HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Ես տուն եմ երազում, մեզ տուն տվեք»

Արդեն մի քանի օր է Արարատի մարզի Սիփանիկ գյուղում բնակվող Նինա Բաբախանյանի 9 հոգուց բաղկացած ընտանիքը չի կարողանում ապրել սեփական տանը: Պատճառը գյուղում օրեցօր բարձրացող ստորգետնյա ջրերն են, որոնք ողողել են շատերի նկուղները եւ ցանքատարածությունները: 10 օր է անցել այն օրից, երբ ստորգետնյա ջրերի մակարդակը կտրուկ բարձրացել էր ու լցվել Ն. Բաբախանյանի մեկ հարկանի փոքրիկ տունը: Հիմա էլ ջրերը բակը վերածել են փոքր լճակի: 5 օր շարունակ երեխաներն ու ընտանիքի չափահաս անդամները տան մեջ քայլել են ջրերի միջով: Նինա տատի դստեր` Նարինե Սարգսյանի պատմելով, 5 տարի շարունակ իրենք ապրել են ջրերի մեջ, սակայն այս տարի անձրեւների պատճառով ստորգետնյա ջրերի մակարդակը շատ է բարձրացել, ինչն էլ խարխլել է տան պատերը: Զուտ պատահականությամբ տան փլվող պատի տակ չի հայտնվել 9-ամյա Լիլիթը: Տան սենյակներից մեկի պատը փուլ է եկել աղջնակից ընդամենը մի քանի սանտիմետր հեռու: Այդ տանն ապրում են անկողնային հիվանդ Նինա տատը, նրա երկու աղջիկներն ու 5 անչափահաս թոռները: Երեխաներից մեծը այժմ ծառայում է Ազգային բանակում: Ամեն անգամ, երբ ջրի մակարդակը բարձրացել է, երեխաներին տեղափոխել են Երեւանում ապրող բարեկամների տուն: Բայց քանի որ 5 տարի շարունակ այս վիճակում են ապրում, Նարինեի ասելով` «արդեն հոգնել են քոչվորի կյանք վարելուց» եւ որոշել մնալ ջրով լցված տանը: Հուսահատությունից եւ վատ սոցիալական պայմաններից ելենելով` ընտանիքը որոշել էր նույնիսկ դուրս չգալ քանդված տնից, սակայն ժամանել են փրկարար ծառայության աշխատակիցները եւ նրանց հանել տնից: Արարատի մարզպետարանը մի քանի օր անց 2 վագոն-տնակ է հատկացրել, որտեղ էլ այժմ ապրում են: Տնակներն այնքան էլ բարվոք վիճակում չեն` տանիքը կաթում է: Նինա տատի ընտանիքին պատկանող հողակտորի վրա նույնիսկ մի քառակուսի մետր չոր տարածք չի գտնվել, որ տնակները տեղադրեն: Դրանք դրված են ցեխերի մեջ շարված քարերի վրա: Ծանրությունից մի քանի անգամ քարերը շուռ են եկել, ու տնակը թեքվել է: 2 օրը մեկ վագոն-տնակի տակ նոր քարեր են տեղադրում, որ ժամանակավոր կացարանը շուռ չգա: Փլված տանն է մնացել նաեւ տան կահույքը: Նրանք վախենում են կահույքը վագոն-տնակ բերել, քանի որ դա լրացուցիչ ծանրություն կլինի: «Այնքան հուսահատված էինք, որ փրկարարները մեզ փլված տնից դուրս էին հանում, բայց դուրս չէինք գալիս: Մեր սոցիալական վիճակն էլ շատ վատ է, արդեն հոգնել ենք: Որոշեցինք բոլորս էլ մնալ մեր փլված տան մեջ ու մահանալ: 5-6 օր մնացել ենք ջրերի մեջ, մինչեւ մարզպետարանը վագոն-տնակներ է հատկացրել»,- պատմում է Նարինեն: Մեր այցելության պահին նրա քույրը` Կարինեն, տանը չէր: Վերջինիս երկու երեխաները` Լիլիթն ու Ֆելիքսը, հանգիստ նստած էին տատի կողքին: Մեզ տեսնելով` Լիլիթն արտասվելով առաջ եկավ. «Ես տուն եմ երազում, մեզ տուն տվեք»,- ասաց 9-ամյա աղջիկը: Խոնավությունից երեխաներն անընդհատ հիվանդանում են, Նինա տատը նույնպես խոնավությունից է անկողին ընկել եւ հիմա ծանր թոքաբորբ է տանում: Լիլիթը խրոնիկ բրոնխիտ ունի, իսկ նրա եղբայրը` Ֆելիքսը, երիկամների նիֆրիտ: Նարինեն նույնպես հիվանդ է` շաքարային դիաբետ ունի: Նրա երեխաներն ավելի մեծ են` սովորում են 6, 7, 8-րդ դասարաններում եւ կարողանում են քիչ թե շատ հաղթահարել դժվարությունները: Հեռախոսով զրուցեցինք նաեւ նրանց ընտանեկան բժշկի հետ: Նաիրա Վարդազարյանը դժվարությամբ համաձայնվեց պատմել երեխաների հիվանդությունների մասին` պատճառաբանելով, թե շտապ կանչ ունի ու պիտի գնա: Նրա բջջային հեռախոսը վերցրեց ամբուլատորիայի տնօրեն Էռնեստ Բալոյանը, ու այդ պահին լսվեց բժշկուհու ձայնը. «Էդ լրագրողին ասա, թող իրա զանգերով էլ չզզվացնի»: Տնօրենը նույնպես ուրախ չէր, որ զանգահարել էինք: «Դու իրենց սոցիալական պայմանների մասին ես գրում, չեմ հասկանում, թե այստեղ ի՞նչ կապ ունի երեխաների հիվանդությունը: Իրանց խնդիրը պատի փլվելն է»,- պատասխանեց Է. Բալոյանը: «Բայց չէ՞ որ երեխաների հիվանդությունը սոցիալական դրդապատճառներ ունի»,- հակադարձեցինք ամբուլատորիայի տնօրենին: «Մինչեւ այդ ընտանիքի սոցիալական պայմանները չբարելավվեն, երեխաները միշտ էլ հիվանդ կլինեն: Նույնիսկ եթե բուժվեն, խոնավության պատճառով հիվանդությունները նորից կկրկնվեն: Ես անձամբ եմ եղել նրանց տանը եւ կարող եմ ասել, որ այնտեղ ապրելն անհնար է: Մարդը պետք է նորմալ պայմաններում ապրի: Մեզանից հասնում են միայն պրոֆիլակտիկ աշխատանքները, այլ բան չենք կարող անել»,- ավելացրեց Էռնեստ Բալոյանը: Թեեւ բժիշկները մեր նկատմամբ այնքան էլ բարեհաճ չէին, բայց Նարինեն նրանցից շատ գոհ էր, քանի որ անվճար դեղեր են հատկացրել երեխաներին: Նինա տատի ընտանիքը նախկինում ապրել է Երեւանում: Բնակարան են ունեցել, սակայն ֆինանսական դժվարությունների պատճառով վաճառել են ու տեղափոխվել Սիփանիկ: «Հույս ունեինք, որ կգանք գյուղ, հող կմշակենք, կապրենք: Որ հողն առանք, լավ էլ չոր էր, նման բան չկար, դրանից 2-3 տարի հետո սկսեցին ջրերը բարձրանալ»,- ասում է Նարինեն: Սիփանիկում բոլորն էին նշում, որ 9 հոգանոց ընտանիքը ամենակարիքավորն է գյուղում: Նրանց միակ եկամուտը քույրերի ստացած 48 000 դրամ նպաստն է եւ Նինա տատի 15 000 դրամ թոշակը: Ընտանիքում ոչ մեկը չի աշխատում: Ներկայացնելով իրենց սոցիալական վատ պայմանները` Նարինեն հիշեց, որ երբ անցյալ տարի թոքերի հիվանդությունից հայրը մահացավ, իրենք ընդամենը 20 դրամ ունեին: Դիակը մնացել է տանը եւ չեն կարողացել թաղել: Դիահերձման տանելու համար շտապօգնության մեքենա են կանչել, բայց ավտեմեքենան եկել է ու գումար պահանջել: «Գյուղապետարանն է դագաղ առել ու հորս թաղել,- ասում է Նարինեն ու ավելացնում:- Ամբողջ գյուղն էլ գիտի, որ մենք վատ ենք ապրում, ու շատ են լինում օրեր, երբ ուտելու հաց չենք ունենում: Իմ տղան է իմ աշխատուժը, բայց հիմա բանակում է: Հող էլ չունենք, որ մշակենք, ապրենք: Սեփականաշնորհում չունենք, իսկ տնամերձն էլ ամբողջությամբ ջրի մեջ է: Գոնե հող լիներ, երեխեքի հետ կչարչարվեի, հող կմշակեի, բայց դա էլ չկա»: Նրանց տնամերձ հողը 1000 քմ է, հիմա` ամբողջությամբ ջրի մեջ: Խոնավությունն այնքան շատ է հողում, որ արդեն տեղ-տեղ ճահճացել է, ու եղեգներ են աճել: Նինա տատն էլ ասաց, որ Արարատի մարզպետարանից մասնագետներ են եկել, ստուգումներ են արել ու պարզել, որ հողակտորը որոշ ժամանակ մշակության համար պիտանի չէ: «Արարատի մարզպետն էլ գիտի մեր մասին, բոլորն էլ գիտեն: Մոտ երկու շաբաթ առաջ մարզպետարանից 20 000 դրամ օգնություն ենք ստացել ու մեկ էլ այս վագոն-տնակների հատկացումն էր: Գյուղապետն է մեզ շատ օգնել: Բայց ամեն հարցով չեմ կարող վազել գյուղապետարան, ասել` գյուղապետ, գիտե՞ս` իմ երեխան սոված է: Արդեն մի քիչ էլ ինքնասիրության հարց է, բայց երեխեքիս համար ամեն ինչ մի կողմ եմ դրել, երեսս սեւացրած` հաց եմ ուզել սրանից-նրանից, որ գոնե ուտեն, սոված չմնան: Հիմա իմ մտահոգությունը մենակ երեխեքիս օրվա հաց ապահովելն է»,- ասում է Նարինեն: Սիփանիկի համայնքապետ Հայկ Բադալյանն ասաց, որ ստորգետնյա ջրերի բարձրացումը լուրջ խնդիր է իրենց գյուղի համար եւ չգիտի, թե հարցն ինչպես է լուծվելու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter