HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տավուշի մարզում բացվել է Հայ-ֆրանսիական բարեկամության ջրանցքը

Մայիսի 22-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամը Տավուշի մարզում բացեց Հայ-ֆրանսիական բարեկամության ջրանցք«Հայաստան» համահայկական հիմնադրամի ջանքերով և Օ-դը-Սենի նահանգային խորհրդի ֆինանսավորմամբ 15 կմ ձգվող Խաշթառակ-Լուսահովիտ-Դիտավան ջրագիծը վերակառուցվել է և ավելացվել 500 մ-ով, ինչի արդյունքում լուծվել է երեք համայնքների ավելի քան 600 հա հողերի ոռոգման հարցը: Ի պատիվ բարերարների` ջրագիծը վերանվանվել է և կոչվում է Հայ-ֆրանսիական բարեկամության ջրանցք: Ջրանցքի վերագործարկումը երկար սպասված իրադարձություն էր տեղացիների համար, և երեք համայնքների բնակիչները` փոքրից մինչև տարեց, հավաքվել էին հյուրերի հետ կիսելու իրենց ուրախությունը: Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, շահառու համայնքների ղեկավարներ և այլք: Միջոցառման պատվավոր հյուրն էր Ֆրանսիայի տնտեսական զարգացման նախարար, Օ-դը-Սեն նահանգի գլխավոր խորհրդի նախագահ Պատրիկ Դևեջյանը: Ներկա էին նաև հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի անդամներ` ատենապետ Պետրոս Թերզյանի գլխավորությամբ: Նախօրեին Պատրիկ Դևեջյանը հյուրընկալվել էր «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչությունում, որտեղ հայտարարեց, որ այսուհետև ամեն տարի Օ-դը-Սեն նահանգը գյուղական համայնքների զարգացման համար Հայաստանին կտրամադրի 500.000 եվրո դրամաշնորհ` պայմանով, որ գումարները արդյունավետ օգտագործվեն: Ջրանցքի բացման առիթով իր ելույթում Պատրիկ Դևեջյանը հավաստեց, որ լիովին բավարարված է իրականացված աշխատանքներով և ևս մեկ անգամ ընդգծեց հիմնադրամի հետ համագործակցությունը շարունակելու իրենց հաստատակամությունը: Փոխվարչապետ Արմեն Գևորգյանը կառավարության անունից շնորհակալություն հայտնեց Օ-դը-Սեն նահանգային խորհրդից Տավուշի գյուղական համայնքների տնտեսական զարգացմանն իրենց նպաստը բերելու համար: Իր խոսքում նա մասնավորապես նշեց, որ չկա գյուղատնտեսություն առանց ջրի, և փաստեց ջրանցքի կարևորությունը շահառու համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման համատեքստում: Ոռոգման հարցի կարգավորումից բացի` Օ-դը-Սենի տրամադրած դրամաշնորհով տեղի գյուղատնտեսներին հատկացվել է մշակաբույսերի և պտղատու ծառերի տնկիներ` խուրմա, շողպար, ճապոնական զկեռ, այլ հատուկ տեսակներ, որոնք ներույթ են Հայաստանի համար, և դրանցից ստացված բերքի իրացումն ապագայում խոստանում է եկամուտ ապահովել գյուղացիներին: Օրինակ, տարեկան երեք անգամ բերքատվություն ապահովող մառա-դե-բուա տեսակի ելակն արդեն իսկ իրացվում է տեղական շուկայում: Ներկայումս «Հայաստան» համահայկական հիմնադրամի Տավուշի գյուղական համայնքների զարգացման ծրագիրն ընդլայնում է շահառու 6 գյուղերի ցանկը ևս 8-ով, ընդգրկելով` Գետահովիտ, Վազաշեն, Այգեհովիտ, Կայան, Սարիգյուղ, Բերքաբեր, Ծաղկավան, Սևքար համայնքները: Եզրափակիչ փուլում են Օ-դը-Սեն նահանգի հետ հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի բանակցությունները, որոնց արդյունքում ակնկալվում է հաջորդ դրամաշնորհն ուղղել Այգեհովիտ-Վազաշեն ջրանցքի վերակառուցմանը և ընդլայնմանը, ինչպես նաև տնկարանի, ջերմոցների և գյուղատնտեսական սարքավորման երկու բազաների հիմնմանը: Այս մասին նշվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տարածած մամուլի հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter