Արտակ Գաբրիելյան. «Ընտրապայքարը վերածվել է թշնամանքի»
Հարցազրույց Սամցխե-Ջավախքի եւ Քվեմո Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի ներկայացուցիչ Արտակ Գաբրիելյանի հետ
Ի՞նչ գաղափարաբանությամբ է առաջնորդվում Սամցխե-Ջավախքի եվ Քվեմո Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը /խորհուրդ/ եւ վերջինիս` ընտրություններին մասնակցությունն ի՞նչ ակնկալիքներ ունի:
Մեր բազմամյա գործունեության ընթացքում, տարիներ շարունակ բարձրաձայնել ու հնարավորության սահմաններում միշտ էլ նպաստել ենք ջավախքահայությանը հուզող խնդիրների կարգավորմանը: Այսօր էլ մեր գաղափարաբանական ուղղվածությունը չի փոխվել. մենք շարունակում և շարունակելու ենք հանդես գալ որպես ջավախքահայերի իրավունքների անդավաճան պաշտպան:
Խորհուրդը լավագույնս քաջատեղյակ է տարածաշրջանի հիմնախնդիրներին, ջավախքահայությանն անհանգստացնող հիմնախնդիրներին, ու մեր գերագույն նպատակն է ձեռնամուխ լինել դրանց շուտափույթ կարգավորմանը: Եվ այս առումով, մեր խորհրդի ներկայացուցիչների մասնակցությունն այս ընտրություններին շատ կարեւոր է :
Ասեմ նաեվ, որ ընտրությունների մասնակցության վերաբերյալ, խորհրդի որոշումը եղել է ոչ միանշանակ: Խորհրդի շատ անդամներ դեմ էին` առաջադրել իրենց թեկնածությունը, իմանալով, որ իշխանություններն անպայման կկիրառեն ամեն միջոց ընտրություններն իրենց օգտին անցկացնելու նպատակով, բայց հասկանալով, որ մեր` նման պահվածքն, իրոք, դավաճանական քայլ կլինի մեր գաղափարակիցների և, ընդհանրապես, մեզ հավատացող ջավախքցիների նկատմամբ, որոշեցինք անպատճառորեն մասնակցել:
Մեզ համար էական նպատակներից է Վրաստանի կառավարության կողմից ազգային փոքրամասնություններին առնչվող կարևոր դրույթների կատարմանը հասնելը: Մենք նույնպես այս պետության քաղաքացիներն ենք` ունենք ինչպես իրավունքներ, այնպես էլ պարտականություններ, և մենք պատրաստ ենք ստանձնել դրանք:
Ինչո՞ւ որոշեցիք թեկնածուներին առաջադրել Վրաստանի «Ազգային Խորհրդի» բլոկի կողմից:
Տեղեկացնեմ, որ նախկինում ՏԻՄ-ի ընտրություններին մեծամասնական թեկնածուին կարող էր առաջադրել նախաձեռնող խումբը, բայց քանի որ 2010թ.-ի ապրիլ ամսվա դրությամբ ՏԻՄ-ի օրենքը ենթարկվեց փոփոխության ստիպված եղանք համագործակցել Վրաստանում գրանցում ունեցող ինչ-որ մի կուսակցության հետ: Դիմեցինք տարբեր կուսակցությունների, սակայն վերջիններս մերժեցին մեր առաջարկը, պատճառաբանելով, որ մենք սեպարատիստներ ենք եւ մեր հետ համագործակցությունը իրենց կհեղինակազրկի ողջ Վրաստանում: Այնուհետեւ դիմեցինք «Ազգային Խորհրդի» ներկայացուցիչներին եւ իրենք համաձայնվեցին առաջադրել մեր թեկնածուներին: Կուսակցությունը զուտ միջոց է եղել ընտրություններին մասնակցելու կապակցությամբ:
Ինչպես տեղեկացանք, «Ազգային խորհրդի» կողմից առաջադրված թեկնածուների նկատմամբ որոշակի ճնշումներ են գործադրվել: Կմանրամասնեք:
Իրականությունը ցույց է տալիս, որ առողջ մրցապայքար, որպես այդպիսին, լիարժեք կերպով չկա: Ընտրապայքարը վերածվել է թշնամանքի: Այո, ճնշումներ կան, որոնք առավել հաճախ դրսեվորվում են երկրի ազգային անվտանգության ծառայության միջամտությամբ: Օրինակ` կարող են որևէ կուսակցության թեկնածուի ստիպել ինքնաբացարկ հայտարարել` սպառնալով քրեական գործ հարցել եվ այլն: Մեկ այլ դեպքի համաձայն, կարող են ոչ «ձեռնտու» թեկնածուի հարազատների նկատմամբ սպառնալիքներ իրագործել և ստիպել հրաժարվել թեկնածությունից:
Խորհուրդն այս առումով իր մտահոգությունն է հայտնում: Մենք միշտ էլ բարձրաձայնել ու դատապարտել ենք նման հակաօրինական գործողությունները, որոնք խախտում են ոչ միայն ընտրությունների մասնակիցների, այլև ընտրազանգվածի իրավունքները:
Ինչպես կարելի է մի կողմից խոսել օրենքից, խոսքի ազատության, և, առհասարակ, ժողովրդավարական արժեքներից, և մյուս դեպքում, բացարձակ ու ուղղակի խախտել դրանք: Դա բացարձակապես անտրամաբանական է:
Ավելին, անընդհատ խոչընդոտում են մեր գործունեությունը: Ախալքալաքում փակցված` «Ազգային խորհրդի» ցուցապաստառները անմիջապես ոչնչացվեցին: Եվ նման դեպքեր կատարվում են գրեթե ամենուր: Կարծում եմ, սա միտում ունի, որպեսզի մենք չթույլատրված ու պահի ազդեցությամբ որոշումներ կայացնենք: Բայց շատ լավ գիտակցելով այս բնույթի գործողությունների նպատակները, առայժմ մենք կլռենք:
«Ազգային խորհրդի» քարոզարշավները մեծ մասամբ շրջանի գյուղերում են իրականացվում, որտեղ էլ բացահայտ խախտումների և հակաօրինական գործողությունների ենք հանդիպում: Օրինակ` գրեթե բոլոր վայրերում նկատելի է գյուղապետերի անհարկի միջամտությունները, ովքեր անգամ տեղի բնակիչներին «խորհուրդ» են տալիս, թե որ թեկնածուին ընտրեն:
Իսկ, ըստ Ձեզ, ի՞նչ սկզբունքներից ելնելով պետք է տեղաբնակները կատարեն իրենց որոշումը:
Չնայած այս ամենին, խորհրդի ներկայացուցիչներս համոզված ենք, որ ջավախքահայությունը ուշիմ և զգոն է: Նա գիտի, թե ում հավատա, ով կլինի իր կողքին և ով է իր խնդիրներով մտահոգվողը:
Մեր հայրենակիցները պետք է հիշեն, որ իրենցից յուրաքանչյուրի ձայնը խիստ կարևոր է Ջավախքի ապագայի համար, յուրաքանչյուր «այո» կարող է կառուցել վաղվա լավը, և պետք է հնարավորություն տալ այն թեկնածուին, ով ի վիճակի է խթանել այդ լավի ստեղծմանը: Խորհուրդը համոզված է, որ իր գաղափարաբանությունն ու ջավախքահայության ցանկություններն նույն ուղիով են ընթանում եվ հույս ունի, որ միասին կկառուցեն վաղվա լավը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել