Էլ դեսպան չէ
Պարզվում է` Հայաստանը Մեծ Բրիտանիայում այս պահին այլևս դեսպան չունի» Սերժ Սարգսյանը, ինչպես տեղեկացրել են թերթի դիվանագիտական աղբյուրները, հետ է կանչում Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Վահե Գաբրիելյանին:

Գաբրիելյանը, ով նախկինում Ռ. Քոչարյանի մամուլի խոսնակն էր, և ում Քոչարյանը Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան էր նշանակել 2003թ-ի մարտին, այս պահին, ըստ ճշտված տեղեկությունների, ընդամենը գործերի ժամանակավոր հավատարմատար է:
Պայման է դրել
«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերջնական փուլը կլինի այն ժամանակ, երբ Ստեփանակերտում ծածանվի ադրբեջանական դրոշը»,- երեկ նման հայտարարություն է արել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը` նշելով, որ հակամարտության խաղաղ կարգավորման ժամկետների մասին խոսելը բարդ է: Ըստ նրա` անհրաժեշտ է անցկացնել ընտրություններ հայ և ադրբեջանական համայանքների մասնակցությամբ, որոնք էլ կորոշեն Ղարաբաղի հետագա կարգավիճակը Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում: Նա միաժամանակ տեղեկացրել է, որ հունիսի սկզբին ԵԱՀԿ ՄԽ հետ հանդիպման ժամանակ քննարկելու է բանակցային գործընթացի հաջորդ քայլը` պայմանով, որ հայկական կողմը համաձայնի Մադրիդյան նորացված սկզբունքների հետ:
Բրայզայի անցյալը
ԱՄՆ Հայ Դատի հանձնախումբը համազգային ակցիա է սկսել և ԱՄՆ սենատորներին կոչ է անում ուշադրությամբ ուսումանասիրել Մեթյու Բրայզայի դիվանագիտական անցյալը` կապված Կովկասում, Հարավարևելյան Եվրոպայում ԱՄՆ շահերին ու ամենրիկյան արժեքներին:
«Մենք կոչ ենք անում Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին և ողջ Սենատին ուշադրությամբ զննել Մեթյու Բրայզայի փորձը, նրա պատասխանները Սենատում հաստատման ժամանակ»,- ասել է Հայ Դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պաշտոնապես առաջադրել է Մ. Բրայզայի թեկնածությունը Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում:
Նախարարը հանիրավի է նման հրաման տվել
Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը վերջերս խիստ նկատողություն է արել նախարարության բուժվարչության գլխավոր մասնագետ Թամարա Ղուկասյանին` իր հանձնարարությունը ոչ պատշաճ կատարելու համար: Նախարարության երկար տարիների աշխատակից Թամարա Ղուկասյանը վիարվորվել է նախարարի արարքից ու դիմել Քաղծառայության խորհրդին` պահանջելով ծառայողական քննություն անցկացնել այդ առթիվ:
Նախարարության աշխատակիցը պնդել է, որ նախարարի հանձնարարությունն իրեն չի առնչվել: Ծառայողական քննությունը պարզել է, որ նախարարը հանիրավի է նման հրաման տվել, ու պահանջել է չեղյալ համարել խիստ նկատողությունը աշխատակցի դեմ` առողջապահության նախարարին հիշեցնելով, որ պետք է առաջնորդվի «Քաղծառայության մասին» օրենքով:
«Անբավարար» ստացածներից մեկը հեռացվեց պաշտոնից
Թերթի տեղեկություններով, արդեն 10 օր է, ինչ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով Ռազմական ոստիկանության մարզային պետերի և նրանց տեղակալների որակավորման ատեստացիա է անցկացվում: Մի քանի օր առաջ անցկացված ատեստացիայի արդյունքում «անբավարար» գնահատականի են արժանացել Ռազմական ոստիկանության Արմավիրի կայազորի պետ Գրիշա Սարգսյանն ու Կոտայքի մարզի ռազմական ոստիկանապետ Ռոմիկ Մկրտումյանը:
Այս օրերին որակավորման ատեստացիա է անցկացվում Սյունիքի մարզում: Թերթի տեղեկություններով, երեկ արդեն զբաղեցրած պաշտոնից ազատվել է «Ժարիտ» մականունով Գրիշա Սարգսյանը` նույն ինքը` «Փառապանծ մարտիկներ» հ/կ նախագահը: Տարբեր աղբյուրներ, սակայն այս փաստը տարբեր կերպ են մատուցում: Ըստ վարկածներից մեկի` ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանապետ Վ. Գասպարյանը նրան հեռացրել է հենց որակավորումը չանցնելու, իսկ մյուս վարկածով` ՌՈ ոստիկանապետը նրան ստիպել է ազատման դիմում գրել` նկատի ունենալով «Չորրորդ ինքնիշխանություն» թերթ զանգելու և սպառնալիքներ տալը, ինչի կապակցությամբ նաև ծառայողական քննություն է նշանակվել:
Նոր թեկնածուն հին դեմքով
Թերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ընդդիմադիր դաշտում իրենց տեղը գտնելու համար Հայ Հեղափոխական Դաշնակցությունն ու «Ժառանգություն» լուսակցությունը շարունակում են տարաբնույթ քայլեր ձեռնարկել: Քանի որ նույնիսկ Եվրախորհրդից Արմեն Ռուստամյանի բերած «տեղեկանքը» չօգնեց, որպեսզի ՀՅԴ-ն համարվի ընդդիմադիր, նրանք ստիպված են իրենց կապերն ավելի ամրապնդել «Ժառանգության» հետ: Նրանց համատեղ հայտարարություններն ու ակցիաները տվեցին իրնց համար ցանկալի արդյունքը:
Արևմտյան որոշ ուժեր սկսել են հետաքրքրվել «Ժառանգություն» և Դաշնակցություն կուսակցություններով: Նշվում է, որ այս կուսակցությունների ղեկավար անդամները մի քանի անգամ արդեն եղել են արևմտյան որոշ երկրների դեսպանատներում, որտեղ, ըստ լուրերի, քննարկվել է երկու կուսակցությունների հետ համատեղ գործունեության ծրագիրը: Ըստ դեռևս ճշտվող լուրերի` դեսպանատնային հանդիպումների արդյունքում որոշվել է, որ Դաշնակցությունն ու «Ժառանգությունը» պետք է միասնական պայքար մղեն համապետական ընտրություններում, իսկ որպես նրանց միասնական թեկնածու լինելու է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Կհաջողվի՞ կյանքի կոչել այս գաղափարը, թե ոչ, ժամանակը ցույց կտա, բայց փաստ է, որ այս կուսակցությունների անելիքը պայմանավորված է դրսի գործոնով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել