HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

«Ես դեռեւս սպասում եմ առողջապահության նախարարի հետ հանդիպմանը»

Ատամնաբուժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ջեկ Սարոյանն արդեն 40 տարի ատամնաբույժ է աշխատում Սան Ֆրանցիսկոյում, միաժամանակ դասավանդում է տեղի Խաղաղօվկիանոսյան համալսարանի Ատամնաբուժական դպրոցում: Ատամնաբուժություն մասնագիտության հետ ծանոթությունը սկսվել է 15 տարեկանից` ատամնաբույժի օգնական քրոջ եւ դեղագործ քեռու շնորհիվ: Դպրոցն ավարտելուց հետո ուսանել է Բերքլիի, այնուհետեւ Սան Ֆրանցիսկոյի համալսարաններում: Երկու տարի որպես ռազմական ատամնաբույժ է աշխատել, այնուհետեւ մասնագիտական գործունեությունը շարունակել է Սան Ֆրանցիսկոյում` պրակտիկ գործունեությունը համատեղելով դասախոսական աշխատանքի հետ: Վերջին տարիներին նա հանրային առողջապահություն է դասավանդում նաեւ Հայաստանի Ամերիկյան համալսարանում: Ջեկ Սարոյանը նախնյաց երկիր սկսել է այցելել 1983 թ.-ից: Ինչպես ինքն է ներկայացնում, շատ հետաքրքրված էր, թե իր մասնագիտական ոլորտը զարգացման ինչ աստիճանի վրա է գտնվում Խորհրդային Հայաստանում եւ անկախացումից հետո: Հայաստանի անկախացումից հետո ատամնաբույժ Ջեկ Սարոյանին հնարավորություն է ընձեռվել Հայաստան գալ իբրեւ Կալիֆոռնիայի հայ ատամնաբուժական ընկերակցության անդամ եւ անվճար ատամնաբուժական ծառայություն մատուցել երեխաներին: Աշխատել է Հայաստանի բոլոր մարզերում` քաղաքային ու գյուղական համայնքներում, Արցախի երկու քաղաքներում` Շուշիում ու Ստեփանակերտում: 1999 թ.-ից մինչեւ 2005 թ. ընկած ժամանակամիջոցում 5 անգամ անվճար ատամնաբուժական ծառայություն է մատուցել հայ երեխաներին: «Եղել եմ մեծ ու փոքր քաղաքներում, գյուղերում եւ գիտեմ վիճակն ամենուր: Երեխաների խնդիրներն այս ոլորտում շատ մեծ են. ատամնաբուժական սպասարկումը շատ ցածր մակարդակի վրա է, մինչեւ 6 տարեկան երեխաների սպասարկումն անվճար է: Ավելի տարիքովները պետք է վճարեն, բայց մարդիկ սովոր չեն (նաեւ` ֆինանսական դժվարությունների պատճառով) վճարելու ատամի բուժման համար: Հասկացա, որ Հայաստանը կարիք ունի ատամնաբուժական մի այնպիսի համակարգի, որը կանխարգելի ատամնափուտի հիվանդությունները»,- ասաց պրն Սարոյանը: Լինելով Հայաստանի Ամերիկյան համալսարանի առողջապահական ֆակուլտետի գիտությունների եւ հետազոտությունների կենտրոնի դասախոս` պրոֆեսոր Ջ. Սարոյանին 2008 թ. հնարավորություն է ընձեռվել Հայաստանի երեխաների ատամնաբուժական առողջության վերաբերյալ հետազոտություն կատարել դպրոցներում: Հետազոտվել է հանրապետության բոլոր մարզերից եւ Երեւանի 2 դպրոցներից ընդգրկված շուրջ 500 երեխա` 5-7 եւ 12-14 տարիքային խմբերում: Հետազոտությունը ցույց է տվել, որ նշված տարիքային խմբի երեխաները միջինը ունեն 8 փչացած, կոտրված կամ կորցրած ատամ, մինչդեռ ժամանակակից բժշկության մեջ ընդունված միջին ցուցանիշը 5-7 տարեկան երեխաների համար 3-4 ատամն է համարվում: Ոչ միայն հարցված երեխաները, բժիշկները նույնպես հաստատել են, որ նշված տարիքային խմբի երեխաներն ամենից շատ ատամնացավից են դժգոհում: Հայ երեխաների ատամնաբուժական առողջության վերաբերյալ ուսումնասիրության արդյունքները պրոֆեսոր Սարոյանը ներկայացրել է անցյալ տարվա նոյեմբերին Երեւանում հրավիրված առողջապահական խնդիրներին նվիրված համաժողովում: Միաժամանակ ներկայացրել է խնդիրը լուծելու իր առաջարկը` ֆտորացնել կերակրի աղը, որը կիսով չափ կկանխի ատամնաբուժական հիվանդությունները: Ատամնաբույժը նշեց, որ աղի ֆտորացումը Ամերիկայում չի կիրառվում, եւ այնտեղ շատ քչերը գիտեն այդ մասին, Ամերիկայում 200 մլն մարդ ֆտորացված ջուր է խմում: Սակայն այս մեթոդը լայնորեն կիրառվում է շուրջ 25 երկրներում` Ֆրանսիա, Շվեյցարիա, Գերմանիա, Չեխիա, Ռումինիա, Հարավային Ամերիկա եւ այլն, որոնք արդեն 55 տարի ջրի կամ աղի ֆտորացման եղանակով կանխել են ատամնափուտը կամ կարիեսը: Ֆտորացված աղի կիրառումը, պրոֆեսորի ասելով, կանխարգելում է ատամի հիվանդությունները` նպաստելով բերանի խոռոչի առողջացմանը եւ էմալի ամրացման շնորհիվ ինքնին 50-60%-ով նվազեցնում է ատամների հիվանդությունները: «Դա նշանակում է կիսով չափ պակաս այցելություն ատամնաբույժին, կիսով չափ պակաս փչացած ատամներ եւ կիսով չափ պակաս ֆիզիկական ու հոգեկան տառապանք, բայց, միեւնույն է, ատամնաբույժի կարիք կունենաք»,- նշեց երկարամյա փորձառություն ունեցող մասնագետը: Ատամնափուտը կանխելու նպատակով աղի բաղադրությունը փոխելը պրոֆեսորի առաջարկած ծրագրի երեք բաղադրիչներից միայն մեկն է: «Մենք պետք է վերապատրաստենք նաեւ ուսուցիչներին, որպեսզի երեխաներին սովորեցնեն ճիշտ մաքրել ատամները, ծնողներին սովորեցնենք ավելի առողջ սնունդ տալ երեխաներին եւ ավելի քիչ քաղցրավենիք: Ատամներն ավելի լավ մաքրելով, ավելի լավ սննդակարգով, քաղցրավենիքի նվազեցումով կարելի է 60-80%-ով կրճատել ատամների փչանալը»,- ասաց նա: Պրոֆեսորը հայտնեց, որ համաժողովին ներկա էին բոլոր նրանք, ովքեր շահագրգիռ են այս հարցում` Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, որի անդամ է Հայաստանը, Յունիսեֆը, բժշկական համալսարանի ատամնաբուժական բաժնի մասնագետները, աղի կոմբինատի ղեկավարներ եւ այլք: «Նրանք լսեցին իմ զեկույցը եւ ասացին, որ Հայաստանը պատրաստ չէ այս ծրագրին»,- հայտնեց պրն Սարոյանը: Առողջապահության նախարարը ներկա չի եղել համաժողովին, սակայն փոխնախարար Թաթուլ Հակոբյանը հայտնել է, որ այն այդ ոլորտում կատարված առաջին հետազոտությունն է Հայաստանում: Համաժողովից հետո Ջեկ Սարոյանը հանդիպել է նաեւ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին: Վերջինս ներկայացված ծրագրային առաջարկի վերաբերյալ գրություն է ուղարկել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: «Ես ինձ հետ ԱՄՆ-ից բերել էի մի մարդու, որն այդ տեխնոլոգիայի մասնագետն է, եւ նա զեկույց է գրել, թե ինչպես կարելի է կիրառել սարքավորումը, որ ֆտորը ներմուծվի աղի մեջ: Մենք առաջիկա 8-9 տարիներին այս ծրագիրը կիրառության մեջ կարող ենք դնել, որ 700 հազար դոլար արժե: Ես կարողացա գտնել մի բարերարի, որը պատրաստ է ֆինանսավորել այս ծրագիրը 8-9 տարվա ընթացքում»,- հայտնեց նա: 2007 թ. Ժնեւում տեղի ունեցած կոնֆերանսին, որը նվիրված էր բերանի խոռոչի առողջությանը, Ջեկ Սարոյանի գործուն աջակցությամբ մասնակցել են նաեւ առողջապահության նախարարության ներկայացուցիչները, քանի որ Հայաստանը Առողջապահության համաշխարհային կազմակերպության անդամ է: Կոնֆերանսում ասվեց, որ եթե պետությունները չեն կարող հասնել ջրի ֆտորացմանը, գոնե աղի ֆտորացմանը կարող են հասնել: «Առողջապահության նախարարության ներկայացուցիչները լսեցին եւ տեսան այդ ամենը, քանի որ այն գրված ու դրված էր նրանց առջեւ: Սակայն, երբ երկու տարի առաջ ուսումնասիրեցինք ու հետազոտության արդյունքները ներկայացրինք նոյեմբերին Երեւանում կայացած համաժողովի ժամանակ, մեզ ասացին, որ դեռեւս պատրաստ չենք այս ծրագրին, գուցե դա պետք չէ մեզ` մեր ջուրը, մեր հողն ու օդը պարունակում են իրենց մեջ այն ամենը, ինչի կարիքն ունենք»,- պատմեց պրն Սարոյանը: «Իսկ Ձեր հետազոտության արդյունքնե՞րը»,- հարցրինք պրոֆեսորին: «Նրանք արհամարհեցին իմ հետազոտությունը»,- եղավ պատասխանը: Ջեկ Սարոյանին զարմացրել է այն հանգամանքը, որ երբ Յունիսեֆը 12 տարի առաջ եկավ Հայաստան եւ աղի յոդացման ծրագիրն առաջարկեց իբրեւ զոբի դեմ պայքարի միջոց, Կառավարությունը չընդդիմացավ դրան: Առեւտրի նախարարությունը կարգավորեց հարցը` նրանք աղ արտադրողներին առաջարկեցին կիրառել դա, եւ Յունիսեֆի յոդացման ծրագիրը կիրառություն ստացավ: Այդ ժամանակ նախատեսված էր նաեւ աղի ֆտորացումը, սակայն այն չիրականացավ: Ատամնաբուժության պրոֆեսորը որոշել է ավելի խորացնել իր հետազոտությունը, քանի որ «այստեղ շատ են մարդիկ, որոնք կասկածամտորեն են վերաբերվում հարցին»: Իր առաջարկած ծրագրի համար լրացուցիչ հիմնավորումներ ունենալու համար որոշել է 3-5 տարեկան երեխաների օրգանիզմում հաշվարկել ֆտորի իոնների քանակը, ջրի լաբորատոր հետազոտություն կատարել մարզերում, որպեսզի պարզի ֆտորի իոնների քանակը ջրում: Պրոֆեսորն ինքն այդ հետազոտութան անհրաժեշտությունը չի տեսնում. նրա ասելով` այն երկրները, որտեղ կիրառվում է այս մեթոդը, նման հետազոտություն չեն կատարել: Նոր հետազոտություն իրականացնելու համար 2009 թ. նոյեմբերի վերջին առողջապահության նախարարության պաշտոնյաների հետ հանդիպումից հետո նա ծրագրել է իրականացման ժամկետները: Պայմանավորվածության համաձայն` այն պետք է սկսվեր մայիսի 11-ին: Նախարարությունը պատրաստակամություն է հայտնել նրան տրամադրել լաբորատորիա, որտեղ հրավիրված մասնագետը պետք է լաբորատոր քննություն իրականացներ, մեքենա եւ մի բուժքույր, որը պետք է անալիզներ վերցներ երեխաներից: «Սակայն, երբ անցյալ շաբաթ Հայաստան եկա, նախարարությունում ասացին, որ դեռեւս քննարկում են այս հարցը եւ վերջնական որոշում չեն կայացրել»,- հայտնեց պրն Սարոյանը: Նա հարկադրված զանգահարել եւ հետաձգել է գործընկերների ժամանումը, չնայած նրան, որ արդեն վճարել էին հյուրանոցի ու ինքնաթիռի տոմսի համար: Պրոֆեսորը նշում է, որ վերջին 3-4 ամիսներին նախարարությունում գիտեին այս ծրագրի մասին, սակայն ոչինչ չէին նախապատրաստել: «Ես դեռեւս սպասում եմ առողջապահության նախարարի հետ հանդիպմանը, շատ հիասթափված եմ, որովհետեւ նրանք հավաստիացրին, որ այդ ամենը կլինի եւ գիտեին, որ ես պետք է բժիշկներ բերեմ ինձ հետ: Մենք 8 օրում կարող էինք ավարտել մեր հետազոտությունը: Նրանք երկուսն էլ մասնագիտացած են հանրային առողջապահության ոլորտում, եւ ես նրանց հետ 4 տարի համագործակցել եմ այս ծրագիրն իրականացնելու համար: Քանի որ ես ինքս մասնագետ չեմ, նաեւ մասնագետ եմ հրավիրել ԱՄՆ-ից եւ ենթադրվում էր, որ նա անցյալ շաբաթ պետք է այստեղ լիներ»,- ասում է պրոֆեսորը: Ջ. Սարոյանը մի քանի անգամ փորձել է հանդիպել առողջապահության նախարարին` հարցը կարգավորելու համար, բայց ապարդյուն: Առողջապահության նախարարության միջազգային կապերի բաժնի պետ Նարինե Բեգլարյանը, որի միջոցով է քննարկման ներկայացվել հետազոտություն իրականացնելու առաջարկը, ի վերջո զանգահարել է ու հայտնել. «Ես չեմ այն մարդը, ով կարող է Ձեզ օգնել, մեկ ուրիշին դիմեք»: Ջ. Սարոյանը մայիսի 4-ին հանդիպել է փոխնախարար Թաթուլ Հակոբյանին, վերջինս խոստացել է խնդիրը ներկայացնել նախարարին եւ հաջորդ օրը տեղեկացնել արդյունքների մասին: «Սակայն նա այդպես էլ չզանգեց ինձ, եւ մենք որոշեցինք չեղյալ հայտարարել կամ հետաձգել աշխատանքները, քանի որ առանց հստակ կոնցեպցիայի չես կարող մտնել դպրոցներ ու հետազոտել երեխաներին»: Պրոֆեսորը հուսով է, որ նախարարը ցանկություն կունենա հանդիպելու իր հրավիրած բժիշկներից մեկին, որը ժամանել է Լոնդոնից, կամ` այս ընթացքում արդեն որոշած կլինի, թե ինչ պետք է անեն իրենք: «Ամեն անգամ հարկադրված եմ ավելի երկար մնալ Հայաստանում այս ծրագրի համար, բայց չէի ցանկանա կյանքիս մնացած ժամանակահատվածում միայն այս ծրագրով զբաղվել»,- ասում է Ջեկ Սարոյանը: Խմբ. - Ակնկալում ենք առողջապահության նախարարության պարզաբանումը այս կարեւորագույն խնդրի վերաբերյալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter