HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Էժանագին հայրենասիրութեան խաղ կամ կեղծ սոցիալիզմ»

ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարար Արմէն Աշոտեանի գլխաւորած պատւիրակութիւնը պաշտօնական այցով Իրանում է (մայիսի 21-26): Բացի պետական կրթութեան ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպումից` նախատեսւած է հանդիպում` թեհրանահայ համայնքի ազգային կառոյցների եւ հասարակութեան հետ: Եւ ահա, երէկ, ազգային առաջնորդարանի դահլիճում, պրն. նախարարին եւ նրա գլխաւորած պատւիրակութեանն ընդունեցին ազգային իշխանութեան ներկայացուցիչները: Եւ թերեւս այս հանդիպման մանրամասներն առաւելագոյնս այլ կերպ լուսաբանւէին, եթէ Հայաստանում օտարալեզու դպրոցների վերաբացմանը վերաբերող հարցին ի պատասխան` երկար ու մանւածապատ բացատրութիւնների ընդմիջից պրն. նախարարը որպէս պետութեան ներկայացուցիչ այր` իրեն թոյլ չտար հարցին ընդդիմացող հէնց հայաստանեան լուրջ մտաւորականների եւ քաղաքագէտների, ինչպէս նաեւ աւանդական կուսակցութիւն համարւող Դաշնակցութեան ներկայացուցիչների, կուսակցութիւն, որը մի ողջ տասնամեակներ հայրենիքից հեռու իր ուսերին է տարել ազգապահպանման ծանր բեռը, նրանց հարցին ընդդիմանալու դրսեւորումներն անւանէր էժանագին հայրենասիրութեան խաղ կամ կեղծ սոցիալիզմ: Պրն. նախարար, չմոռանանք շեշտել, որ հէնց հարցի պատասխանի սկզբում դուք, երեւի Ձեզ նախապէս ապահովագրելու համար, շեշտեցիք, որ մամուլը, միտումնաւոր կամ հիմա ոչ-միտումնաւոր, աղաւաղել է Ձեր ներկայացրած առաջարկների փաթեթը: Չէ՞ք կարծում, որ մի փոքր շատ են Ձեր ազգապահպանման հիմքերը խարխլող նախագծին ընդդիմացողները, որն անցնում է եւ մամուլի աղաւաղումների սահմանագիծը, եւ «էժանագին հայրենասէրներ»-ի ձեւակերպումները եւ կեղծ սոցիալիզմ խաղացողների «բանակ»-ը: Իսկ ի՞նչ կասէք այս դէպքում, երբ բուռն ընդդիմախօսը ոչ աւել, ոչ պակաս Յասմիկ Նաւասարդեանն է` Հանրապետական կուսակցութեան հիմնադիր (որի անդամ էք նաեւ դուք) լուսահոգի Աշոտ Նաւասարդեանի այրին, որը մայիսի 22-ին Անկախ լրատւական կայէջքում տպագրւած յօդւածում շեշտում է. «Աշոտը չէր հանդուրժի օտարալեզու դպրոցները» եւ ցաւով աւելացնում. «Աշոտ, կը պատկերացնէի՞ր, որ ամբողջ կեանքդ կը նւիրես Հայաստանի անկախութեանը, 13 տարի բանտերում կանցկացնես` յանուն անկախութեան ու քո մահից 13 տարի անց քո ստեղծած կուսակցութիւնը օտարալեզու դպրոցներ կը բացի ու քո վաստակը ջուրը կը գցի»: Ահաւասիկ, սա Ձեր իսկ կուսակցութեան կարկառուն հիմնադիրներից մէկի այրու սրտի ցասումն է, որին դժւար թէ հնարաւոր լինի դասել էժանագին հայրենասիրութիւն խաղացողների շարքերում: Այնպէս որ` սթափւէք, եւ կը խնդրէինք Ձեզ, որպէս նաեւ իրաւատէրը ազգապահպանման կռւանի, զգոյշ լինէք Ձեր արտայայտութիւններում, քանզի դրանք հիասթափեցնող են, որովհետեւ այնքանով է հարուստ այն մարդկանց կենսափորձը, որոնց դուք անւանում էք էժանագին հայրենասիրութիւն խաղացողներ, որ այդ կենսափորձը որեւէ տարակուսանքի ենթակայ չէ: Իսկ մենք Սփիւռքում արդէն ընտելացել ենք, որ հայապահպանման ու ազգապահպանման հիմնաւոր խնդիրներում մեր դիրքորոշումը բարձիթողի մատնւի. վկան` հայ-թուրքական արձանագրութիւնների գործընթացը, որի սփիւռքեան ճշմարտացիութեանը դուք յանգեցիք ամիսներ յետոյ… Յուսով ենք, որ Ձեր կողմից որակւած էժանագին հայրենասիրութիւն խաղացողների բանակի գաղափարախօսութիւնն էլ կը յաղթի: Արմինէ Էլիազեան «Ալիք» օրաթերթ, 23 մայիսի, 2010թ.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter