HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Երեխաների 26 տոկոսն ապրում է աղքատության մեջ

Թվում է, թե Հայաստանում երեխաները պաշտպանված են, քանի որ հայ ընտանիքներում նրանք առաջնային դեր ունեն, սակայն ամեն րոպե խախտվում են երեխայի իրավունքները: Թեկուզ այն, որ երեխան առողջական խնդիրներ ունի, ու ծնողները հնարավորություն չունեն հոգալ բուժման ծախսերը: «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքով երեխա է համարվում 18 տարեկան չդարձած յուրաքանչյուր անձ, սակայն պետությունը պետպատվեր է սահմանել մինչեւ 7 տարեկան երեխաների բուժման համար, որից հետո ծնողը պետք է վճարի: Կամ մեկ այլ իրավունք, որը, կարելի է ասել, համատարած խախտվում է. երեխան ունի անհրաժեշտ կենսապայմաններ ունենալու իրավունք: Ոչ բոլոր ծնողներն են կարողանում իրենց երեխաների համար անհրաժեշտ կենսապայմաններ ապահովել, իսկ օրենքով այդ պարտականությունը դրված է հենց նրանց վրա: Հայաստանի բնակչության 26.5 տոկոսը կազմում են երեխաները: Երեխաների 26 տոկոսը աղքատության մեջ է ապրում, իսկ 3 տոկոսը ծայրահեղ աղքատ է: ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի` ՅՈՒՆԻՍԵՖ-ի սահմանմամբ` ծայրահեղ աղքատ են այն մարդիկ, ովքեր ամսական ծախսերի համար ունեն 17232 դրամ եւ ավելի պակաս գումար, իսկ աղքատները` 25188 դրամից պակաս: Հիմնադրամի ուսումնասիրություններով` մանկական աղքատության ամենաբարձր ցուցանիշը Շիրակի մարզում է` 7 տոկոս, իսկ ամենացածրը` Վայոց Ձորում, որտեղ երեխաների 1 տոկոսը ծայրահեղ աղքատ է: Երեւանում ծայրահեղ աղքատ է համարվում երեխաների 3 տոկոսը, իսկ աղքատ` 21 տոկոսը: Երեխայի աղքատ լինելու ռիսկն ավելի բարձր է, եթե նա ապրում է բազմազավակ ընտանիքում, ծնողներն ունեն միջնակարգ կամ ավելի ցածր կրթություն, կանանց կողմից ղեկավարվող ընտանիքներում կամ այն ընտանիքներում, որտեղ կան հաշմանդամ երեխաներ, ընտանիքի չափահաս անդամները գործազուրկ են եւ այլն: Երեխաների վրա ծայրահեղ աղքատության հետեւանքները մեղմացնելու նպատակով ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է անում քննարկել սոցիալական պաշտպանության ծախսերը առավել նպատակաուղղված հատկացնելու մոդելներ գտնելու հարցը: Օրինակ` Կառավարությանն առաջարկում է երեխային հատկացնել ամենամսյա նպաստ` 5 000 դրամի չափով, ինչի արդյունքում մանկական աղքատությունը 26 տոկոսից կնվազի մինչեւ 10 տոկոս: Նրանց հաշվարկով` 0-4 տարեկան բոլոր երեխաներին այս նպաստի հատկացումը տարեկան կարժենա մոտ 30 մլն դոլար կամ Հայաստանի 2010 թ. պետբյուջեի մոտ 1 տոկոսը: Երեխային նպաստ հատկացնելու պրակտիկան հաջողությամբ կիրառվում է նաեւ Արեւմտյան Եվրոպայում: Մարզերում երեխաներն առավել անպաշտպան են «Հետք» շաբաթաթերթի նախորդ համարում անդրադարձել էինք Արարատի մարզի Սիփանիկ գյուղում ապրող Նինա Բաբախանյանի 9 հոգանոց ընտանիքի խնդրին: Նրանց տունը փլվել էր ստորգետնյա ջրերի բարձրացման հետեւանքով, եւ այժմ նրանք ապրում են վագոն-տնակներում: Ընտանիքում 5 անչափահաս երեխաներ կան, որոնք կիսասոված օր են անցկացնում: Երբ այցելեցինք նրանց, մեզ մոտեցավ 9-ամյա Լիլիթն ու արցունքն աչքերին խնդրեց, որ իրենց տուն հատկացնենք: Աղջիկը առողջական խնդիրներ ունի, խոնավությունից անընդհատ հազում է: Բժիշկներն ախտորոշել են «խրոնիկ բրոնխիտ», սակայն կանոնավոր բուժում նա չի ստացել: Երեխայի շարունակական հազը բժիշկների մոտ նույնիսկ տուբերկուլյոզ հիվանդության կասկածներ է առաջացրել: Լիլիթին ուղարկել են բուժզննման, բարեբախտաբար կասկածները չեն հաստատվել: Սակայն, այդ հիվանդության առաջացման համար կան բոլոր «բարենպաստ» պայմանները` խոնավություն, թերսնում եւ այլն: Լիլիթն այժմ դեղորայքով «բուժվում» է տանը, քանի որ ամբուլատորիայի տնօրեն Էռնեստ Բալոյանի ասելով` «իրենք պրոֆիլակտիկ ստուգումից բացի այլ բան չեն կարող անել»: Ահա սա է եղել պետության հոգածությունը երեխայի նկատմամբ: Իսկ նրա ծնողը հնարավորություն չունի հոգ տանել երեխայի առողջության համար, քանի որ չի աշխատում, իսկ ընտանեկան նպաստի գումարով հազիվ կարողանում է կես ամսվա հացի խնդիրը լուծել: Լիլիթը երազում է ապրել Երեւանում, քանի որ այնտեղ կարող է գոնե բակ իջնել, խաղալ ընկերների հետ, իսկ Սիփանիկում նույնիսկ չոր տարածք չկա, որ երեխաները խաղան: Ստորգետնյա ջրերը ողողել են ամբողջ գյուղը: Լիլիթի ընտանիքը տարիներ առաջ ապրել է Երեւանում, սակայն հանգամանքների բերումով վաճառել են իրենց բնակարանն ու հայտնվել գյուղում: Աղջնակը մեզ ցույց տվեց իր ունեցած ընդամենը 3 փափուկ խաղալիքներն ու այն տոպրակը, որի մեջ իր հագուստներն էին լցված: Այդ ամենը նրան նվիրել են հարեւանները: Արդեն երկար ժամանակ է, ինչ Լիլիթն ու նրա փոքր եղբայրը` Ֆելիքսը, նոր հագուստ չեն հագել: Երեխաները բավարարվել են միայն ուրիշների տվածով: Աղջիկը երկար չկարողացավ շփվել մեզ հետ: Անընդհատ հազում էր ու արտասվում: Ֆելիքսն էլ այդ պայմաններում ձեռք է բերել երիկամների նիֆրիտ հիվանդություն: Արարատի մարզպետարանի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Գագիկ Պողոսյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ մարզում երեխաների իրավունքների խախտումները հիմնականում սոցիալական բնույթ ունեն, սակայն նրանց թիվը մեծ չէ: «Մարզը գյուղատնտեսական է, մարդիկ հողամասեր ունեն եւ եթե աշխատանք էլ չունեն, իրենց հողամասի եկամտով կարողանում են երեխաներին ապահովել: Լեռնային գյուղերի համեմատ` Արարատյան դաշտավայրի բնակիչն ավելի բարվոք վիճակում է»,- ասաց Գ. Պողոսյանը: Նա նշեց, որ վերջին երկու տարիների ընթացքում մարզի սոցիալական խնդիրներ ունեցող եւ ծնողազուրկ շուրջ 250 երեխաներին անվճար ուղեգրեր են հատկացվել Ծաղկաձորում եւ Հանքավանում հանգստանալու համար: «Եթե երեխայի հետ առողջական խնդիրներ կան, մենք միջամտում ենք, որ նա որակյալ բուժում ստանա եւ վերականգնի իր առողջությունը»,- նշեց բաժնի պետը: Երբ նրան պատմեցինք Սիփանիկ գյուղում ապրող եւ առողջական խնդիրներ ունեցող Լիլիթի ու Ֆելիքսի մասին, Գ. Պողոսյանը պատասխանեց, որ նրանց խնդրին ծանոթ է, քանի որ երեխաների մայրը 2-3 ամիս առաջ անձամբ է իրեն դիմել, եւ ինքը ծնողին ուղղորդել է մարզպետարանի առողջապահության վարչություն: «Դե, որ եկել է, ես էլ ուղարկել եմ նրան առողջապահության վարչություն, դրանից հետո ծնողն ինձ չի հանդիպել»,- ավելացրեց Գագիկ Պողոսյանը: Երբ ասացինք, որ երեխայի վիճակը դրանից հետո չի փոխվել, ավելի վատացել է, բաժնի պետն ավելացրեց, որ մարզպետը քայլեր է ձեռնարկում, որպեսզի ընտանիքի բնակարանի հարցը լուծվի, եւ նրանք խոնավ բնակարանից դուրս գան: «Բայց երեխաներն առողջական լուրջ խնդիրներ ունեն, ձեզ չի՞ հետաքրքրում նրանց վիճակը»,- հարցրինք: «Նրանք եկել են ինձ մոտ, բայց առողջական խնդիրներով չեն եկել, ես լավ հիշում եմ, տան համար էին եկել, որ ջրի մեջ է»,- ասաց Գ. Պողոսյանը: Փաստ է, որ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետը երբեք չի այցելել օգնության կարիք ունեցող երեխաներին եւ ամբողջությամբ չի տիրապետում իրավիճակին: Այլապես մեկ չէր նշի, թե ծնողին ուղղորդել է առողջապահության վարչություն, մեկ էլ թե` այդ հարցով իրեն չեն դիմել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter