HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արաքսը տագնապի մեջ է պահում Ջանֆիդա համայնքին

Արդեն 4 օր է, ինչ Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղի բնակիչները շուրջօրյա հերթափահություն են սահմանում գյուղին հարեւանությամբ հոսող Արաքս գետի մոտ: Բանն այն է, որ գետը վարարել է եւ ափերից դուրս է գալիս, ինչը կարող է աղետալի հետեւանքներ ունենալ ինչպես Ջանֆիդայի, այնպես էլ հարեւան գյուղերի բնակիչների համար: Ջանֆիդայի գյուղապետ Էդիկ Մանուկյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ Արաքսի այս տարվա վարարումը աննախադեպ է եւ նման բան  գյուղացիները չէին տեսել նույնիսկ խորհրդային տարիների ժամանակ: «Գետը մոտ 30 մետրով հուն է բացել դեպի գյուղ: Վտանգը դեռ կա, բայց ամբողջ ուժերը կենտրոնացրել ենք եւ չենք թողնում, որ Արաքսը ափերից դուրս գա»,- նշեց գյուղապետը: Նրա ասելով, այս պահին մոտ 30 տեխնիկա է աշխատում, ավազե պարկեր են շարվում եւ մեծ քարերով պատնեշ է կառուցվում գետի ափին: Կառավարությունն ամեն տարի գետերի հունը մաքրելու համար գումարներ է հատկացրել, սակայն մինչ օրս դեռ կան հատվածներ, որ իրական վտանգ են ներկայացնում մարդկանց կյանքի ու առողջության համար: Արաքս գետը տարիներ շարունակ, տարբեր համայնքներում վտանգավոր իրավիճակներ է ստեղծել, սակայն գետի հունը մաքրելու եւ ափապաշտպան գոտի կառուցելու հարցում կառավարության աշխատանքները դանդաղ են ընթանում: Արմավիրի մարզպետի օգնական Նվեր Պետրոսյանը «Հետքին» փոխանցեց, որ մարզպետ Աշոտ Ղահրամանյանը գետի այդ հատվածի վտանգավորության մասին գրավոր տեղեկացրել է կառավարությանը, սակայն ֆինանսական ճգնաժամի պատճառով նախորդ տարի գումարներ չեն հատկացվել: «Ամեն տարի հատված առ հատված գետի հունը մաքրվում է եւ պատնեշներ են կառուցվել: Բագարանից մինչեւ Արարատի մարզի Երասխ գյուղի տարածք վտանգավոր հատված է: Արաքսը «թափառող» գետ է ու չենք կարող կանխատեսել, թե որ հատվածից կարող է վտանգ ներկայացնել: Հիմա մաքրվում է Երվանդաշատ գյուղի հատվածը, սակայն այս պահին ամբողջ տեխնիկան կենտրոնացվել է Ջանֆիդա համայնքի տարածք»,- նշեց մարզպետի օգնականը: Տվյալ պահին էլ աշխատանքները շարունակվում են: 2 օր ջանֆիդացիներն մարզպետարանի աշխատակազմի աջակցությամբ ինքնուրույն են պայքարել  Արաքսի ջրերի դեմ: Երեկվանից նրանց են միացել Արտակարգ իրավիճակների ու Պաշտպանության նախարարությունները: Զինվորները նույնպես օգնում են գյուղացիներին` ավազե պարկեր տեղադրելով գետի ափին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter