
ՀՀ-ում օտարալեզու դպրոցների բացման օրենսդրական փաթեթի շուրջ վերջերս ծավալված բուռն քննարկումների վերաբերյալ այսօր որոշ պարզաբանումներ արեց ՀՀ Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ով նաեւ ներկայացրեց օրինագծի վերամշակված տարբերակը: Այն հիմնականում վերաբերում է այն կետերին, որոնց շուրջ եւ ծավալվել են հասարակական քննարկումները:
Նախարարը նշեց, որ օրինագծի մեջ է ներառվել նման դպրոցների քանակը սահմանող կետ: Այսուհետ, ըստ օրինագծի, ՀՀ-ում նման դպրոցների թիվը սահմանափակվում է 15-ով, որոնցից 8-ը կարող են կենտրոնացված լինել Երեւանում, մնացածը` ՀՀ մարզերում: Լուծված է նաեւ կոնկրետ լեզվի ընտրության հարցը: Յուրաքանչյուր լեզվով միայն 5 դպրոց կարող է բացվել, այսինքն, ըստ նախարարի, այսպես խուսափելու են կոնկրետ լեզվի գերիշխումից: Իշխող լեզուներն են լինելու` ռուսերեն ու անգլերենը, ինչպես նաեւ ֆրանսերենը եւ գերմաներենը:
Նախարարի պնդմամբ` օտարալեզու դպրոցներում հայագիտական առարկաները` հայոց լեզուն, հայ գրականությունը, հայոց պատմությունը ուսուցանվելու են հայերեն լեզվով, միեւնույն մակարդակով, ինչ սովորական դպրոցներում: Հետեւաբար ավարտական միասնական քննություններն էլ լինելու են նույն չափորոշիչներով:
Արմեն Աշոտյանը հայտնեց նաեւ, որ օտարալեզու դպրոցները չեն տարածվելու տարրական դպրոցների վրա (1-4-րդ դասարան), այլ վերաբերելու են միայն միջին (5-9 դասարան) եւ ավագ (10-12 դասարան) դպրոցներին: «Քանի որ, մասնագետների հետ խորհրդածելով, եկանք այն եզրակացության, որ հենց տարրական դպրոցում սովորողների տարիքում է զարգանում լեզվամտածողությունը»:
Մեկ հետաքրքիր հանգամանք եւս. այս դպրոցները չեն ֆինանսավորվելու պետության կողմից: «ԱԺ-ում օրինագիծն ընդունվելուց հետո արդեն կառավարությունը կարգ կսահմանի, որով արդեն հստակ կլուծվի այդ դպրոցների ֆինանսավորման խնդիրը, սակայն մի բան միանշանակ է, որ դրանք պետության կողմից չեն ֆինանսավորվելու: Ինչպես այսօր գործում է Երեւանում Ամերիկյան համալսարանը, այնպես էլ կգործեն այդ դպրոցները, միգուցե դրանցից որոշները կլինեն միջպետական, որոշները` այստեղի հայերի ներդրմամբ»:
Իսկ այդ դպրոցների ընդունման, քննությունների հանձնման կարգը յուրաքանչյուր դպրոցի համար սահմանվելու է իրենց ներքին կանոնադրությամբ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել