
Եվ չնայած այս հայտարարություններին` թե Ռուսաստանից, թե ՄԱԿ-ի անդամ բազմաթիվ այլ երկրներից ընդհանուր առմամբ 120 դիտորդներ էին եկել` հետեւելու ԼՂՀ խորհրդարանական ընտրությունների ընթացքին, Եվրամիության անդամ հանդիսացող Սլովակիայի խորհրդարանի առաջին նախագահ, խորհրդարանի պատգամավոր Ֆրանտիշեկ Միկլոշկոն ընդհանրապես հայտարարեց, թե ԼՂ ընտրություններն անցան ազատ, ժողովրդավար, հանգիստ եւ համապատասխանեցին ԵՄ բոլոր պահանջներին:
Նույնանման գնահատական է հնչեցրել նաեւ ամերիկա-նիդեռլանդական դիտորդական խմբի ղեկավար Մայքլ Կովակը: Ըստ նրա` Լեռնային Ղարաբաղում նախօրեին տեղի ունեցած ընտրություններն անցան ազատ, արդար եւ թափանցիկ: Այս գնահատականները ցույց են տալիս, որ չնայած ունեցած պաշտոնական դիրքորոշմանը` արեւմտյան երկրների համար մեծ նշանակություն ունի` որքանո՞վ են կայացած պետական ինստիտուտները չճանաչված այս երկրում:
Այս տեսակետից երկու իրողություն միջազգային հանրությունը հաշվի չառնել չի կարող:
Առաջին` ԼՂ բնակչությունը սեփական երկիրը պահելու հարցում նույնքան վճռական ու միասնական է, որքան անկախությունը հռչակելիս: Այսինքն` անհնար է լինելու այս տարածքի կարգավիճակի հարցը որոշել` առանց բնակչության այս միասնական կամքի առկայությունը հաշվի առնելու:
Երկրորդ` ԼՂՀ-ում ժողովրդավարական ինստիտուտները կայացնելու հարցում հետեւողականությունն ավելի մեծ է, քան նրա փոխարեն բանակցող երկրներում` Ադրբեջանում եւ Հայաստանում:
Հետեւաբար, անհնար է պատկերացնել գրեթե տոտալիտար Ադրբեջանի կազմում նման ժողովրդավարական ավանդույթներ ստեղծած միավորի ներդաշնակ գոյությունը:
Սա Ղարաբաղի մասին պատկերացումները փոխելու իրական դաշտ է ստեղծում: Ոչ պաշտոնական մակարդակով դիտորդներ գործուղելով ԼՂՀ` միջազգային հանրությունն ուզում է համոզվել` ԼՂ-ն իրապես քաղաքականության օբյե՞կտ է, թե՞ սուբյեկտ:
Այս իմաստով ԼՂՀ խորհրդարանական ընտրություններն իրենց անցկացման բարձր մակարդակով Հայաստանի ձեռքում հիանալի պոտենցիալ զենք են դառնում բանակցություններում:
Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ արվող ձեւակերպումները, ընտրությունների մասին դիտորդների գնահատականների հրապարակումը, անընդհատ դրանց հղումներ կատարելը լավ հնարավորություն են տալիս առաջ քաշելու բանակցություններում ԼՂՀ-ի ներգրավման, ինչպես նաեւ ԼՂ-ի կարգավիճակի հարցը սկզբունքների մշակման այս փուլում հստակեցնելու պահանջները` ի հակակշիռ բացառապես տարածքների վերադարձման կոմպոնենտն առանձնացնելու եւ բանակցությունները միայն այդ հուն տեղափոխելու ադրբեջանա-թուրքական ջանքերի:
3.Ղարաբաղյան այս ընտրությունները որոշակիորեն բացահայտեցին նաեւ տարածաշրջանում ուժային կենտրոնների միջեւ ստեղծված նոր հարաբերակցությունը, որը պայմանավորված է Թուրքիայի ակտիվացման հետ: Ռուսաստանի Դաշնությունը ԼՂՀ ընտրությունների հենց հաջորդ օրը շտապեց հայտարարել դրանց արդյունքները չճանաչելու մասին:
Մինչդեռ ԱՄՆ-ն պաշտոնապես որեւէ հայտարարություն, մեկնաբանություն չարեց, եթե նկատի չունենանք ԵԱՀԿ-ի ու Մինսկի խմբի շրջանակներում արված հայտարարությունները: Վաշինգտոնի այս կեցվածքը պատահական չէ:
Այն ակնհայտորեն ուղղված է Հարավային Կովկասում ռուս-թուրքական տանդեմի ստեղծման ջանքերի դեմ: Դրա շրջանակներում ղարաբաղյան գործոնը ԱՄՆ-ի համար դառնում է հակակշռման միջոց:
4. ԼՂՀ խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարավ գործող վարչապետ Արա Հարությունյանի ղեկավարած «Ազատ Հայրենիք» կուսակցությունը:
Երկրորդ տեղում է Արցախի ժողովրդավարական կուսակցությունը, որին ձայն են տվել ընտրողների 30.7%-ը: Իր տեղերը խորհրդարանում զգալիորեն ավելացրել է Դաշնակցությունը` 18.3%:
Դա նշանակում է, որ խորհրդարանում էապես ավելացել է ավելի կարծր դիրքորոշում ունեցող ազգային ուժերի տեսակարար կշիրը: Պարզ է, որ դա եւս արտացոլում է ԼՂՀ-ի շուրջ ստեղծված իրադրությունը, մասնավորապես ԼՂՀ բնակչության մտավախությունները Ադրբեջանին տարածքային զիջումներ անելու հետ կապված, ինչը մեծացնում է նաեւ ներկայիս ստատուս քվոյի պաշտպանության կողմնակից քաղաքական ուժերի նկատմամբ հասարակական վստահության մակարդակը:
Սա լրացուցիչ քաղաքական գործոն է Հայաստանի համար: Ի դեմս Դաշնակցության` ԼՂՀ-ում կարող է ստեղծվել քաղաքական բեւեռ, որը անհրաժեշտ պահին Հայաստանի առջեւ ընդհանրապես բանակցություններից դուրս գալու եւ իր անունից հանդես գալու մանդատից հրաժարվելու հարց կդնի:
Ամեն դեպքում, սա պահեստային լծակ է ԼՂ իշխանությունների համար` ամենանպաստավոր պահին բանակցություններին միջամտության խնդիր առաջադրելու համար: Սակայն խնդիրը այն է` կա՞, արդյոք, ԼՂՀ իշխանությունների մոտ նման ցանկություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել