10 օրից ավելի է` գազամատակարարումը դադարեցված է
Լոռու մարզի Օձուն գյուղի 5,5 հազար բնակչության զգալի մասն արդեն 10 օրից ավելի է` գազամատակարարում չի ստանում: Այստեղ գազի մատակարարումը դադարեցված է թաղամասերի զգալի մասում: Օձունցիները երեկ «Հետք»-ին հաղորդեցին , որ գազամատակարարման դադարեցման պատճառով հայտնվել են անելանելի վիճակում, շատ ընտանիքներում 10 օրից ավելի չեն կարողանում լողանալ և ճաշ պատրաստել:
Գազը դադարեցվել է առանց բնակչությանը նախապես տեղեկացնելու: «Վարձավճարներն անգամ մեկ օր ուշացնելու դեպքում գազ ծառայության կողմից բնակչի գազամատակարարումը դադարեցվում է անմիջապես, սակայն 10 օրից ավելի գազամատակարարման իր պարտավորությունները չկատարելու համար նույն ծառայությունը որևէ պատասխանատվության չի ենթարկվում, այն դեպքում, երբ պայմանագրային պարտավորությունների մեջ է բնակչության հետ», - ասացին գյուղամիջում կանգնած օձունցիները, որոնք չկարևորեցին իրենց անունները հրապարակելը:
Մայիսի 26-ին գազի ծառայության դիսպեչեր Վահե Պետրոսյանը հեռախոսով մեզ հայտնեց, որ գազի մատակարարումը Օձուն գյուղի առանձին թաղամասերում դադարեցվել է գետնի տակ գազի խողովակներից կորուստներ լինելու պատճառով.
«Հիմա, հենց այս պահին Վանաձորի բրիգադը աշխատում է Օձունում, ծառայության բոլոր ղեկավարները Օձունի դաշտերում են` վթարը վերացնելու համար»,- ասաց նա:
Օձունցիները, սակայն կարծում են, որ գազի դադարեցման պատճառը ոչ թե գետի տակի խողովակներից գազի կորուստներն են, այլ ծառայության Ալավերդու տեղամասի ղեկավար Սարգիս Այվազյանին պատկանող Օձուն-Այգեհատ ճանապարհահատվածում տեղավորված գազի լցակայանում առանց հաշվիչի, ավտոմեքենաների գազի լիցքավորման նպատակով գազի սպառումը, որը ծառայության ղեկավարը այսօր փորձում է կոծկել գետնի տակի խողովակների գազի կորուստներով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել