Քրեական գործ «Հայպետհիդրոմետի» տնօրենի և ԲՆ բաժնի պետի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու առթիվ
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ «Հայպետհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրենի և ՀՀ բնապահպանության նախարարության վարչատնտեսական բաժնի պետի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ:
Վերահսկիչ պալատից ստացված նյութերի ստուգմամբ պարզվել է, որ «Հայպետհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրենը «Սևանա լճում և նրա ավազանում կատարվող հիդրոօդերևութաբանական մոնիտորինգ» ծրագրի շրջանակներում հիդրոլոգիական հատուկ նշանակության նավ ձեռք բերելու համար, հիմք ընդունելով ՌԴ «Բրիգանտինա» ՍՊ ընկերության տնօրենի 2005թ. հուլիսի 22-ի նամակի պատճենն այն մասին, որ «ՌՄ-376» տեսակի նորակառույց նավն արժե 9-10,0 մլն ՌԴ ռուբլի, նշված գինն ընդգրկել է ՀՀ բնապահպանության նախարարության 2006թ. բյուջետային հայտում:
Նավի մատակարարման համար ՀՀ պետական բյուջեով 2006 թ.-ին նախատեսվել և հետագայում «Կամար» ՓԲ ընկերությանը վճարվել է 153,0 մլն դրամ (ներառյալ փոխադրման համար նախատեսված 18,0 մլն. դրամը):
Պարզվել է, որ «Կամար» ՓԲԸ-ն ձեռք է բերել ոչ թե 9-10 մլն ռուբլի, այլ 46 մլն 923 հազար 200 դրամին համարժեք, 3,2 մլն ՌԴ ռուբլի արժողության «ԲՊՄ-74 Մ-ԺԴ» տեսակի ձկնորսական նավ՝ ՌԴ «Ախտարսկայա Սուդովերֆ» ՓԲ ընկերությունից:
ՀՀ բնապահպանության նախարարության վարչատնտեսական բաժնի պետը, նույն նախարարության աշխատակազմի ղեկավարի հրամանով օժտված լինելով պատվիրատուի ղեկավարի լիազորություններով, չնայած «Կամար» ՓԲԸ-ի ձեռք բերած «ԲՊՄ-74 Մ-ԺԴ» տեսակի ձկնորսական նավը չի համապատասխանել տեխնիկական բնութագրին, այսինքն` ցածր է եղել հայտում ու գնման պայմանագրում նշված տեխնիկական չափորոշիչներից, չի կատարել ծառայողական պարտականությունները և ՊՈԱԿ-ի տնօրենի ցուցումով, առանց առարկայական և փաստաթղթային ուսումնասիրության, հաստատել է վերջինիս ներկայացրած 2007թ. մարտի 16-ի թիվ 06/88-1-Ե եզրակացությունը, թե 153,0 մլն դրամ արժեքով «Կամար» ՓԲ ընկերության մատակարարած նավը համապատասխանում է պայմանագրի տեխնիկական բնութագրի պահանջներին:
Արդյունքում թիվ 1 հանձնման-ընդունման արձանագրությամբ նավն ընդունվել է ՀՀ բնապահպանության նախարարության կողմից, որպիսի գործողությունների հետևանքով պետության օրինական շահերին պատճառվել է էական գույքային վնաս:
Նկատի ունենալով, որ ստուգման նյութերով «Կամար» ՓԲԸ ընկերության տնօրենի, գլխավոր հաշվապահի և «Հայպետհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրենի, բնապահպանության նախարարության վարչատնտեսական բաժնի պետի գործողություններում կան ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործությունների հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Քրեական գործն ուղարկվել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչություն՝ նախաքննություն կատարելու:
Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել