HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դպրոցի տնօրենը դիմել է դատախազություն

Ալավերդի քաղաքի թիվ 5 միջնակարգ դպրոցի տնօրեն Լաուրա Մելիքսեթյանը օրերս Լոռու մարզային դատախազությանը բողոք է ներկայացրել` դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Գոհար Թումանյանի վերաբերյալ: Բողոքում տնօրենը նշել է, որ ուսուցչուհին աշակերտի է ծեծել: Գոհար Թումանյանը այս տարվա ապրիլի 26-ին դասը խանգարելու համար 8-րդ դասարանի աշակերտ Ռոբերտ Ղաբուզյանին դուրս է հրավիրել դասասենյակից: Սակայն վերջինս, դեռ դասը չավարտված, բացել է դասարանի դուռը եւ կրկին խանգարել ուսուցչուհու աշխատանքը: Ուսուցչուհու նյարդերը տեղի են տվել, եւ նա բախվել է աշակերտի հետ: Դպրոցի առօրյային տեղյակ մարդու համար միջադեպը սովորական եւ հաճախ հանդիպող երևույթ է: Սակայն աշակերտին ծեծի ենթարկելու համար դատախազին բողոք ներկայացրել են ոչ թե Ռոբերտ Ղաբուզյանի ծնողները, այլ դպրոցի տնօրենը: «Ես տիկին Թումանյանին որակում եմ, որ նա դպրոցում աշխատելու իրավունք չունի: Նա երեք տարի պարբերաբար երեխաների է ծեծում, ինչի համար ես Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանին հանձնել եմ ծնողների գրավոր դիմում-բողոքները: Եվ երբ փոքր աշխատանքային խորհրդակցություն հրավիրեցի, որ պարզեմ, թե ինչումն է խնդիրը, նա, ընդհատելով ինձ, «կպավ» իմ անձնականին` վարկաբեկելով ինձ անշնորհք խոսքերով»,- միջադեպը բացատրեց տնօրենը: Երեք տարվա ընթացքում ուսուցչուհու երեխա ծեծելու վարքի մասին, սակայն, տնօրենը չի տեղեկացրել դպրոցի մանկավարժական խորհդին: Գոհար Թումանյանն էլ հայտնեց, որ աշակերտի հետ կոնֆլիկտի պատճառները արձանագրելիս նկատել է տնօրենի իր նկատմամբ վատ տրամադրվածությունը, առարկել է նրան, որի պատճառով տնօրենը անվայելուչ խոսքեր է ասել իր ընտանիքի հասցեին: Տնօրենի հետ ուսուցչուհին մինչ այդ տարաձայնություններ է ունեցել նրա «ոչ կոռեկտ խոսելաձևի» պատճառով: Թիվ 5 դպրոցի ուսուցիչներից շատերը, որոնց անունները հասկանալի պատճառով չենք հրապարակում, Գոհար Թումանյանին բնութագրեցին որպես սկզբունքային մարդ: Նրան դրական բնութագրեց նաև դպրոցի ուսմասվար Արտակ Մակիչյանը: «Գոհար Թումանյանը շատ լավ ուսուցչուհի է, լավ մարդ է և մերված է կոլեկտիվին»,- ասաց նա: Մենք այցելեցինք աշակերտ Ռոբերտ Ղաբուզյանի ընտանիքին: Ռոբերտի վրա,  մանավանդ` որպես 10 րոպե ծեծվածի, ինչպես դատախազությանը հայտնել էր տնօրենը, ծեծվածի որեւէ հետք չկար: Ռոբերտի մայրը` Ասիկ Ղաբուզյանը, միջադեպի մասին  ասաց. «Տղա երեխաներ են, դաս են խանգարել, ուսուցչուհին էլ ջղայնացել է: Ես դպրոցի տնօրենին ուսուցչուհուց չեմ բողոքել, գնացել եմ, իմանամ` ինչ է պատահել: Իրանք իրար հետ պրոբլեմ ունեցան, ես էլ չկարողացա իմանալ` ինչ է պատահել: Կարող ա մի հատ էլ խփել ա, երեխան էլ մի հատ պատասխանել ա: Որպես չար երեխա` իմ տղայից բողոքներ հաճախ են լինում»,- խոստովանեց մայրը: Երեխայի մայրը եւ տատը խնդրեցին մեզ հարթել միջադեպը: «Իրար հետ վատ են, թող մեզանով չտան»,- շարունակեց մայրը: «Մեր սկզբունքը նա է, որ բողոքը չհիմնավորելու դեպքում պետք է պատասխանատվության ենթարկվի բողոքողը»,- հեռախոսազրույցի ընթացքում ասաց Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանը: Պարզվեց, որ վերջին տարիներին Լաուրա Մելիքսեթյանի պատճառով դպրոցից հեռացել են մի քանի ուսուցիչներ: Իսկ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Նազիկ Մխիթարյանը 2008-09ուս. տարվա ողջ ընթացքում տնօրենի դեմ «մարտնչելուց» հետո միայն կրթության նախարարության միջամտությամբ է պահպանել իր աշխատանքը դպրոցում: Աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել եւ աշխատանքի չի ներկայանում նաեւ Գոհար Թումանյանը: Իսկ Լ. Մելիքսեթյանը լրիվ հակառակ կարծիքի է իր աշխատանքի մասին: «Դպրոցավարության հաջողությունս այն եմ համարում, որ 6 տարվա ընթացքում վաստակել եմ դպրոցի ողջ ուսուցիչների սերն ու հարգանքը»,- ասում է տնօրենը: Թիվ 5 դպրոցի 12 դասարաններում սովորում են 323 աշակերտներ: Աշխատում են 34 ուսուցիչներ, թեև այստեղ աշակերտների թվի համաձայն պահանջարկը կազմում է 18-19 ուսուցիչ: Միջին աշխատավարձը դպրոցում, ըստ տնօրենի, կազմում է 55-70 հազար դրամ: Դպրոցի 2009-2010ուս. տարվա բյուջեն 39 մլն դրամ է, որից 32,8մլն. դրամը կազմում է աշխատավարձը, 7մլն. դրամը` սոցվճարները: Դպրոցի ջրի, գազի, լույսի եւ մյուս կոմունալ վարձերի վճարման աղբյուրները տնօրենի պատմածից այդպես էլ մնաց անհասկանալի: «Կավիճ էլ չենք կարողանում առնել,- բյուջեից դժգոհեց Լաուրա Մելիքսեթյանը եւ ավելացրեց,- նորմալ աշխատանքներով գնում ենք դեպի ուսումնական տարվա վերջ, պատրաստվում ենք քննությունների»: Լ.Մելիքսեթյանը աշակերտների ուսման առաջադիմությանը անտեղյակ էր: «Նորմալ է: Արդյունքները փոխտնօրենի մոտ է գրանցված: Ես հիմա չեմ կարող ասել, բայց նորմալ գնում է»,- ասաց նա: Տնօրենի խոսքով` դպրոցից քաղաքի ոստիկանության բաժնի անչափահասների տեսչությունում հաշվառված աշակերտ չկա: Հիշեցրեցինք  դպրոցի երկու աշակերտների կողմից 2009 և 2010թ,թ.-ին կատարած դանակահարության մասին: Նա պատասխանեց, որ նրանցից մեկը անցյալ տարի ավարտել է դպրոցը, իսկ օրերս նոր դանակահարություն կատարած մյուս աշակերտին, որը նախորդի եղբայրն է, ոչինչ չխնայեց` արդարացնելու համար: Տնօրենը դժգոհեց դպրոցներում գործող թեստային առաջադրանքների համակարգից: «Ես ինքս, երբ որ բուհ էի ընդունվում շարադրություն եմ գրել` 12 էջանոց` Շոլոխովի «Մարդու ճակատագրի» մասին: Ես ստացել եմ «չետիրի նա պյատ»: Էս թեստերը տուպոյ մեխանիկական աշխատանք է»,- ասաց տնօրենը: Լ. Մելիքսեթյանի հետ մեր հետագա զրույցն առավել զավեշտական բնույթ ստացավ: Իր գնահատականներում նա չխնայեց անգամ դպրոցի նախկին տնօրեն Ալեքսանդր Խրիստաֆորովին, ում ղեկավարած տարիներին թիվ 5 դպրոցը մեծ համբավ է ունեցել տարածաշրջանում: «Ճիշտ է, Խրիստաֆորովն էլ է եղել իմ դպրոցի տնօրենը, բայց ես այսօր տեսնում եմ, ոնց ես եմ ինձ պահում, Խրիստաֆորովը երբեք իրեն այդպես չէր պահում: Խրիստաֆորովը տոտալիտարնի մարդ էր, որ մեզ հետ տարվա ընթացքում մի հատ կխոսեր, կամ չէր խոսի: Այդպիսի տնօրենը այսօր չէր կարա աշխատի: Գրիչը այդպիսի տնօրենի ձեռքից կվերցնեն ու կհեռացնեն: Խրիստաֆորովը համակարգիչ գիտե՞ր` չգիտեր: Ես ձեռքով եմ բարևում աշակերտներին և այլն»: «Իր ֆոնի վրա» Լ.Մելիքսեթյանը թերագնահատեց նաև այսօրվա աշակերտներին. «Ես «Վայնա ի միր» էպոպեան մինչև վերջ եմ կարդացել: Էսօրվա երեխան էդ էպոպեայից չի կարա բան ասի: Էօրվա երեխան Հովհաննես Թումանյանին ասում է` գնդապետ կամ գեներալ է եղել»: Որտեղից հասկանար Լաուրա Մելիքսեթյանը, որ Թումանյանին գեներալ համարող աշակերտը իր ղեկավարած դպրոցի «պրոդուկտն» է: Թիվ 5 դպրոցի ուսումնադաստիարակչական աշխատանքների գնահատականը խնդրեցինք Լոռու մարզպետարանի կրթության վարչության պետ Մինաս Սայադյանից. «Կրթության տեսչության կողմից այս տարի Ալավերդի քաղաքի հանրակրթական դպրոցների, այդ թվում նաև թիվ 5 դպրոցի ստուգման արդյունքները դեռևս մեզ չի ուղարկվել, այդ պատճառով էլ Ձեր հարցին չեմ կարող պատասխանել»,- ասաց  պ. Սայադյանը: Լաուրա Մելիքսեթյանը իրեն համարում է մեծ ռեսուրսների տեր կին: Նա երազում է դառնալ խոշոր համայնքի համայնքապետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter