HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Շինարարություն` պուրակի հաշվին

Մայիսի 19-ին, Գյումրիի կենտրոնական Արագած փողոցում` Բագրատունյաց փառքի պուրակ կոչվող կանաչապատ տարածքում, ամբողջ թափով ընթացող փորման աշխատանքները կասկած չէին թողնում` կառուցվում է հերթական «օբյեկտը»` կանաչ տարածքի հաշվին: Աշխատանքներին հետեւող դիմացի բնակելի շենքի երկու բնակիչների հարցնում եմ, թե ում են հատկացրել տարածքը եւ ինչ է կառուցվելու. «Եսիմ, փորենգը էլի, ուրեմն մե բանըմ հաստատ կկառուցեն»,-պատասխանում է 50-անց տղամարդը: «Իսկ ինչի՞ չեք բողոքում, ախր ձեր հանգստի, ձեր մաքուր օդի, ձեր հաշվին են կառուցում: Վաղը-մյուս օրը արեւի լույս էլ չեք ունենա»,- զարմացած հարցնում եմ: «Ո՞ւմ բողոքենք, տերն ո՞վ է, ում որ բդի բողոքենք, էն էլ հրամանը տվել է»: Շտապում եմ լուսանկարներ անել, քանի դեռ տարածքն ամբողջովին չեն փակել: Գիտեմ, հետո դժվար է լինելու, կարող է մոտ էլ չթողնեն: Շինարարական աշխատանքները հսկող աշխղեկը նկատում է իմ հետաքրքրությունը, սակայն այդպես էլ չի համարձակվում մոտենալ եւ որեւէ բան հարցնել: Դրա փոխարեն ես եմ հարցեր տալիս գծագիրը ձեռքին չափումներ իրականացնող տղամարդուն: «Մեզ տվել են նախագիծը, ասել են, որ սկսենք աշխատանքները, մնացածը չգիտեմ»,- կարճ-կոնկրետ պատասխանում է նա: 7-8 տարի կանաչապատ այս տարածքը, որ Բագրատունյաց փառքի պուրակ անունն էր կրում (անունը որոշել էր քաղաքապետ Վարդան Ղուկասյանը), աշնանն ու ձմռանը վերածվում էր հարեւանությամբ գործող խանութատերերի եւ «Ոսկու աշխարհ» աշխատակիցների մեքենանների համար կայանատեղիի: Գարնանն ու ամռանն երեւի նույն մարդիկ ինչ-որ տեղ ամաչում էին տրորել բարձրացող կանաչը, ու թափառող շները կարողանում էին հանգիստ իրենց քունն առնել պուրակ դառնալու հեռանկարներով ապրող տարածքում: Իսկ հարեւանությամբ ապրող մարդիկ համբերատար սպասում էին, թե ասֆալտից պոկած այդ օազիսում իրենք երբ են երեկոները մարդավայել հանգստանալու, երբ են նստարաններ դրվելու, կամ երբ ծառատունկ կարվի: «Օրհուս» կենտրոնի պատասխանատու Գեւորգ Պետրոսյանը պնդում է, որ Գյումրիում քաղաքաշինական բիզնեսը վաղուց արդեն չի ենթարկվում որևէ վերահսկողության համապատասխան կառույցների կողմի: «Քաղաքի վերականգնումն ու կառուցապատումը ավելի շատ վերածվել է տարածքներ վաճառելու գործըթացի»,- ասում է Գեւորգ Պետրոսյանը,- պաշտոնյաներն իրենց անձնական հայեցողությամբ երկարաժամկետ վարձակալությամբ տարածքներ են վերցնում: Քաղաքի կառուցապատումը իրականացվում է ոչ թե հասարակության համար հարմարավետ կենսամիջավայր ստեղծելու, այլ մի խումբ պաշտոնյաների փառասիրությունը, նեղ անձնական ճղճիմ շահերը բավարարելու և անճաշակությունն ի ցույց դնելու սկզբունքով»: Գեւորգ Պետրոսյանի ունեցած տեղեկություններով` Արագած փողոցի կաչապատ տարածքը իբրեւ թե փորվել է` ժամանակավոր շինություն կառուցելու համար: Այնինչ իրականում 300 մ2 մակերեսով տվյալ տարածքը, երկարաժամկետ (99 տարով) վարձակալության է տրվել Գյումրու քաղաքացիներից մեկին` կառուցապատման թույլտվությամբ: Դա այն դեպքում, երբ ըստ Գյումրի քաղաքի գլխավոր հատակագծի, տվյալ հողամասը հանդիսանում է հասարակական օգտագործման կանաչ տարածք, և այն դեպքում, երբ ըստ Գյումրի քաղաքի գլխավոր հատակագծի, տվյալ հողամասը հանդիսանում է հասարակական օգտագործման կանաչ տարածք, և այդտեղ արգելված է կապիտալ շինարարությունը: «Շարունակելով քաղաքի պատմական կենտրոնի կետային կառուցապատումը, խախտելով բոլոր հնարավոր և անհնար քաղաքաշինական և բնապահպանական նորմերը` Գյումրու քաղաքային իշխանությունները պարզապես թքած ունեն քաղաքի գլխավոր հատակագիծ և գոտիավորման նախագիծ կոչված փաստաթղթերի ու Գյումրու հանրության կարծիքի վրա,- նկատում է Գեւորգ Պետրոսյանը,- Եվ սա այն դեպքում, երբ ըստ ՀՀ կառավարության որոշման` Գյումրի քաղաքի պատմական միջուկը հայտարարված է որպես «Կումայրի» պատմաճարտարապետական արգելոց և պետության կողմից ենթակա է հատուկ պահպանության»: Գյումրու քաղաքացիները եւ հկ-ների ներկայացուցիչները բողոք-նամակ են պատրաստել` ուղղված երկրի  նախագահին, ԱԺ նախագահին,վարչապետին, գլխավոր  դատախազին եւ նորնշանակ մարզպետին: Հատված դիմումից. «Մենք` ներքոստորագրյալներս, գտնում ենք, որ Գյումրու ՏԻՄ-ը Արագած փողոցի նշված հատվածը աճուրդի հանել և կառուցապատման նպատակով հատկացրել է մասնավոր շահը վեր դասելով հանրային շահից: Ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների նմանօրինակ տնօրինումը Գյումրու ՏԻՄ-ի կողմից հակասում է քաղաքի բնակչության օրինական շահերին, գլխավոր հատակագծի և գոտիավորման նախագծի պահանջներին և շարունակում է քաղաքի կենտրոնում կանաչ տարածքների ոչնչացման արդեն տաս տարուց ավել ձգվող քաղաքականությունը: Հարգելի պարոնայք, դիմում ենք Ձեզ, խնդրելով և միաժամանակ պահանջելով դադարեցնել Գյումրու Արագած փողոցում իրականացվող շինարարութունը, կանխել Գյումրու քաղաքի գլխավոր հատակագծով և գոտիավորման նախագծով սահմանված չափորոշիչների խախտումները Գյումրու ՏԻՄ-ի կողմից և թույլ չտալ, որ աղավաղվի «Կումայրի» պատմաճարտարապետական արգելոցի տարածքում գտնվող փողոցի քաղաքաշինական տեսքը»: Ըստ «Օրհուս» կենտրոնի պատասխանատուի` խախտվել է կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին Գյումրու հասարակությանը իրազեկելու, քաղաքաշինական ծրագրերի և նախագծերի հրապարակման և հասարակական քննարկան կարգը, այսինքն` քաղաքաշինական գործունեությունը սկսվել է առանց վերոհիշյալ գործողությունների իրականացման: «Գյումրու քաղաքապետարանը իր այս գործունեությամբ խախտել է Օրհուսի համաձայնագրի, ՀՀ Կառավարության 1998թ. հոկտեմբերի 28-ի թիվ 660 որոշման և մի շարք այլ իրավական ակտերի պահանջները»,- հավելեց Գեւորգ Պետրոսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter