HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստան. թմրաբիզնեսը ծաղկում է, թմրամոլները` շատանում

Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում անազատության մեջ այսօր պահվում են 44 օտարերկրա քաղաքացիներ, ովքեր դատապարտվել կամ մեղադրվում են իրացման նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար: Նրանց ճնշող մեծամասնությունը` 80 տոկոսը, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ են:

Ընդ որում` բանտարկված 35 իրանցիներից 29-ի նկատմամբ օրինական ուժի մեջ մտած դատավճիռներ դեռեւս չկան, այսինքն` ժամանակագրական առումով վերջիններիս գործերը բավականին «թարմ» են: «Ափիոնազգի թմրամիջոցները, գործածական լեզվով ասած՝ «չերնյաշկա» կոչվածը, Հայաստան է ներկրվում հիմնականում Իրանից: Ու եթե տարիներ առաջ 5 կամ 10 գրամ «ափիոն» տեսակի թմրամիջոցի հայտնաբերումը համարվում էր լուրջ ձեռքբերում եւ բոլորիս համար զարմանալի երեւույթ, հիմա առգրավում ենք կիլոգրամներով»,- ասում է ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը, ով նախկինում զբաղեցնում էր Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի պաշտոնը:

Հարավային Կովկասի տարածաշրջանը, որն ընդգրկում է նաեւ Հայաստանի Հանրապետությունը, կապող օղակ է Կասպից եւ Սեւ ծովերի, ինչպես նաեւ Մերձավոր Արեւելքի, Թուրքիայի ու Ռուսաստանի Դաշնության համար: Այս տարածաշրջանը, ըստ էության, կրում է թմրամիջոցների առեւտրի ազդեցությունը, քանի որ իր աշխարհագրական դիրքով մոտ է Աֆղանստանից (այստեղ «ափիոն» տեսակի թմրամիջոցների տարեկան շրջանառությունից ստացվում է 25 մլրդ դոլարի եկամուտ) դեպի Ռուսաստան եւ Եվրոպա տանող թմրամիջոցների շրջանառության հիմնական ճանապարհներին[1]:

Հայաստանում հայտնաբերվող «ափիոնի» քանակը սկսել է կտրուկ ավելանալ 2004-ից հետո: Սակայն վերջին տարիներին ոչ միայն այս, այլեւ մյուս տեսակի թմրամիջոցների առգրավումների քանակը կտրուկ մեծացել է: Ըստ Ոստիկանության տրամադրած տվյալների՝ նախորդ տարի հանրապետությունում ապօրինի շրջանառությունից առգրավվել է մոտ 2,5 անգամ ավելի շատ թմրանյութ, քան 2008-ին՝ չհաշված հոգեներգործուն դեղահաբերն ու պրեկուրսորները:

Հիմնվելով այս տարվա առաջին ամիսների տվյալների վրա` միանշանակ կարելի է պնդել, որ 2010 թվականը իրավապահները կամփոփեն թմրանյութերի առգրավման ռեկորդային ցուցանիշով:

Միայն մարտ ամսվա ընթացքում Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) աշխատակիցները «Զվարթնոց» օդանավակայանում կասեցրել են Թեհրան-Երեւան-Մոսկվա-Բանգկոկ տարանցիկ ճանապարհով «մետամֆետամին» տեսակի ծանր թմրանյութի տեղափոխման 4 դեպք: Մի դեպքում 3 կգ «մետամֆետամինը» հայտնաբերվել է ԻԻՀ երկու քաղաքացու ուղեբեռում:

Երկրորդ ուղեւորը փորձել է նույն տեսակի 1 կգ 610 գ թմրամիջոցը թաքցնել հագին եղած սպորտային համազգեստի աստառում: Երրորդ դեպքում 4 օտարերկրացու որովայնում հայտնաբերվել է «մետամֆետամինով» լցված պոլիէթիլենային 130 հատ փոքրիկ տոպրակներ` 1 կգ 345 գ ընդհանուր քաշով: Իսկ չորրորդ դեպքում 4 կգ 656 գ ծանր թմրամիջոցն իրավապահներն առգրավել են 3 իրանցու ուղեբեռից, որը ներծծված է եղել բրդյա բաճկոնների մեջ:

Ըստ ԱԱԾ մամուլի կենտրոնի` վերջին դեպքով Երեւանում բացահայտվել եւ ձերբակալվել են նաեւ հանցավոր խմբի երկու պարագլուխները, որոնք կազմակերպել էին թմրամիջոցի մաքսանենգ ներկրումն ու արտահանումը (այս գործերի առնչությամբ այլ տվյալներ չենք հայտնում` հաշվի առնելով նախաքննական գաղտնիությունը):

«Վերջերս Հայաստանում մոտավորապես հավասարվել են մարիխուանա` ծխելու միջոցով թմրանյութեր օգտագործողների եւ ծանր` ներերակային թմրամիջոցներ գործածողների թվաքանակը, ինչը շատ անհանգստացնող է: Նախկինում հարաբերակցությունը 70/30 էր, այսինքն` 70 տոկոսն էր օգտագործում ծխելու միջոցով գործածվող թմրանյութեր, որոնք առաջացրած վնասների ու կախվածության առումով համեմատաբար թույլ են»,- ասում է Ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի եւ թրաֆիքինգի վարչության պետ Նազարեթ Մնացականյանը:

Ծխելու միջոցով գործածվող թմրամիջոցներից կանեփի բույսը եւ կակաչն ունեն տեղական ծագում: Հայաստանում կանեփը հիմնականում աճում է Արարատյան դաշտավայրում` երկրի հարավ-արեւմտյան հատվածում, իսկ կակաչի ծղոտը` հյուսիսային հատվածում, մասնավորապես Գեղարքունիքի մարզում: Իրավապահներն ամեն տարի լայնամասշտաբ միջոցառումներ («Կանեփ-կակաչ» եւ «Կանալ») են իրականացնում ողջ երկրի տարածքում, որի շնորհիվ հայտնաբերում եւ ոչնչացնում են նաեւ նշված բույսերի հսկայական զանգվածներ:

Ոստիկանության պետի տեղակալ Հունան Պողոսյանը, ելնելով գրանցված դեպքերի վերլուծությունից, նշում է, որ «թմրանյութերի ներկրման առումով Վրաստանի հետ կապված առանձնապես մտահոգվելու առիթ չկա, իսկ Թուրքիայից հիմնականում ներմուծվում են սպիտակ՝ «կոկաին» եւ «հերոին» տեսակի թմրամիջոցներ»: Եթե 2008-ի ընթացքում հանրապետությունում հայտնաբերվել է մոտ 0,5, իսկ նախորդ տարի` 79 գ «հերոին», ապա այս տարի մեկ գործի շրջանակներում ՀՀ իրավապահներն առգրավել են մոտ 4 կգ 750 գ «ափիոն» եւ 7 կգ «հերոին» տեսակի թմրամիջոցներ, որոնց շուկայական արժեքը, ՀՀ գլխավոր դատախազության փոխանցմամբ, կազմում է շուրջ 2 մլն ԱՄն դոլար:

«Հերոինի» այս խմբաքանակն աննախադեպ է Հայաստանի ողջ պատմության մեջ: Գործում ներգրավված են ինչպես ՀՀ եւ ՌԴ հայազգի քաղաքացիներ, այնպես էլ ազգությամբ քուրդ ԻԻՀ քաղաքացի: Ըստ նախաքննական մարմնի՝ թմրամիջոցներն Իրանից ներկրվել են Թուրքիա, այնուհետեւ Հայաստան-Թուրքիա սահմանի ապօրինի հատմամբ տեղափոխվել Հայաստան: Հայաստանը Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ չունի, հետեւաբար չեն համագործակցում նաեւ երկու երկրների իրավապահ մարմինները:

Նմանատիպ համագործակցություն գրեթե չկա նաեւ բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության պարագայում:

«Բազմաթիվ դեպքերով մեր կողմից նախաքննության ընթացքում պարզվել են Իրանի քաղաքացիների ինքնությունները, եւ համապատասխան գրություններ են ուղարկվել ԻԻՀ: Ուղարկել ենք նաեւ Իրանի քաղաքացիների նկատմամբ հարուցված քրեական գործերի պարսկերեն թարգմանությունները, որպեսզի նրանց այնտեղ ենթարկեն քրեական պատասխանատվության: Բայց շատ դեպքերում, կարելի է ասել` 99 տոկոսով, նրանց կողմից ոչ մի արձագանք չենք ստացել, ու չենք իմանում, թե ինչ ընթացք է տրվել այդ գործերին»,- ասում է ՀՀ գլխավոր դատախազության թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների գործերով բաժնի պետ Վարդան Մուրադյանը:

Իսկ գլխավոր դատախազի մամլո քարտուղար Սոնա Տռուզյանը հավելում է, որ թմրամիջոցների առումով Պարսկաստանում վիճակը շատ վատ է, քանի որ աֆղանական թմրամիջոցները ներկրվում են այդ երկիր ու ճյուղավորված տարածվում, ինչի դեմ պայքարում Իրանում տարեկան մահանում են հազարավոր մարդիկ:

«Իրանի հետ ընդհանուր համագործակցության մակարդակից իրավապահ մարմինները մի քիչ հետ են մնացել. հստակորեն սահմանված չեն իրավական համագործակցության մեխանիզմները: Այս հարցը Իրանի դեսպանի հետ հանդիպման ժամանակ գլխավոր դատախազը մի քանի անգամ բարձրացրել է, եւ արդեն կան նախնական պայմանավորվածություններ, իրենց կողմից էլ՝ շահագրգռվածություն, որպեսզի նոր որակ հաղորդվի իրավական համագործակցությանը»,- հավելում է գլխավոր դատախազի մամուլի քարտուղարը: Իրանից թմրամիջոցները մեր երկիր են ներկրվում հիմնականում Մեղրիի մաքսակետով: Այն, որ վերջին շրջանում ավելի հաճախ ոչ միայն ԻԻՀ, այլեւ ՀՀ քաղաքացիներն են փորձում Իրանից Հայաստան ներկրված թմրամիջոցներն այլ պետություններ արտահանել «Զվարթնոց» օդանավակայանով, Պետեկամուտների կոմիտեի (ՊԵԿ) մաքսանենգության դեմ պայքարի եւ կրկնակի մաքսային հսկողության վարչության պետ Ս. Սանամյանը պայմանավորում է այն հանգամանքով, որ Իրանի օդանավակայանները տեխնիկապես ավելի լավ են զինված, քան Հայաստանի «Զվարթնոց» օդանավակայանը:

Ինչ վերաբերում է Մեղրիի եւ Բագրատաշենի մաքսակետերին, Սանամյանը նշում է, որ դրանցում տեղակայված են տարածաշրջանում միակ տեխնիկական հզոր սարքավորումները, այդ թվում՝ մինչեւ 40 տոննա տարողությամբ բեռնատարները զննող սկաներները: Բացի այդ, թմրանյութեր հայտնաբերելու գործում մաքսայինի աշխատակիցներին օգնում են վարժեցված շները:

«Եթե ուղեւորի մոտ թմրամիջոց կա, նրա հոգեկանից դա զգացվում է: Նման դեպքերում ռենտգեն սարքավորումների տակով անցնելիս նա սկսում է անհանգիստ շարժումներ անել, քրտնել, իրեն վատ զգալ, եւ մենք անմիջապես նրան հրավիրում ենք կարմիր ուղի ու մանրամասն զննում ոչ միայն իրեն, այլեւ նրա ուղեբեռը: Նման դեպքերում փորձը ցույց է տալիս, որ իրոք ուղեւորի մոտ հայտնաբերվում է թմրամիջոց»,- ասում է Նախաբացթողային հսկողության վարչության Սյունիքի տարածաշրջանի Մեղրու բաժանմունքի պետ Արսեն Գալստյանը:

Նա օրինակ է բերում Բոսազադեհ Մոհամմադ Հասսան Գյոլամ Հուսեինին, ով այս տարվա հունվարին 6,2 գ «ափիոնը» փորձել է անցկացնել կոշիկի կրունկի մեջ: Իսկ երկու ամիս անց Յուսեֆ Համամին եւ Դավուդ Նուռին փորձել են մաքսակետով անցկացնել սրբիչներ, որոնցից մեկը ներծծված է եղել 3 կգ 250 գ, մյուսը՝ 3 կգ 600 գ «ափիոնով»: Այնուամենայնիվ, Մաքսանենգության դեմ պայքարի եւ կրկնակի մաքսային հսկողության վարչության պետը շեշտում է, որ թմրանյութեր հայտնաբերելու գործում մաքսավորները հիմնականում հիմնվում են ստացվող օպերատիվ տեղեկությունների վրա:

«Շատ բարդ աշխատանք է: Դեպք է եղել, երբ անընդհատ աշխատում ես ինչ-որ մեկի հետ ու հանկարծ ինֆորմացիա է տալիս, որ այդ գործը կարեւոր չէ, կարեւորը հետեւից եկողն է: Մտածում ես` ճիշտ է ասում, եթե բաց թողնես, գուցե հենց կարեւորը դա է»,- ասում է Սանամյանը եւ ընդգծում թմրամիջոցների դեմ պայքարում «վերահսկելի մատակարարման» կարեւորությունը, երբ օպերատիվ ինֆորմացիայից տեղեկանում են, որ տվյալ անձը թմրամիջոց է տեղափոխում, սակայն նրան ոչ թե ձերբակալում, այլ հետեւում են, որպեսզի բացահայտեն հանցագործների ողջ շրջանակը: «Վերահսկելի մատակարարումը» ենթադրում է, որ, ասենք, մաքսավորը, իմանալով ուղեւորի կողմից թմրամիջոցի ապօրինի տեղափոխման մասին, դիտավորյալ դա «չի նկատում»:

Սակայն Նախաբացթողային հսկողության վարչության Մեղրու բաժանմունքի պետ Արսեն Գալստյանը նշում է, թե պրակտիկայում նման դեպքեր, այսինքն` «վերահսկելի մատակարարման» կիրառություններ չեն լինում: Իբրեւ «վերահսկելի մատակարարմանը» մոտ գործունեություն Գալստյանը մատնանշում է այն դեպքերը, երբ Հայաստան ուղեւորվող մեքենաների, սովորաբար ավտոբուսների վարորդներին Պարսկաստանում հանձնում են թմրանյութ պարունակող ծանրոց ու խնդրում Երեւանում այն տիրոջը հանձնելու համար զանգահարել արկղի վրա առկա հեռախոսահամարով:

Նման դեպքերում, երբ մաքսային զննման արդյունքում թմրամիջոցը հայտնաբերվում է, մաքսանենգության դեմ պայքարի բաժնի աշխատակիցներն ուղեկցում են ավտոբուսը, որպեսզի պարզեն, թե ով է գալու թմրամիջոցի ետեւից: Հայաստանում քիչ չեն այն քրեական գործերը, որոնցով անցնում են վարորդներ` մեղադրվելով մաքսանենգ ճանապարհով Իրանից Հայաստան ապօրինի թմրամիջոցներ տեղափոխելու մեջ: Օրինակ` Ասղար Ալիի Սադիղ-Մեսգարը Հայաստանում դատապարտվել է 11 տարվա ազատազրկման: Որպես վարորդ աշխատելով «Ազար-Թիզ-Յալ» տրանսպորտային ընկերությունում` նա 2002-2005 թթ. տարբեր դրվագներով կապանցի Դավիթ Գալստյանին վաճառել է խոշոր չափի «ափիոն» տեսակի թմրամիջոց: Դավիթն էլ իր հերթին գրամը 20 ԱՄՆ դոլարով սկսել է թմրամիջոցն իրացնել իր սանիկին` Արթուր Կարապետյանին:

Արդյունքում վերջինս Դավիթին 5-6 կգ թմրամիջոցների համար վճարել է 70-80 հազար ԱՄՆ դոլար` պարտք մնալով շուրջ 40 հազար դոլար: Արթուրը նույնպես սկսել է զբաղվել «ափիոնի» իրացմամբ` հասցնելով 2-3 անգամ 0,75 գ թմրամիջոցը վաճառել Ա. Ներսիսյանին: Սակայն շուտով Արթուրը մերկացվել է եւ դատապարտվել 6 տարվա ազատազրկման:

Իսկ Դավիթ Գալստյանի մասով հայտարարվել է հետախուզում, ու գործի քննությունը մնացել կասեցված: «Այսօր ամենացավոտ կողմերից մեկն էլ այն է, որ թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը, որպես բիզնես, շատ գայթակղիչ է: Պարսկաստանում 1 գ «չերնյաշկան» արժե 1 դոլար, Հայաստանում` 20 հազար դրամ: Իսկ ուրիշ այդ ի՞նչ բիզնես կարող ես անել, որ ավելի քան 50 անգամ շահութաբերություն ապահովես: Դրա համար էլ շատ մարդիկ գայթակղվում են դրանով` իբրեւ փող բերող գործ»,- ասում է Սանամյանը, սակայն միեւնույն ժամանակ ընդգծում, որ Հայաստանում «լուրջ բառիկներ» չկան. «Նարկոբարոն ասվածը մեզ մոտ չկա: Մենք ընդամենը ունենք հաց փախցնողներ»: Ըստ Ոստիկանության տվյալների` Հայաստանի սեւ շուկայում թմրամիջոցներն ունեն հետեւյալ գները.

Դարձյալ Ոստիկանության տվյալներով` անցյալ տարի Հայաստանում հայտնաբերվել է իրացնելու նպատակով թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի, դրանց համարժեքների եւ պրեկուրսորների ապօրինի շրջանառության (ՀՀ քրօր.-ի 266 հոդված) 539 դեպք` 2008 թվականի 284-ի փոխարեն: Մեր զրուցակից բոլոր պաշտոնյաները հանցագործությունների բացահայտումների եւ առգրավված թմրամիջոցների ավելացումն ավելի շատ կապում են իրավապահ մարմինների աշխատանքների որակի բարձրացման հետ:

Իսկ «որքա՞ն են կազմել երկրում թմրանյութերի ապօրինի շրջանառության իրական ծավալները» հարցին ի պատասխան` Մեղրու զննման բաժանմունքի պետ Արսեն Գալստյանը նշում է, թե աշխարհի փորձը ցույց է տալիս, որ երկրի ներսում հայտնաբերվում է թմրանյութերի մաքսանենգության դեպքերի 7 տոկոսը. «Թե կոնկրետ մենք ինչքան ենք հայտնաբերում, չեմ կարող ասել: Ուղղակի վերջին ժամանակաշրջանում ավելի շատ ենք հայտնաբերում` լավ աշխատանքի շնորհիվ»:

Ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի եւ թրաֆիքինգի վարչության պետ Նազարեթ Մնացականյանն էլ, հղում անելով միջազգային փորձագետների կարծիքին, ասում է, որ ցանկացած երկրում առգրավվում է շրջանառվող թմրամիջոցների միայն 10 տոկոսը:

«Ստացվում է, որ անցյալ տարի Հայաստանում շրջանառվել է ավելի քան կես տոննա թմրամիջո՞ց» հարցին Մնացականյանը պատասխանում է, թե ասվածը զուտ կարծիք է եւ ոչ ավելին: Գլխավոր դատախազության թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների գործերով բաժնի պետ Վարդան Մուրադյանի կարծիքով էլ անցյալ տարի հանրապետությունում հայտնաբերված շուրջ 57 կգ թմրամիջոցները շրջանառության իրական ծավալների 20-30 տոկոսն են կազմում. «Բայց հստակ որեւիցե մեկը չի կարող ասել»:

Նա նաեւ նշում է, որ թմրամիջոցների ապօրինի շրջանառության աճը պայմանավորված է թմրամիջոցների նկատմամբ պահանջարկի ավելացմամբ, ուստի պետք է ամեն ինչ անել երկրի ներսում այդ պահանջարկը նվազեցնելու համար:

Իսկ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի եւ կրկնակի մաքսային հսկողության վարչության պետ Ս. Սանամյանը, մոտավոր հաշվարկելով երկրի ներսում առկա պահանջարկը, նշում է, որ Հայաստանում ամսական սպառվում է մոտ 45 կգ թմրամիջոց: «Տարբեր հետազոտությունների արդյունքներով համարվում է, որ Հայաստանում մոտ 3000, իսկ որոշ տվյալներով` 3300 հոգի ստաբիլ օգտագործում է թմրամիջոցներ: Հիմա նայեք. ենթադրենք` ունենք 3000 թմրամոլ:Եթե ամեն մեկն օրական ստանա իր չափաբաժինը` 0,5 գ, ամսական կունենանք 45 կգ: Ոստիկանությունն ասում է, որ ես քիչ եմ ասում. ամսական Հայաստան է մտնում 70-80 կգ: Բայց ես ուղղակի պրիմիտիվ հաշվարկ եմ անում»,- ասում է Սանամյանը: Նարկոլոգիական կլինիկան Հայաստանում թմրամիջոցներից կախվածության բուժումն իրականացնող հիմնական հաստատությունն է: Կլինիկայի տնօրեն, ՀՀ գլխավոր նարկոլոգ Պետրոս Սեմերջյանի խոսքերով` այսօր Հայաստանում գրանցված է 1740 թմրամոլ` նախորդ տարվա 1141-ի փոխարեն:

Ըստ նրա` թմրամոլությունը Հայաստանում 50%-ով աճել է, բայց սա հիմնված է միայն առողջապահության նախարարության տվյալների վրա, այսինքն` այն մարդկանց թիվն է, ովքեր թեկուզ մեկ անգամ բուժման նպատակով դիմել են ԱՆ նարկոլոգիական ծառայություն: Պետրոս Սեմերջյանի ներկայացմամբ` տարբեր փորձագետների մոտավոր հաշվարկներով Հայաստանում այսօր թմրամոլների քանկը 30 հազար է, որից 5-7 հազարը ներերակային ճանապարհով օգտագործում է ծանր թմրամիջոցներ:

«...Իր աշխարհագրական դիրքով Հայաստանը գտնվում է Ասիայից Եվրոպա տանող թմրամիջոցների շրջանառության խաչմերուկում եւ վերջին ժամանակներում տարանցիկ ճանապարհ է դարձել թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար` միաժամանակ չունենալով անհրաժեշտ տեխնիկական միջոցներ` այս խնդրին լիովին հակազդելու համար (Թմրամիջոցների միջազգային հսկողության խորհուրդ, 2008 թ.)»,- նշված է Թմրամիջոցների վերաբերյալ ազգային զեկույց 2008-ում: Մեր զրուցակից պաշտոնյաները նշում են, որ Հայաստանի առջեւ ծառացել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության տարանցիկ երկիր դառնալու վտանգը, սակայն այսօր մեր երկիրն այդպիսին չէ, եւ իրավապահ մարմինները շարունակելու են ամեն ինչ անել վտանգը չեզոքացնելու համար:

Գլխավոր դատախազության թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների գործերով բաժնի պետ Վարդան Մուրադյանը վստահեցնում է, որ ընդամենը 4 քրեական գործերի վերլուծությամբ կարելի է ասել, որ փորձեր արվել են Հայաստանով թմրանյութեր տեղափոխել այլ երկրներ, սակայն դրանք կանխվել են: Իսկ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը նշում է, թե չկա այնպիսի տեղեկատվություն, ըստ որի` Հայաստանը այս կամ այն երկիր տեղափոխված թմրանյութի խմբաքանակի համար ծառայել է իբրեւ տարանցիկ երկիր: «Մենք վերջերս տեղեկատվություն ենք ստացել Բուլղարիայի Հանրապետությունից, որ դեռեւս 2008-ին այնտեղ հայտնաբերված մոտ 375 կգ «հերոինի» խմբաքանակը եկել է Թուրքիա, Պարսկաստան, Վրաստան եւ ենթադրություններ են անում, որ Հայաստան երթուղով: Նրանց իրավապահների հետ փոխադարձ կապի մեջ ենք, փորձում ենք ճշտել` Հայաստանն այդ խմբաքանակի համար իրոք տարանցիկ երկիր հանդիսացե՞լ է, թե՞ ոչ,- ասում է Հունան Պողոսյանը,- բայց այստեղ մի նրբություն էլ կա. սահմաններում հսկողությունն իրականացնում են Մաքսային ծառայությունը եւ ԱԱԾ-ն: Բեռներ կան, որ տարանցիկ գալիս են այլ երկրներից եւ ըստ իրենց օրենքների, մաքսային ձեւակերպումների` դրանք ստուգման ենթակա չեն կամ ենթակա են մասնակի ստուգման: Այս ամենը ճշտելու կարիք ունի»:

«Այդ գործի մասին մենք տեղեկացել ենք ՄԱԿ-ի թմրամիջոցների եւ պրեկուրսորների վերահսկման կոմիտեի զեկույցից եւ այդ ուղղությամբ աշխատանքներ ենք տանում, որպեսզի մանրամասներ պարզենք ու նմանատիպ դեպքերի բացառման հետ կապված միջոցառումներ իրականացնենք: Մեզ ոչ բուլղարացիները, ոչ էլ մյուս միջազգային կառույցներն այդ դեպքի մասին ոչինչ չեն ասել, եւ միայն զեկույցից ենք իմացել»,- հավելում է Ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի եւ թրաֆիքինգի վարչության պետ Նազարեթ Մնացականյանը:

------------------------------------

[1] Թմրամիջոցների վերաբերյալ ազգային զեկույց 2008: Սա թվով 4-րդ, բայց դեռեւս վերջին տարեկան զեկույցն է, որը հրապարակվում է Հարավային Կովկասում թմրամիջոցների հակազդման ծրագրի շրջանակներում: Իրանից Հայաստան ներմուծվող ափիոնային թմրամիջոցներն ունեն հենց աֆղանական ծագում:

Հետաքննությունը կատարվել է Հետաքննական լրագրության դանիական ասոցիացիայի (SCOOP) աջակցությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter