտղատու ծառերի տնկման, խնամքի, պարարտացման խնդիրներին: Երբ եկավ հարցեր տալու հերթը, անուշավանցիները սկսեցին դժգոհել: «Էդ ծառը տնկելը մենք էլ գիտենք, դուք ոռոգման ջուր տվեք, պարարտանյութ տվեք, մեր ունեցածը չգիտենք ինչ անենք, իսկ դուք եկել ասում եք` փոսը խորն արեք»,- ասաց նստածներից մեկը: Նմանատիպ բողոքներին Արայիկը հանգիստ է վերաբերվում` առաջին անգամը չէ, եւ արդեն որերորդ անգամ ստիպված է բացատրել, որ իրենք խորհրդատվություն իրականացնող կազմակերպություն են, ոչ թե բարեգործական: Ճիշտ է, կառույցը պետական է, բայց իրենք չեն կարող ոչ ոռոգման ջրի խնդիր լուծել, ոչ էլ պարարտանյութի: «Մի քանի տարի առաջ գյուղերում սեմինարներ են անցկացվել «Սնունդ ուսուցման դիմաց» ծրագրով, որին շատ ավելի հաճույքով են եկել գյուղացիները, որովհետեւ դրա ավարտից հետո ձեթ, ալյուր, ոսպ են տվել: Հիմա էլ երեւի ակնկալում են, որ պետք է պարարտանյութ բաժանենք: Բայց դա մեր կազմակերպության գործառույթի մեջ չի մտնում»,- ասում է խորհրդատուն: «Շիրակի մարզի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոն» ՓԲԸ-ն ստեղծվել է Գյուղատնտեսության նախարարի 1998 թ. դեկտեմբերի 28-ի 403 հրամանով: «Հիմնականում իրականացնում ենք խորհրդատվական գործունեություն, կազմակերպում ենք դասընթացներ, սեմինարներ, թերթ ենք հրատարակում` «Գյուղաշխարհ» վերտառությամբ, որ բաժանում ենք համայնքների բնակիչներին: Մի տեսակ կամուրջ ենք հանդիսանում գյուղացու եւ գիտական կենտրոնների միջեւ»,- կենտրոնի գործունեությունն է ներկայացնում տնօրեն Ջիվան Ասլանյանը: 12 տարիների աշխատանքային փորձը ցույց է տվել, որ գյուղացին մեծ մասամբ կենտրոնի մասնագետներին դիմում է շտապ խորհրդատվություն ստանալու նպատակով, թեպետ այլ օրինակներ էլ կան: «Վերջերս մեկը դիմել էր մեզ, ուզում էր ոչխարաբուծությամբ զբաղվել ու քանի որ սկսնակ էր այս գործում, ուզում էր հասկանալ հնարավոր ռիսկերը,- օրինակ է բերում պարոն Ասլանյանը,- բացատրեցինք, հնարավոր ամբողջ տեղեկատվությունը փոխանցեցինք, քանի որ ճշտել էինք, որ ոչխարի «բալբաս» ցեղատեսակի բուծմամբ է ուզում զբաղվել, տրամադրեցինք մարզում այդ գործով առավել հայտնի մանթաշեցի ոչխարաբույծի կոորդինատները»: Ջ. Ասլանյանը շեշտեց, որ երբ բիզնես սկսողը սկսնակ է տվյալ գործում, իրենք աշխատում են, որպեսզի բոլոր հնարավոր ռիսկերը ներկայացնեն, որպեսզի խորհրդատվության դիմած անձն էլ կարողանա ճիշտ կողմնորոշվել: Կենտրոնը ստեղծման օրվանից բազմաթիվ սեմինարներ ու դասընթացներ է կազմակերպել մարզի բոլոր համայնքներում: Կենտրոնի պատասխանատուների հավաստմամբ` միշտ չէ, որ իրենց խորհրդատվությունը հասնում է նպատակին` հաշվի առնելով մարդկային գործոնը: Իրենք գործ ունեն մարդկանց հետ, որոնք դժվարությամբ են վստահում: «Մենք դեռ 2008 թ. 1100 օրինակով տպեցինք ու տարածեցինք «Շաքարի ճակնդեղի մշակության տեխնոլոգիան» գրքույկը: Ինչքան էլ սեմինարներ ու դասընթացներ են եղել այս թեմայով գյուղերում: Երկու տարի ասեցինք, բացատրեցինք բոլոր թեր ու դեմ կողմերը, բոլոր առավելությունները նոր տեխնոլոգիայով ճակնդեղի մշակության, անգամ Կառնուտում մի փոքր հողակտորի վրա փորձնական ցանքս իրականացրինք ու լավ բերք ստացանք, եւ ի՞նչ... Այսօրվա օրով Շիրակի դաշտավայրում մարդիկ հրաժարվում են մշակել ճակնդեղ` վախենալով, որ սպասված բերքը չեն ստանա, որ չեն կարողանա իրացնել, իրենք կքաշվեն եւ այլն, չնայած որ հսկա գործարանն աչքերի առաջ է, այսինքն` գոնե իրացման խնդիր չեն ունենալու»: Կենտրոնի ղեկավարի հավաստմամբ` իրենք լիարժեք իրականացնում են իրենց առաքելությունը, բայց փաստորեն էլի վերջին խոսքը մնում է գյուղացուն: Գյուղացուն խեղճացնողը բարձր տոկոսադրույքներով կարճաժամկետ վարկերն են: Ջիվան Ասլանյանը եւս նույն կարծիքին է: Նա պնդում է, որ պետության կողմից սուբսիդավորվող վարկերն այս առումով ավելի ձեռնտու են: Սակայն նույնիսկ այս դեպքում կրկին գերխնդիր են մնում բանկերն ու գրավի նախապայմանը վարկավորման գործընթացում: «Որպես տնտեսագետ` ես շատ քիչ մարդկանց եմ խորհուրդ տալիս վարկեր վերցնել: Հիմնական պատճառը տրամադրվող վարկերի բարձր տոկոսադրույքներն ու կարճ ժամկետներն են,- ասում է Ջիվան Ասլանյանը,- դրան գումարած` այսօր արտադրության համար չկան ապահովագրական ընկերություններ: Իսկ գյուղարտադրությունը, կախված լինելով հիմնականում բնակլիմայական պայմաններից, շատ ռիսկային կարող է լինել դրանով զբաղվողների համար: Մարդը կարող է կյանքում մի անգամ ընդամենը վարկ վերցնել եւ այլեւս չկարողանա դուրս գալ ստեղծված կարուսելից: Մեզ հայտնի է ընտանիք, որի 5 հասուն անդամներն էլ տարբեր բանկերում գրանցված վարկառուներ են, իսկ ամեն ինչ սկսվել է շատ պարզ մի գործողությունից` այդ տարվա վար ու ցանքն անելու կամ անասնագլուխը շատացնելու նպատակով առաջին վարկի ձեւակերպումից»: Ջ. Ասլանյանի կարծիքով` դրականն այն կլիներ, որ պետությունն իր վերաբերմունքը հստակեցներ ի սկզբանէ, որպեսզի գյուղատնտեսության համար միջազգային կառույցներից տրվող վարկերն ուղղվեին ոչ թե բանկերի հզորացմանը, այլ տրամադրվեին բուն նպատակին` գյուղատնտեսության զարգացմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter