HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անի Հովհաննիսյան

Նրանք արդեն Երեւանում են

Երբ մի քանի տարի առաջ լսում էի “Smoke on the water”-ը, երբեք չէի պատկերացնում, որ մի օր բախտ կունենամ գնալու Deep Purple լեգենդար խմբի ասուլիսին` այն էլ Հայաստանում: Լրագրողների հետ հանդիպումը տեւեց մոտ 30 րոպե, որի ընթացքում իրար հերթ չտվող հարցերին լեգենդները պատասխանում էին ամենայն անտարբերությամբ` կարծես հուշելով, որ իրենց իսկական ասելիքը վաղը կարող ենք լսել` Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Համերգին խումբը հանդես կգա իր ամբողջական կազմով.

Իեն Գիլան (վոկալ) Սթիվ Մորս (կիթառ) Ռոջեր Գլովեր (բաս-կիթառ) Դոն Էյրի (ստեղնաշարային գործիքներ) Իեն Փեյս (հարվածային գործիքներ) Տասնամյակների ընթացքում նրանց ամենալսվող երգերն այսօր նույնքան սիրելի են, ինչ 1960-ականներին:

Այս հանգամանքը խմբի վոկալիստ Իեն Գիլանը բացատրում է հետեւյալ կերպ. «Դա ինչ-որ կախարդական բան է. երեւի պատճառն այն է, որ կապ ես հաստատում նրանց հետ, ովքեր լսում են քեզ»: Շատերի մոտ թյուր կարծիք կա, որ Deep Purple-ն առաջին անգամ է համերգով հանդես գալու Հայաստանում, սակայն պետք է հիշել, որ սրանից 20 տարի առաջ խումբը բարեգործական ծրագրով ելույթ ունեցավ հայ հանդիսատեսի համար. «Հայաստանում առաջին անգամ երգել ենք երկրաշարժից հետո` հենց նույն համերգասրահում, որտեղ պիտի երգենք վաղը: Առաջին ելույթից հետո կապվեցի այս երկրի հետ. անձնապես սիրում եմ ձեր երկիրը»,- ասում է Գիլանը:

Լրագրողներին հետաքրքրում էր, թե արդյո՞ք Իեն Գիլանը հետեւողական է եղել իր համերգից ստացված գումարների` հասցեատիրոջը հասնելուն. «Մենք հետեւում ենք նախաձեռնությանը, եւ ես նույնիսկ տեսել եմ նոր շենքի առաջին նախագծերը»,- նշեց Գիլանը: Երաժիշտներն իրենց հանճարեղ կատարողականության մասին համեստորեն խոսեցին:

Իեն Փեյսը, որ հայտնի է իր կրքոտ եւ  ճկուն հարվածներով, փորձեց հավաստել, թե ինքը հարվածային գործիքներից շատ քիչ բան է հասկանում. «Որոշ տեխնիկական հնարանքների եմ տիրապետում ընդամենը, եւ ոչ ավելին: Կարեւորն այն է, թե քո նվագելով որքան մարդկանց ես հաճույք պատճառում»,- ժպտալով հայտնում է Փեյսը: Բոլոր նրանք, ովքեր արդեն կարողացել են ձեռք բերել Deep Purple-ի թանկարժեք տոմսերը (մոտ 19.000 դրամ եւ ավելին), սրտատրոփ սպասում են վաղվան` վայելելու աշխարհահռչակ Purple-յան ռիթմերը` ընդամենը մի քանի մետր հեռավորությունից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter