HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոսկան Սարգսյան

Ննջասենյակում` 7 հոգով

2004 թ. օգոստոսի 29-ի լուրը ցնցեց Իջեւանը: Քաղաքի Սպանդարյան փողոցի 4-րդ շենքի 9-րդ հարկի բնակարանի խոհանոցի պատուհանից ցած էր ընկել 2 տարեկան Թաթուլը: Երեխայի մայրն այդ ժամանակ տանը չէր, նա ջուր էր տանում 6-րդ հարկի հարեւանին: «Ժավել ծախողը բակում բարձր ձայնով կանչեց` ժավե՜լ, ժավե՜լ: Նրա ձայնից ես արթնացա, մամային էի որոնում, ցած նայեցի խոհանոցի պատուհանից»,- հիշում է Թաթուլը: Ընկնելիս նա դիպել է ներքեւի հարեւանի պատշգամբի թիթեղյա ծածկին, ինչը փոքր-ինչ նվազեցրել է անկման արագությունը: Այդ ժամանակ շենքի առաջ խաղացող երեխաների մեջ էր Թաթուլի քույրը` 12-ամյա Գոհարը: Նա, օդում տեսնելով Թաթուլին, վազել է վերեւից ընկնող եղբորն ընդառաջ` շշնջալով` Աստված, օգնիր: Գոհարն ամուր գրկել է եղբորը, ու միասին գետին են գլորվել: Բախումից երկուսի գլուխն էլ ուռել-սեւացել է, ուռել է նաեւ Գոհարի ոտքը: Նրանց Երեւան են տեղափոխել, բուժօգնություն ցուցաբերել: Թաթուլը հիվանդանոցում 15 օր բուժվել է: Նրանց հայրը` Խաչատուրը, այդ դժվարին պահին ֆինանսական օգնության համար դիմել է Իջեւանի քաղաքապետարան, սակայն աջակցություն չի ստացել, Տավուշի մարզպետարանն է օգնել 30 հազար դրամով: Այժմ` դեպքից 6 տարի անց, Թաթուլն իրեն առողջ է զգում, նա չի վախենում մոտենալ 9-րդ հարկի պատուհանին: Այն ժամանակ, Թաթուլի հրաշք փրկության առիթով, Օթարյանների ընտանիքը լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում էր: Այժմ ընտանիքի հոգսերով հետաքրքրվող չկա: 48-ամյա Խաչատուր Օթարյանը 13 տարի առաջ ինսուլտ է ստացել, հազիվ կենդանի է մնացել: Դարձել է երկրորդ կարգի հաշմանդամ, հաշմանդամության 10 հազար դրամ թոշակ է ստանում: 10 հոգուց բաղկացած ընտանիքն այդ թոշակով եւ 55 հազար դրամ ընտանեկան նպաստով է մի կերպ յոլա գնում: Տղաներից ավագը` Գեւորգը, 21 տարեկան է, մեկ տարի առաջ է վերադարձել ժամկետային ծառայությունից: Նա եւ իրենից մի տարով փոքր եղբայրը` Գարիկը, աշխատանք չունեն: 17-ամյա Գոհարը հեռակա կարգով «հոգեբանություն եւ մանկավարժություն» է ուսանում ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի առաջին կուրսում, ուսման վարձը 200 հազար դրամ է: Սակայն ֆինանսական կարիքներից առավել, 5 տղա եւ 3 աղջիկ ունեցող այս ընտանիքին բնակարանի սուղ պայմաններն են նեղում: 23 տարի առաջ ծննդով աչաջրեցի Խաչատուր Օթարյանը եւ գանձաքարցի Ալվարդ Գեւորգյանը ընտանիք են կազմել, ստացել երկու սենյականոց բնակարան, որտեղ այժմ ապրում է բազմանդամ ընտանիքը: «Ննջասենյակում ես ու ամուսինս, նաեւ` 17-ամյա Գոհարը, 13-ամյա Սրբուհին, 11-ամյա Արմենուհին, 8-ամյա Թաթուլն ու ամենափոքրը` 4 տարեկան Նվերն են քնում, «զալում»` ավագ տղաներս` Գեւորգն ու Գարիկը, խոհանոցում էլ` 16-ամյա Գառնիկը»,-ասում է 43-ամյա Ալվարդը: Օթարյանների ննջասենյակում զգույշ պիտի քայլել. սենյակը գրեթե ամբողջությամբ կողք-կողքի դրված մահճակալներն են զբաղեցնում: Իմ այցի ժամանակ ավագ որդիները տանը չէին: Երեխաները հաճախ են տնից բացակայում, այդ նեղ վիճակից գոնե ժամանակավոր հեռանում: Նրանք այդ օրը մի տեսակ ամաչում էին, չէին ցանկանում համատեղ լուսանկարվել: Ընտանիքի հոր` Խաչատուրի բարկանալն էլ չօգնեց, Սրբուհին կտրականապես հրաժարվեց լուսանկարվել, 4 տարեկան Նվերին էլ մայրը գրկում զոռով էր պահում. ամենակրտսերը չէր ուզում հայտնվել ֆոտօբյեկտիվի մեջ: Օթարյանների բնակարանը, փոքր լինելուց զատ, մի խնդիր էլ ուներ: Անձրեւը տանիքից վերջին` 9-րդ հարկի այս բնակարանն է լցվում: «Դրանից մեր տանը խոնավասեր շատ միջատներ էին հայտնվել: Տղաս` Գեւորգը, բարձրացավ տանիք եւ նորոգեց ճեղքերը»,-ասում է Ալվարդը: Գոհարն ասում է, որ ստիպված դասերը փոքրիկ պատշգամբում է պարապում: Ալվարդին ու Խաչատուրին հարցնում եմ` ընտանիքում նոր ծնունդ կլինի՞: Նրանք ընտանիքի նոր համալրմանը դեմ են, քանի որ հիմա էլ տարածքը երեխաների համար սուղ է: «Մենք երբեք չենք մտածել, որ որ տղա կամ աղջիկ ծնվի: Ամեն ինչ Աստծո կամոք է եղել: Ես Աստծուն եմ ապավինում»,- ասում է Ալվարդը: Օթարյանների ընտանիքը բնակարանային պայմանների բարելավման խնդրանքով դիմել է Իջեւանի քաղաքապետարան, ՀՀ նախագահին: Խաչատուրն ասում է, որ երկրի ղեկավարին ուղարկված նամակին Տավուշի մարզպետարանից են պատասխանել: Գրել են, որ բնակարանաշինության ինչ-որ հիմնադրամ է ստեղծվելու, որի միջոցով էլ իրենց տան խնդիրը կլուծվի: Մի խոսքով` ոչ մի կոնկրետ ժամկետ: Խաչատուրն ասում է, որ վերջին տարիներին Իջեւանում բազմաբնակարան մի քանի շենք է գործարկվել, որտեղ տուն ստացածներն իրենց համեմատ բնակարանի պակաս կարիքավոր են: Նա տարակուսում է. չէ՞ որ իրենց ընտանիքը Իջեւանի ամենից շատ երեխա ունեցողն է, իրենց հանդեպ առաջնահերթ ուշադրություն պիտի լիներ: Սահմանադրությամբ սոցիալական երկիր հռչակված Հայաստանի հանրապետությունում կլուծվի՞ հաշմանդամ Խաչատուր Օթարյանի բազմազավակ, սոցիալապես անապահով ընտանիքի բնակարանի հարցը: Հիմա սփյուռքի մեր հայրենակիցներին Կառավարության կողմից իրականացվող «Արի տուն» ծրագրով Հայաստան հիմնական բնակության են հրավիրում: Կարելի է մտածել նաեւ Հայաստանի կարիքավորների մասին: Օթարյանների ընտանիքում 5 «զինվորացու» կա: Ե՞րբ պետությունը օգնության ձեռք կմեկնի նրանց: Ուրախ կլինեի, որ բարձրաստիճան որեւէ պաշտոնյա այս նյութը կարդալով` վճռեր Օթարյան ընտանիքին վաղուց տանջող հիմնահարցը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter