HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կաճաճկուտը շարունակում է մնալ սողանքային վտանգավոր գոտի

Կաճաճկուտ եկողների ուշադրությունը առաջին հերթին գրավում է գյուղամիջով  սփռվող գորտերի սիմֆոնիկ համերգը: Կաճաճկուտ Ճոճկանից հարս եկած Օֆիկը, ով ապրում է հենց գյուղամիջում ասում է, որ իր ընտանիքին հոգնեցրած  գորտերի կռռոցը գալիս է գյուղամիջից 10-15 մ հեռավորության վրա գտնվող Լավոյի լճից: Լալվարի փեշերին սփռված Լոռու մարզի Կաճաճկուտ գյուղը տարիներ շարունակ կանգնած է եղել սողանքի վտանգի առաջ: 440 բնակիչ  ունեցող գյուղն ունի 110 հա վարելահող որը գյուղացիներն օգտագործում են որպես խոտհարք: Կաճաճկուտի վարելահողերը սեփականաշնորհված չեն: Գյուղապետ Մխիթար Թամազյանը տեղեկացրեց, որ սողանքի պատճառով 1991թ.-ին ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել գյուղացիներին տեղահանել Մեծ Այրում գյուղ: Կաճաճկուտցիները, սակայն, այստեղ չեն հիմնավորվել և ետ են վերադարձել: Այս որոշման հիման վրա հողերի բաշխման ժամանակ Կաճաճկուտի վարելահողերը, թեև բաշխվել են գյուղացիներին, սակայն չեն սեփականաշնորհվել: Կաճաճկուտը չունի ոռոգման ջուր և դրա կարիքն էլ չունի, քանի որ այստեղ վարելահողերն ունեն բնական խոնավություն, եւ մասնագետների կարծիքով, գերոռոգումը վտանգ է ներկայացնում սողանքի համար: Այստեղ գյուղացիների  հիմնական զբաղմունքը անասնապահությունն է: Գյուղի տնտեսական գրքում գրանցված է 348 գլուխ խոշոր եղջերավոր անասուններ, 84 մայր խոզ, 160 ոչխար: Կոլխոզ-սովխոզի տարիներին Կաճաճկուտն ունեցել է 1000-ից ավելի գլուխ ոչխար, մոտ 800 գլուխ կով` չհաշված մասնավորի ունեցվածքը: Համայնքի 2010 թ. բյուջեն կազմում է 8,1մլն դրամ: Վերջինիս 6 մլն դրամը կազմում է դոտացիան: Հայտնի պատճառներով բյուջեում հողի հարկային եկամուտներ չեն պլանավորվում: Շուրջ 2 մլն դրամ սեփական հարկային եկամուտները ձևավորվում են համայնքի հողի վարձակալության վճարներից և գույքահարկից: Բազմաթիվ հիմնախնդիրներ ունեցող գյուղի աղքատ բյուջեի առյուծի բաժին 6,8 մլն դրամը գյուղապետ Մխիթար Թամազյանի կողմից պլանավորվել է ապարատի պահպանության տողով: Բյուջեի 50 տոկոսից ավելին հատկացված է աշխատավարձի տողով: Գյուղը չունի մանկապարտեզ, իսկ մշակույթի տունը գրեթե քանդված է: Գյուղապետը գյուղի սողանքային վիճակի մասին «Հետք»-ին հայտնեց, որ ՀՀ գյուղնախարարության «Գեո-ռիսկ» կազմակերպության կողմից 2004 թ.-ին անցկացված փորձագիտական հետազոտություններով պարզվել է, որ Կաճաճկուտում սողանքային 3 լեզվակ է առկա, որոնց ակտիվացման շրջանը կարծես թե անցել է և հիմա դեպի մարման շրջան է գնում: Ըստ գյուղապետի` գյուղի սողանքին խթանել է 70-ական թվականներին գյուղի փլուզված ջրագիծը, որի ջուրը անընդհատ հոսել է գյուղի վերին հատվածով և անցել գետնի տակ ու նպաստել սողանքին: Կառավարության հանձնարարությամբ 2008թ.-ի ջրագիծը վերակառուցվել է գյուղանախարարության «Զարգացման ծրագրի» կողմից: Մինչ ջրագծի կառուցումը, կաճաճկուտցիները դույլերով օգտվել են իրենց տներից 500-600 մ հեռավորության վրա գտնվող աղբյուրներից: «Ջրագծի կառուցումից հետո գյուղի 65 ընտանիքների տներ ապահովվել են խմելու ջրով»,- ասաց գյուղապետ Մ. Թամազյանը: Սակայն գյուղի վերին հատվածում գտնվող Ասլանյանների թաղամասը դեռևս ապահովված չէ խմելու ջրով, որոնք էլ օգտվում են լեռնային աղբյուրների ջրերից: Մ. Թամազյանը հայտնեց, որ երկու տարի առաջ կառուցված ջրագիծը դեռևս գրանցված չէ գյուղապետարանի հաշվեկշռում: Նա տեղյակ չէր նաև ջրագծի և ջրահեռացման համար ծախսված գումարներից. «Ներդրված գումարների մասին ես ոչինչ չեմ կարող ասել, որովհետև  շինարարության պատվիրատուն եղել է Լոռու մարզպետարանը: Գյուղնախարարության «Զարգացման ծրագրից» ինձ ասել են, որ փաթեթը ուղարկելու են մարզպետարան, մենք համայնքի  հետ որեւէ պայմանագիր չունենք, որովհետև համայնքը ներդրում չարեց, միջոցներ չունենալու պատճառով: Ինձ ասել են` ներդրածդ ինչ է, որ ուզում ես մեզանից բան իմանաս: Կգա փաթեթը` կիմանաս»,- ասաց գյուղապետը: Նա էլ առ այսօր սպասում է փաթեթին: Թեև սողանքի վտանգ կա, սակայն գյուղապետ Թամազյանը գյուղի կենսական հիմնախնդիրը համարում է Աքորի-Կաճաճկուտ 6 կմ ճանապարհահատվածի և գյուղամիջյան ճանապարհների անմխիթար վիճակը: Եկեղեցիները գրանցված են գյուղապետի անունով Կաճաճկուտում գործում է «Նոր Առաքելական» եկեղեցին: Գյուղացիները պատմեցին, որ գերմանացիները Կաճաճկուտում եկեղեցու 2 շենք են գնել, ու երկուսն էլ գրանցել են գյուղապետի անունով: Ասացին նաև, որ եկեղեցու համար գնված առաջին շենքը գյուղապետը բնակարան է դարձրել: Այժմ եկեղեցին տեղավորված է գյուղի խորհրդային տարիների մթերային խանութի շենքում: «Նոր առաքելական» եկեղեցու շենքի  բակում և ճամփի մի եզրին չորացած խոտ էր փռած: «Լավոն էս ինչ ա արել, իրա չամանն է արևի տակ դրել, որ չորանա ու ցանի»,- ենթադրեց Օֆիկ Պողոսյանը: Լավոն` 73-ամյա Լավրենտի Թամազյանն է: «Սա շատ զորավոր բան ա: Ես թանկ առել եմ, բայց էժան տեմ ծախիլ: Սա բաստուրմի ցեխին տեմ տալ»,- ցեխի ու ու հողի մեջ թաղված չամանի մասին ասաց Լավոն ու թրքոտ  կոշիկներով չամանի վրա սկսեց ման գալ: Զարմանքիս Լավոն պատասխանեց. «Սրա ջգիլը քանիսումն ա: Հմի կասեմ, ոնց տեմ ջգիլ: Սա պտի սենց հող չըլեր, բայց եղել ա: Բայց խանգարող չի: Ուրեմն տես, սա չորանալ տի, կատոկը վրովը տալ տեմ, 250 կիլոանոց ավազը լցված կատոկ ա, որը թրիք ա տրամբովկա անում»: Լավոյի պատմած չամանի տեխնոլոգիային ծանոթանալուց հետո որոշեցի այլեւս  բաստուրմա չուտել: Կաճաճկուտի նախկին գյուղապետ Հայկազ Դավթյանն էլ ասաց, որ գյուղի սարերը լրիվ փռված են Վրաստանի սահմանով: «Ալըշի ուրթ ենք ասում, Օրզանգու ենք ասում, Շեկի յուրդ ենք ասում: Երեք սար ունենք: Մեր Շեկի յուրդ սարը անմիջապես Ախքյորփու հետ սահմանակից է: Մենք դե ֆակտո սահմանամերձ  գյուղ ենք, բայց սահմանամերձ չենք համարվում»: Հայկազն ասաց, որ հիմա սահմանից Կաճաճկուտում գողություն չի լինում: Վրաստանի սահմանից առաջ թուրքերն էին մեր անասունները գողանում, հիմա մեր սալդաթը սահմանի վրա կանգնած ա` կարում չեն: Արդեն մեր տղերքն են ժաժ ընկել: Ներսից գողանում են, տանում են Լենինականում ու Կալինինոյում իրացնում»,- ասաց Հայկազը: Գյուղապետ Մ.Թամազյանն էլ հայտնեց, որ Կաճաճկուտը սահմանամերձ է կոչվում գյուղի  վարչական տարածքին հարող սահմանամերձ պետական սեփականության հողերը համայնքային սեփականություն դառնալուց հետո: Նա տեղեկացրեց, որ  Կառավարությունում դրա հետ կապված որոշման նախագիծ կա: Նա սպասում էր վերջինիս որոշում դառնալուն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter