HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մամուլի տեսություն

Գալուստ Սահակյանը պայքարում է` ազատ ապրելու համար Ավտովթարից մահացած ՀՀԿ-ական պատգամավոր Մելիք Գասպարյանի հսկայական ունեցվածքի, կուտակած պարտքերի շուրջ խոսակցությունները չեն դադարում: Խոսակցություններ կան, որ Մելիք Գասպարյանի` Գնունի-Չարենց փողոցների խաչմերուկում գտնվող երկու նորակառույց շենքերը բաժին են հասել Գալուստ Սահակյանին ու նրա տղաներին: «Աստված ձենդ լսի: Ես ունեմ խրուշչովյան 3 սենյականոց բնակարան, պայքարում եմ, որ մի քիչ ավելի ազատ ապրեմ, բայց դեռ դրան չեմ հասել` շենքեր վերցնելուն»,- թերթի հարցին ի պատասխան` երեկ հայտարարել է Գալուստ Գրիգորիչը: «Ավելի ազատ ապրել ասելով ի՞նչ նկատի ունեք, ուզում եք հարևանների տնե՞րը վերցնեք»,- հարցրել են ՀՀԿ փոխնախագահին: «Չէ, ուզում եմ նորմալ, ոնց որ ՀՀ քաղաքացին ա, տենց տուն ունենամ, որը էսօր չունեմ»,- ասել է նա: Խախտողը հենց Կենտրոնական բանկն է Այս տարվա մայիսի 3-ից ՀՀ կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 19-ի թիվ 1498 որոշման համաձայն` Հայաստանում ինկասացիոն գործունեություն իրականացնող ընկերությունները կանխիկ դրամի ինկասացիան պետք է իրականացնեն բացառապես զրահապատ մեքենաներով: Սակայն թերթը տեղեկություններ էր ստացել, որ ՀՀ կենտրոնական բանկի սեփականությունը հանդիսացող «Հայինկասացիա» ընկերությունը կանխիկ դրամի տեղափոխման համար օգտագործում է նաև սովորական մեքենաներ: «Դա հնարավոր չէ, մենք 38 հատ զրահապատ մեքենա ունենք և կանխիկ դրամի ինկասացիան իրականացնում ենք զրահապատ մեքենաներով: Ձեր ունեցած ինֆորմացիան ճիշտ չէ»,- այդ տեղեկությունները ճշտելու համար ընկերություն զանգահարած թերթի թղթակցի հետ հեռախոսազրույցում այսպիսի հստակ ու միանշանակ պատասխան է տվել «Հայինկասացիա» ընկերության տնօրեն Լյուդվիկ Սարգսյանը: Բայց քանի որ թերթի ունեցած տեղեկությունները լուսանկարի տեսքով են, նշանակում է, որ Լյուդվիկ Սարգսյանի ունեցած տեղեկություններն են սխալ: Ինչո՞վ է սա ուշագրավ: Խնդիրն այն է, որ ինկասացիոն գործունեությամբ զբաղվող ընկերությունների նկատմամբ անմիջական վերահսկողությունը իրականացնում է ՀՀ կենտրոնական բանկը: «Հայինկասացիայի» միակ սեփականատերն էլ նույն ԿԲ-ն է: Եվ ստացվում է, որ ԿԲ-ն արհեստականորեն բարենպաստ պայմաններ է ստեղծում իրեն պատկանող ընկերության գործունեության համար: Ընդամենը 4 տարի առաջ հենց «Հայինկասացիայի» չզրահապատված մեքենայի վրա զինված հարձակում էին գործել, որի արդյունքում մեքենայի վարորդը զոհվել էր: Եթե մեքենան լիներ զրահապատ, նա չէր զոհվի: Խաղալիք տանկ` «նստած էլեմենտներով» «Էդիկ Նալբանդյանը լավ դիվանագետ է, թուրքերը վախենում են նրանից: Ասում են` տանկի նման է գալիս»,- հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը: «ՉԻ» - Ռազմիկ Զոհրաբյանն, ինչպես միշտ, օրիգինալ է: «Տանկի նման գալը» լավ դիվանագետ լինելու չափանիշ համարելը նույնն է, թե ասես այսինչը «հրաշալի դաշնակահար է, բայց այնպես է խփում ստեղնաշարին, որ դաշնամուրը մեջտեղից ջարդում է»: Չնայած` Էդուարդ Նալբանդյանին տանկի հետ համեմատելն ինչ-որ տեղ տրամաբանական է: Այն իմաստով, որ կողքից ինչքան քարկոծում են` հեչ վեջը չի: Անիմաստ առաջ է շարժվում: Թե դեպի ուր` երևի ինքն էլ չգիտի: Մի խոսքով, երևի իմաստ չունի այս մարդկանց բացատրելը, որ «տանկի նման գալը» դիվանագետի համար համարյա հայհոյանք է, և եթե թուրքերն իսկապես նման բան են ասել, ամենայն հավանականությամբ պարզապես ծաղրել են մեր արտգործնախարարին: Նույնիսկ եթե Ռուսաստանի կամ ԱՄՆ-ի նման երկրների արգործնախարարներն իրենց թույլ չեն տալիս «տանկի նման» առաջ շարժվել: Համ էլ, այ տնաշեններ, ո՞վ է տեսել, որ տանկի թշերը քաշքշեն: Համընկնումների մեջ միստիկա չկա Մայիսի 26-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովի հրավերով ժամանել էր Մոսկվա, որի ընթացքում քննարկվել էր նաև ԼՂ հակամարտության կարգավորման հարցը: 2010թ.-ին սա Աբիևի արդեն երկրորդ այցն է ՌԴ, վերջին անգամ նախարարները հանդիպել էին ճիշտ այն ժամանակ, երբ նախարար Սեյրան Օհանյանը Բրյուսելում էր: Այս անգամ էլ Աբիևի` Մոսկվա կատարած այցը համընկավ նախագահ Սերժ Սարգսյանի` Բրյուսել կատարած այցի հետ: Սա հայկական կողմից դեմա՞րշ է: «Ես ոչինչ չեմ բացառում, թեև չեմ էլ ուզում միստիֆիկացնել այդ համընկնումները կամ դրա մեջ ինչ-որ չարագուշակ բաներ տեսնել, առավել ևս` դրանում շատ խորը գնացող միտումներ փնտրել»,- երեկ «Առավոտի» հարցին ի պատասխան`ասել է «Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը: Մեկուսացած վիճակում Ըստ ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանի. «Հատկապես ակներև է, որ տեղական ընտրություններին անհամեմատ պասիվ է կամ ընդհանրապես չի մասնակցում քաղաքական ընդդիմությունը: Ընդդիմությունն իրեն մեկուսացած վիճակում է դնում, թեկնածություններ չի առաջադրում կամ շատ թույլ ու անմրցունակ թեկնածուներ է ունենում»: Ցեղասպանությունից փրկվածների պատմությունը ԱՄՆ Կոնգրեսի ուշադրության կենտրոնում Երեկ կոնգրեսական Ադամ Շիֆֆը ԱՄՆ Կոնգրեսին է ներկայացրել Հայոց ցեղասպանությունից փրկվածների առաջին 4 պատմությունը: Դրանք ընտրված են այն բազմաթիվ պատմություններից, որոնք կոնգրեսականը հավաքում է Կոնգրեսի Հայոց ցեղասպանության վերաբերյալ Հաշվետվության մեջ ներառելու նպատակով: «Անհնար է գտնել հայկական մի ընտանիք, որը Ցեղասպանության չի ենթարկվել, և սա հարմար առիթ է, որպեսզի նրանց պատմություններն ու ապրումները ներառենք ազգային հաշվետվության մեջ»,- Ասված է Շիֆֆի մամլո գրասենյակի հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter