HY RU EN

Սոնա Ավագյան

12-ից ավելի մայրաքաղաքներ` «Հայաստանի 12 մայրաքաղաքները» գրքում

Այսօր ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում տեղի ունեցավ «Հայաստանի 12 մայրաքաղաքները» («Les douze capitales d’Arménie») ֆրանսերեն գրքի շնորհանդեսը: Գրքի խմբագիրներն են ֆրանսահայ մաթեմատիկոս-պատմաբան Քլոդ-Արմեն Մութաֆյանը և նրա ընկեր, ֆրանսահայ արվեստաբան Պատրիկ Տոնապետյանը: Յուրաքանչյուր մայրաքաղաքը ներկայացնող գլուխը գրքում գրել է առնվազն մեկ հեղինակ: Գրքի համահեղինակները մոտ 20-ն են` թե Ֆրանսիայից, թե Հայաստանից: Գրքում ներկայացված է մոտ 400 գունավոր լուսանկար, մանրանկար, փաստաթուղթ: Նկարների մեծ մասը տրամադրել է 2 լուսանկարիչ` Զավեն Սարգսյանը և կանադահայ Հրայր Բազե Խաչերյանը: Հայաստանում համահեղինակների աշխատանքները համակարգել է հնագետ Նվարդ Տիրացյանը: «Հայաստանի 12 մայրաքաղաքները» զուտ գիտական գիրք չէ. այն նաև հանրամատչելի է: Քլոդ-Արմեն Մութաֆյանը սրանով է պայմանավորում այն, որ գիրքը մեծ հաջողություն ունի և բավականին լավ է վաճառվում Ֆրանսիայում: Գիրքը լույս է տեսել 2010թ. փետրվարի վերջին. այն ստեղծվել է 3-4 ամսվա ընթացքում: «Ես դեռ չեմ հավատար` ինչպես գիրքը եղավ: 3-4 ամիսը շատ քիչ ժամանակ է, բայց մեր կրցածը ըրինք` շնորհիվ ադ օգնություններուն, որ ստացանք ամեն կողմեն»,- այսօրվա շնորհանդեսի ժամանակ ասաց Քլոդ-Արմեն Մութաֆյանը: Նա գիրքը և շնորհանդեսը նվիրեց անվանի հնագետ-պատմաբան Արամ Քալանթարյանի հիշատակին, ով գրել է գրքի «Դվին» գլուխը: Գրքում ներկայացված է 12 թագավորական մայրաքաղաք` Վանից մինչև Անի և Սիս, որը հայոց թագավորական վերջին մայրաքաղաքն էր: Ներկայացված են հայոց հանրապետական մայրաքաղաքներ Երևանը և Ստեփանակերտը: «Հայոց թագավորություն, հայոց մայրաքաղաք և հայկական թագավորություն, հայկական մայրաքաղաք տարբեր են: Հայոց բոլոր մայրաքաղաքները ընդգրկված են գրքում, իսկ հայկականը` ընտրանի է կազմված: Ավելցուցինք գլուխ մը` կոչված «Երկրորդական մայրաքաղաքներ», որ հայոց մայրաքաղաք չեն, բայց հայկական մայրաքաղաքներ են, ինչպես Աղթամար, Լոռի, Ղափան, Եղեգիս, Փառիսոս և այլն: Օրինակ` գիրք մը առանց Աղթամարի չըլլար: Աղթամարը հայոց մայրաքաղաք չէ, բայց Վասպուրականի հայոց մայրաքաղաքն է»,- ասաց Քլոդ-Արմեն Մութաֆյանը: Նա եղել է Հայաստանի 12 մայրաքաղաքից գրեթե բոլորի տարածքում: Միայն Տիգրանակերտում է, որ Քլոդ-Արմեն Մութաֆյանը չի եղել, քանի որ, իր խոսքերով, այդ մայրաքաղաքի ճշգրիտ տեղը դեռ անհայտ է, միայն վարկածներ կան: Տիգրանակերտը Տիգրիսի մոտ է և վերահսկվում է Թուրքիայի կողմից: Իսկ Արցախում պեղված Տիգրանակերտը գրքում ներկայացված է: «Հայաստանի 12 մայրաքաղաքները» գրքի ստեղծման համար առիթ է եղել 2 ցուցահանդես: 2006-ը Ֆրանսիայում հայտարարվեց Հայաստանի տարի, այդ առիթով Հայաստանին նվիրված բազմաթիվ ցուցահանդեսներ, գիտաժողովներ կազմակերպվեցին, գրքեր հրատարակվեցին: Առաջին միջոցառումներից մեկը Փարիզում կազմակերպված «Հայոց 12 մայրաքաղաքները» ցուցահանդեսն էր: Ցուցահանդեսի մտահղացումը ճարտարապետ Նարեկ Սարգսյանինը, արվեստաբան Մուրադ Հասրաթյանինը և լուսանկարիչ Զավեն Սարգսյանինն էր: Ցուցահանդեսին ներկայացված էին նկարներ և գրություններ: Երբ Քլոդ-Արմեն Մութաֆյանին դիմեցին, որ վերստուգի ցուցահանդեսի այդ գրությունները և թարգմանությունը, նրա առաջարկով հայոց մայրաքաղաքների շարքում ավելացվեց նաև Կիլիկիայի մայրաքաղաք Սիսը: Կիլիկիայի Լևոն 5-րդ Լուսինյան թագավորի դամբարանը Փարիզում է: Սիսը պատմական Հայաստանի մեջ չի մտնում, բայց հայոց թագավորություն էր: Ցուցահանդեսի վերաբերյալ գրքույկ հրատարակվեց: Հայաստանի տարուց հետո Ֆրանսիայում հայտարարվեց Թուրքիայի տարի: Այդ ժամանակ Մարսելի Հայ մշակույթի տունը և Քլոդ-Արմեն Մութաֆյանը որոշեցին Փարիզի ցուցահանդեսը Մարսել տեղափոխել: Այդ ժամանակ Մարսելի Հայ մշակույթի տունը Քլոդ-Արմեն Մութաֆյանին առաջարկեց ծավալուն գիրք հրատարակել` «Հայաստանի 12 մայրաքաղաքները»: «Ներկայացնելով հայոց մայրաքաղաքները` մենք ըստ էության, ներկայացնում ենք հայոց պատմությունը` իր գրեթե ամբողջության մեջ: Եթե նայեք այդ գրքի բովանդակությանը, կտեսնեք, որ հայոց առաջին մայրաքաղաքը Վան քաղաքն է, և հայոց վերջին մայրաքաղաքներից մեկը Ստեփանակերտն է: Այսինքն` մեր ամբողջ պատմությունը անգամ այդ վերնագրային մակարդակներում հստակ երևում է»,- շնորհանդեսին ասաց ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը: Իսկ ՀՀ գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը նշեց, որ շուտով իրենք բանակցություններ են սկսելու` Ֆրանսիայի ցուցահանդեսը Հայաստան տեղափոխելու համար: Նա կարևորեց «Հայաստանի 12 մայրաքաղաքները» գրքի քարոզչական նշանակությունը: