Վրաստանի տեղական ինքնակառավարման կառուցվածքային յուրահատկությունները
1984թ. Հռոմում բարձր մակարդակի հանդիպման ժամանակ Եվրամիավորման անդամ երկրների կողմից հռչակվեց ինքնակառավարման մասին եվրոպական խարտիան, որը 1985թ. ընդունեց կոնվենցիայի տեսք:
Վրաստանը վերոնշյալ կոնվենցիային միացավ 2004թ. վերջին, և այն երկրի տարածքում ուժի մեջ մտավ 2005թ. ապրիլի մեկից: Հատկանշական է այն փաստը, որ վերոնշյալ խարտիայի սկզբունքները ՄԱԿ-ի կողմից հանձնարարականի տեսքով առաջարկված են աշխարհի բոլոր երկրներին: 1991թ. մարտի 31-ին` ԽՍՀՄ պահպանման հանրաքվեի օրը, Վրաստանում առաջին անգամ անցկացվեցին տեղական ինքնակառավարման մարմինների` սակրեբուլոների ընտրությունները: 1992թ. պետական հեղաշրջումից հետո պրեֆեկտուրայի ինստիտուտը վերացվեց, և տեղերում ողջ իշխանությունը փոխանցվեց վարչության նախագահներին:
1997թ. վերջին մշակվեց և 1998թ. հունիսի 25-ին Վրաստանի նախագահի կողմից ստորագրվեց «Ժողովների տեղական ներկայացուցչական օրգանների ընտրությունների մասին օրենքը»: Այդ օրենքով` Վրաստանի Սահմանադրության 2-րդ հոդվածի 3-րդ կետի համապատասխան` մինչև Վրաստանի տարածքային պետական կառուցվածքի սահմանադրական օրենքի ընդունումը (որը, ինչպես բազմիցս նշել ենք, մինչև այսօր էլ չի ընդունված), սահմանում է տեղական ինքնակառավարման և կառավարման մարմինների ստեղծման և գործունեության հիմունքները: Այս օրենքով պետք է անցկացվեին ինչպես հետագայի, այնպես էլ շուտով` 1998թ. նոյեմբերի 16-ին կայանալիք, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները: Նշենք նաև, որ մինչ այս ընտրությունները, սկսած 1995թ. Սահմանադրության ընդունումից, երկրամասում փաստացի դադարեցված էին 1991թ. Զվիադ Գամսախուրդիայի օրոք ընդունված «Վրաստանի Հանրապետության ժողովների` տեղական իշխանությունների օրգանների մասին ընտրությունների մասին» օրենքի լիազորությունները (իրավաբանորեն 1991թ. ընդունված այս օրենքը ուժը կորցրած ճանաչվեց միայն 1998թ. հունիսի 25-ի օրենքով), իսկ նորի ընդունման ձգձգման պատճառով մի քանի տարի տեղում չէր կարգավորված ժողովրդական լայն զանգվածների` տեղական ներկայացուցչական մարմինների մաս կազմելու գործընթացը, որն էլ, իր հերթին, երկրամասում առաջացնում էր բարոյահոգեբանական անառողջ մթնոլորտ:
Իսկ ի՞նչ էր նախատեսվում 1998թ. վերոնշյալ օրենքով: Տեսնենք դա ըստ հոդվածների` «Տեղական ներկայացուցչական օրգանների ժողովների ընտրություններն անցկացվում են բազմամանդատային ընտրական շրջաններում` համամասնական ընտրակարգի հիման վրա, եթե համապատասխան «Ժողովի» տարածքում ընտրողների թիվը գերազանցում է 2000-ը»: «Տեղական ներկայացուցչական օրգանների` ժողովների ընտրություններն անցկացվում են բազմամանդատային ընտրական շրջաններում` մեծամասնական ընտրակարգի հիման վրա, եթե համապատասխան «Ժողովի» տարածքում ընտրողների թիվը չի գերազանցում 2000-ը»:
Ի՞նչ էր ստացվում: Փաստորեն, եթե տվյալ բնակավայրում ընտրողների թիվը անցնում է 2000-ից, և այդտեղ առաջադրվող թեկնածուն չէր պատկանում որևէ կուսակցության, իրավունք չուներ առաջադրվելու: Այստեղ առկա էր քաղաքացու` և ընտրելու, և ընտրվելու իրավունքի խախտում: Սա` մի կողմից: Մյուս կողմից` օրենքով խախտվում էր արդարությունը Սամցխե-Ջավախք-Թղեռքի (Ծալկա) հայաբնակ շրջաններում: Բանն այն էր, որ նախ և առաջ այս շրջաններում չէր գրանցված հայկական ոչ մի կուսակցություն, և ընտրությունների ժամանակ իրենց գործն էին տեսնելու վրացական կուսակցությունները, իսկ մեծամասնական ընտրակարգով ընտրելու և ընտրվելու հնարավորությունից օգտվելիս առաջ էր գալիս ևս մեկ օրինախախտում, որը պարզապես անհնար էր դարձնում մեծամասնական ընտրակարգով ընտրելու և ընտրվելու հնարավորությունը: Դա կապված էր այն բանի հետ, որ այս շրջանններում «Ժողովներն» իրենց կազմում պարտավոր էին ընդգրկել մի քանի գյուղեր, ինչն էլ, իր հերթին, «ապահովում էր» ձայների` 2000-ից ավելի լինելը, իսկ մեկ «Ժողովը» համարվում էր մեկ ընտրատարածք:
Ելնելով այս ամենից` հարկ է նշել, որ, օրինակ, Ջավախքի բոլոր վրացական գյուղերը (Հոկամ, Չունչխա, Պրտենա, Գոգաշեն, Կոթելիա և այլն) ունեն առանձին գյուղական ժողովներ, այն դեպքում, երբ հայկական գյուղերի «Ժողովներում» ընդգրկված գյուղերից յուրաքանչյուրն առանձին վերցված ավելի շատ ընտրող ունի, քան նշված վրացական գյուղերը: Այս անարդարությունը բերում է նրան, որ, օրինակ, Ախալքալաքի շրջանային սակրեբուլոյում հավասար ձայներով են ներկայացված 10.000 բնակիչ ունեցող Ախալքալաք քաղաքը, 6.000 բնակիչ ունեցող Կարտիկամի գյուղական սակրեբուլոն և 400 բնակիչ ունեցող վրացական Չունչխա գյուղը: Արդյունքում ստացվում է այնպես, որ 96% հայերով բնակեցված Ախալքալաքի շրջանի սակրեբուլոյի 22 տեղերից 5-ը ազգությամբ վրացիներ էին զբաղեցնում, մինչդեռ ըստ համամասնության` Ախալքալաքի շրջանի վրացական համայնքը շրջանային սակրեբուլոյում պետք է ունենար մեկ ներկայացուցիչ:
Այս ամենի հետ մեկտեղ, երկրի ղեկավար Է. Շևարդնաձեն իրեն վերապահեց շրջանային վարչության նախագահին նշանակելու իրավունքը:
Այս համակարգի մասնակի փոփոխություններով 2002թ. Վրաստանում անցկացվեցին թվով երրորդ ՏԻՄ ընտրությունները: Ինքնակառավարման մասին եվրոպական կոնվենցիային Վրաստանի միանալը վերջինիս ստիպեց վերանայել ՏԻՄ օրենքը: Այդ նպատակով մշակվեց և 2005թ. վերջին Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունվեց ՏԻՄ նոր օրենքը:
ՏԻՄ նոր օրենքը 2006թ. աշնանը` ինքնակառավարման նոր ընտրությունների անցկացումից հետո, արմատականորեն փոխեց երկրում առկա ինքնակառավարման համակարգը: Տեղի ունեցավ գոյություն ունեցող ինքնակառավարումների խոշորացում, և ներկայումս գործող ինքնակառավարման 1004 միավորի փոխարեն ձևավորվեցին ընդամենը 68-ը: Ընտրվեց միայն շրջանային ընդհանուր ինքնակառավարման մարմին, այսինքն` շրջանային սակրեբուլո (մունիցիպալիտետի ժողով) և շրջանային վարչություն: Շրջանային սակրեբուլոն, փաստորեն, դարձավ մի յուրօրինակ խորհրդարան: Վարչությունը շրջանի կազմի մեջ մտնող բնակավայրերում կամ բնակավայրերի խմբում նշանակել է լիազորներ, այսինքն` իր գործառույթներն իրականացնող անձանց: Սակրեբուլոն` շրջանային ժողովը, ընտրվեց է հետևյալ սկզբունքով. շրջաններում համամասնական ընտրակարգով ընտրվեցին 10 անդամներ, իսկ շրջանի կազմի մեջ մտնող նախկին սակրեբուլոներից (գյուղական, թեմական) մեկական մեծամասնական: Մեծ քաղաքների ինքնակառավարվող սակրեբուլոյում ընտրվեցին համամասնական կարգով 10 և մեծամասնական կարգով 5 անդամ:
Օրինակ, Ախալքալաքի շրջանում ձևավորվեց մեկ սակրեբուլո (մունիցիպալիտետի ժողով), որը համալրվեց կուսակցական ցուցակներով (համամասնական ընտրակարգ) ընտրված 10 և Ախալքալաքի շրջանի կազմի մեջ մտնող ինքնակառավարումների (դրանք 22-ն են) մեկական մեծամասնական պատգամավորով, այսինքն` պատգամավորների ընդհանուր թիվը կազմեց 32: Եթե գյուղերում կծագեն հիմնախնդիրներ, ապա բնակիչները պետք է գան կենտրոն և հիմնախնդիրն իրենց կողմից ընտրված ներկայացուցչի ու գործադիրի (որը սակրեբուլոյի կողմից, ըստ օրենքի, օժտված է լինելու տեղում ծառայություններ իրականացնելու լիազորություններով) միջոցով կարգավորեն: Ինքնակառավարման մարմնի գործադիր օրգանը հանդիսանում է վարչությունը (մունիցիպալիտետի վարչությունը): Հին օրենքի համաձայն` առանձին քաղաքներում քաղաքապետարանի ընտրությունը իրականացվում էր ուղղակի ընտրությունների միջոցով: Նոր օրենքով վարչության նախագահին ընտրելու է սակրեբուլոն (այսինքն` ընտրությունը դառնում է անուղղակի):
Չնայած գյուղական շրջաններում սակրեբուլոները շատ աղքատ էին, բայց փոխանակ դրանք հզորացվեին, ընդհանրապես վերացվեցին, և ինքնակառավարման մարմինն էլ ավելի հեռացավ ժողովրդից, չնայած, ըստ եվրոպական խարտիայի, որքան ինքնակառավարումը մոտ է ժողովրդին, այնքան վերջինս ավելի լավ որակի է:
Ներկա` 2010թ. մայիսի 30-ի ՏԻՄ ընտրություններից առաջ ՏԻՄ օրենքում իրականացված փոփոխություններով մեկ անգամ ևս սահմանափակում իրականացվեց մարդկանց ազատ մասնակցությանը ՏԻՄ ընտրություններին:
Ջավախքի Ախալցխա քաղաքում ս/թ ապրիլի 21-ին տեղի է ունեցել կառավարող «Ազգային շարժում» կուսակցության ցուցակներով համամասնաբար ընտրվող մարդկանց անունների պաշտոնական հրապարակումը: Հայտնի են նաև մեծամասնական սկզբունքով առաջադրված թեկնածուների անունները: Արդեն վաղուց սպասելի էր, որ Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունները ներկայացնող թեկնածուները լուսանցք են շպրտվելու: Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ մեծամասնական սկզբունքով առաջադրվող գործիչների առջև դրվեց գրանցման արգելք. նոր` փոփոխված կարգի համաձայն, մեծամասնաբար առաջադրվող թեկնածուներին ևս պետք է ներկայացնի որևիցե քաղաքական ուժ: Միանգամից նշենք, որ այնպիսի ուժերին, ինչպիսին էին, օրինակ, Սամցխե-Ջավախքի և Քվեմո Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի ներկայացուցիչները, հրաժարվեցին գրանցել բոլոր ընդդիմադիր և իշխանական կուսակցությունները: Գրանցման համար մերժեցին ինչպես Ջավախքում ներկայացվածները (դրանք մի քանիսն էին), այնպես էլ` չներկայացվածները: Ի վերջո նրանք իրենց թեկնածությունները գրանցեցին` մտնելով ընդդիմադիր «Ազգային խորհուրդ» կոչված քաղաքական ուժի ցուցակների մեջ, սակայն այսկերպ նրանք հազիվ թե տեղ գրավեն Ջավախքի մունիցիպալիտետների ժողովներում (սակրեբուլոներում): Ջավախքում հիմնականում դերակատարում ունի իշխող «Ազգային շարժումը», ընդդիմադիրներից` «Քրիստոնեա-դեմոկրատական շարժումը»: Մնացած մի քանի ընդդիմադիրները ձևականորեն են ներկայացված: Ինչ վերաբերում է բնակչությանը, ապա վերջինս, տարբեր սոցհարցումների արդյունքների համաձայն, հիմնականում անտարբեր է այս ընտրությունների նկատմամբ:
Ախալքալաքի շրջանի սակրեբուլոյի 32 անդամից 10-ը, ըստ օրենքի, կլինեն վրացական կուսակցություններին պատկանող անձինք (քանի որ հայկական ոչ մի կուսակցություն չի գրանցված), հինգը` ազգությամբ վրացի, և միայն 17-ը` հայկական գյուղական ժողովներից ընտրված հայեր:
Իսկ գյուղ հասկացողությունը, որը դարերով արմատացած է հայկական իրականության մեջ, պետք է լիարժեքորեն ունենա իր տեղական, ընտրովի մարմինը, որին չի կարող փոխարինել մի քանի գյուղեր իրար միավորող ինչ-որ «սակրեբուլո», կամ, ըստ նոր օրենքի, ինչ որ մի «ներկայացուցիչ»:
Վահե Սարգսյան
«Միտք» վերլուծական կենտրոն
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել