
Հայ ազգային կոնգրեսի մարզային հանրահավաքների շարքը սկսվել էր Գյումրիից: Եվ պատահական չէ, որ առաջինն ընտրվել է այս քաղաքը, ըստ կոնգրեսականների, Գյումրին ազատության, ժողովրդավարության կղզյակ է. «Մենք շնորհակալ ենք տեղական բոլոր հեռուստատեսություններին, որոնք համաձայնեցին հեռարձակել հանրահավաքի մասին մեր հայտարարությունը, առանց որեւէ խոչընդոտի, մի բան, որ անհնար է Երեւանում եւ շնորհակալ եմ այստեղ հավաքված մարդկանց, որ ռեժիմի այս պայմաններում այս հրապարակում են. դուք Հայաստանի Հանրապետության արժանապատիվ քաղաքացիներն եք, դուք հանրապետության թասիբ, նամուս, պատիվ ունեցող քաղաքացիներն եք»,- նշեց կոնգրեսական Արամ Մանուկյանը:
Գյումրիի հանրահավաքին մասնակցում էին ՀԱԿ-ի ներկայացուցիչներ՝ Լեւոն Զուրաբյանը, Ստեփան Դեմիրճյանը, Արամ Զավենի Սարգսյանը, Արամ Մանուկյանը, Հրանտ Բագրատյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Պետրոս Մակեյանը եւ այլք: Իրենց ելույթներում ընդդիմադիր գործիչները հայտարարեցին, որ միայն միասնականության, ժողովրդի համառ պայքարի շնորհիվ հնարավոր կլինի հասնել հաջողության եւ դրական փոփոխությունների: Նրանք կոչ արեցին հավաքվածներին չվհատվել, շարունակել պայքարը, եթե ուզում են տեսնել ռեժիմի վախճանը:
Գազի գնի բարձրացում, սոցիալական բեւեռացում, չբացահայտված հանցագործություններ, բազմաթիվ ապօրինություններ՝ այս եւ մի շարք այլ հարցերի շուրջ եղան նրաց ելույթները: Հրանտ Բագրատյանը խոսեց գազի գնի բարձրացման եւ դրա դեմ սկսված դատական գործի մասին, որին Գյումրիից մասնակցում է 1900 քաղաքացի:
«Այսօր 3700 հոգի դիմել են դատարան, որպեսզի անվավեր ճանաչվի գազի գնի թանկացման հանձնաժողովի ապրիլմեկյան որոշումը: Հարց ենք տալիս դատարանում, այ ընկերներ, ինչի՞ եք գազի գինը բարձրացրել, մեզ ասում են, Ռուսաստանն է բարձրացրել: Ասում ենք՝ լավ են արել, ասենք Ռուսաստանը 154 դոլարից դարձրել է 180 դոլար, 26 դոլարով բարձրացրել է, դուք ինչի եք ժողովրդի համար 240 դոլարից դարձրել 343, ի՞նչն է պատճառը, որ սեփական ժողովրդի վրա գազը ծախում եք 103 դոլարով թանկ, էն դեպքում, երբ բարձրացումը եղել է ընդամենը 26 դոլարով,- հավաքվածներին դիմեց Հրանտ Բագրատյանը,- եւ ամենաօրիգինալ պատասխանը, որ մենք ստացել ենք մեր հարցմանը, այն է եղել, թե գազի գնի բարձրացումը պայմանավորված է գազի սպառման ծավալների պակասեցմամբ: Ով է տեսել ապրանքը չսպառվի, գինը բարձրացնեն։ Ամբողջ աշխարհում հակառակ պրոցեսն է, եթե ապրանքը չի սպառվում, գներն ընկնում են»:
«Աբսուրդների այս երկրում» գազի թանկացման մյուս պատճառը, որ լսել են հայցվորները դատարանում, եղել է «Հայռուսգազարդի» կատարած ներդրումները գազապաստարանի ընդլայնման տեսքով:
«Ո՞վ է տեսել գազապաստարանն ընդլայնեն հիմա, երբ, իրենց ասելով, գազի սպառման ծավալները պակասել են,-հռետորական հարց ուղղեց հավաքվածներին Հրանտ Բագրատյանը,-Ուկրաինայում գազը ծախում են սպառողին 132 դոլարով, ինձ ասում են էնտեղ գազի սուբսիդիա կա: Նշանակում է Հայաստանում էդ սուբսիդավորումը կատարում է հասարակ ժողովուրդը, որպեսզի օլիգարխներին վաճառվող գազն էժան լինի: Հասարակ սպառողին գազը տալիս են 343 դոլարով, իսկ ցեմենտի գործարաններին՝ ասենք 240 դոլարով: Հայաստանում 2 ցեմենտի գործարան կա` մեկը Հրազդանինն է, որը պատկանում է Միշա Բաղդասարովին` Սերժ Սարգսյանի դրածոյին, մյուսը «Արարատ-ցեմենտն» է, որի փայատերերը պաշտոնապես հայտարարվել են` Ռոբերտ Քոչարյան, Հովիկ Աբրահամյան եւ Գագիկ Ծառուկյան: Հիմա հասկանում եք, թե որտեղ է շան գլուխը թաղված»:
Հրանտ Բագրատյանը կարծիք հայտնեց, որ ամենամեծ «գենոցիդ» անողներն հենց իրենք, հայերն են, և եթե ժողովուրդը պիտի համակերպվի «գենոցիդի» այս տեսակին, կիսասոված ապրելուն, ուրեմն թող չզարմանան, որ մի օր էլ թուրքը գա ու հիմնովին ավերի այս երկիրը:
Կոնգրեսականները խոստացան, որ շատ շուտով եւս մեկ հանդիպում հանրահավաք կկազմակերպվի գյումրեցիների հետ: Այս անգամ կխոսեն արտահերթ ընտրություններից եւ ամենայն հավանականության հանրահավաքին կմասնակցի նաեւ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել