
2009 թվականին Հայաստանում պաշտոնապես գրանցվել է 1740 թմրամոլ, այս թիվը սակայն չի արտացոլում հայաստանցի թմրամոլների իրական քանակը: «Սոցիոմետր» կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանի խոսքով` 4 թմրամոլներից միայն մեկն է գրանցվում բուժման նպատակով, ուստի 1740-ը պետք է բազմապատկել 4-ով: Արդյունքում ստացվում է, որ Հայաստանի բնակչության 0.23 տոկոսը թմրամոլ է:
Սոցիոլոգն ասում է, որ այս թիվը դեռեւս այդքան մտահոգիչ չէ, սակայն թմրամոլների թիվը Հայաստանում տարեցտարի աճում է, ուստի պետությունը պետք է հիմա միջոցներ ձեռնարկի, որպեսզի անդառնալի հետեւանքներ չունենանք տարիներ անց: Ռուսաստանում պաշտոնապես գրանացված է 45 հազար հայ թմրամոլ:
1740 գրանցված թմրամոլներից 12-ը կանայք են: «Հետքի» այն հարցին, թե կա արդյոք թմրամոլների վիճակագրություն ըստ մարզերի, Ահարոն Ադիբեկյանը «Արմատ» ակումբում պատասխանեց, թե թմրամոլների տվյալները գաղտնի տեղեկատվություն է եւ սոցիոլոգիական ուսումնասիրություն ըստ տարածքի, տարիքային խմբի չի արվել:
Աշխարհում թմրանյութերի շրջանառությունից տարեկան ստացվում է 400 միլիարդ դոլար: Ըստ Միացյալ Ազգերի Կազմակերպության (ՄԱԿ) տվյալների` մարիխուաննա աշխարհում օգտագործում է 142 միլիոն մարդ, սինթետիկ` 30 միլիոն, կոկային` 12 միլիոն, հերոին 1 միլիոն մարդ:
Ահարոն Ադիբեկյանը նշեց, որ թմրամոլությունը սոցիալական հիվանդություն է: նա թմրամոլներին բաժանում է հարուստների եւ աղքատների եւ արվեստագետների:
«Աղքատներն իրենց ունեցվածքը ծախում են եւ տալիս են թմրամիջոց գնելու համար, թմրամիջոցների միջոցով նրանք «փախչում» են իրականությունից իսկ հարուստների դեպքում դա բարեկեցիկ կյանքի արդյունք է: Արվեստագետները, ստեղծագործական պոտենցիալը սպառելով, գալիցունագեններ են օգտագործում, որ կարողանան պահպանել իրենց ստեղծագործական կենսագործունեությունը»,- ասում է Ահարոն Ադիբեկյանը
Թմրանյութեր Հայաստան են բերվում հիմնականում Իրանից:
Սոցիոլոգն ասում է, որ թմրանյութերից կախվածությունը նվազեցնելու համար ծնողները մեծ ուշադրություն պետք է դարձնեն դեռահասների դաստիարակությանն ու վերահսկեն, թե վերջիններս փողն ինչպես են ծախսում:
Ահարոն Ադիբեկյանին մտահոգում է նաեւ այն դեղերի լայնածավալ ցուցակը, որոնց մեջ թմրանյութեր են պարունակվում:
«Այս ցուցակն ունենալով, Հայաստանի քիմիկները մի քանի ժամում խոհանոցում թմրանյութ կարող են սինթեզել»,- նշում է «Սոցիոմետր» կենտրոնի ղեկավարն ու հիշեցնում, որ բոլոր տեսակի թմրամիջոցները մահվան են հանգեցնում, տարբերությունը միայն ժամանակի մեջ է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել