HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկվածների 82 տոկոսը երեխաներ են

Հունիսի 1-ը երեխաների պաշտպանության միջազգային օրն է: «Երեխայի իրավունքների մասին» օրենքով` Հայաստանում երեխաներն ունեն առողջության պահպանման, անհրաժեշտ կենսապայմաններ ունենալու, հանգստի եւ մի շարք այլ իրավունքներ: Պաշտպանվա՞ծ են երեխաների իրավունքները, եւ արդյոք պետությունը պատշաճ ուշադրություն դարձնու՞մ է երեխաների իրավունքներին: «Հետքի» հարցերին պատասխանում է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Ընտանիքի, կանանց եւ երեխաների հիմնահարցերի վարչության պետ Լալա Ղազարյանը Եթե ասեմ, որ բոլոր երեխաների իրավունքները պաշտպանված են, հռետորական կհնչի: Բայց պետությունն ամեն ինչ անում է, որ երեխաների իրավունքները պաշտպանվեն: Պետությունն առաջին հերթին իրավունքների իրազեկման աշխատանքներ է տանում: Այն մասնագետները, ովքեր աշխատում են երեխաների հետ, պետք է իրազեկ լինեն, եւ առաջին հերթին երեխաները պետք է իրենց իրավունքները գիտակցեն եւ պաշտպանեն: Մի քանի խնդիրներ կան, որ պետությունը պետք է տարբերակի: Եթե խոսքը վերաբերում է սոցիալական խնդրին, ապա հստակ կարող եմ ասել, որ պետությունը կարեւորում է երեխայի` ընտանիքում ապրելու փաստը: Իհարկե, այն ընտանիքում, որտեղ երեխան սիրված է, պաշտպանված, նրա մասին հոգ են տանում: Չեմ ուզում տարբերություններ դնել, այստեղ խոսքն ընտանիքի հնարավորություններով է պայմանավորված, երեխայի համար գոնե նվազագույն պայմաններ պետք է ապահովվեն: Իսկ եթե այդ պայմաններն ապահովված չեն, պարզ է, որ պետությունը ձեռնարկում է համապատասխան միջոցներ` երեխաների հետագա խնամքը հաստատություններում, մանկատանը կազմակերպելու համար: Սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները ուղեգրվում են ճամբարներ` հանգստանալու, իսկ մնացած դեպքերում արվում է այն, ինչ ծնողները կարող են անել: Կարող եմ ասել, որ այսօր մեր երեխաները պաշտպանված են: Ունենալով բազմաթիվ խնդիրներ` մեր ընտանիքները կարողանում են եղած, թեկուզ փոքր ռեսուրսները ուղղել երեխաներին: Նշեցիք, որ պետությունը խրախուսում է երեխայի` ընտանիքում մնալու հանգամանքը, բայց շատ ընտանիքներում երեխաները սոված են, չխնամված: Կառավարությունը չի՞ մտահոգվում այդ փաստով, քանի որ վատ կենսապայմաններն ու սոցիալական ծանր վիճակը շատ երեխաների ստիպում է հանցագործություն կատարել, փոխվում է նաեւ նրանց հոգեբանությունը: Իսկապես, սոված երեխան լուրջ խնդիր է, բայց այստեղ այլ լուծում է պետք, ոչ թե` տեսնենք երեխան սոված է ու նրան տանենք հաստատությունում տեղավորենք: Այլ մեխանիզմներ են պետք, որ երեխան մնա ընտանիքում: Պետք է ընտանիքը ուժեղացնել` ընտանեկան նպաստ համակարգի, աշխատատեղեր ստեղծելու, զբաղվածություն ապահովելու միջոցով, սա համալիր խնդիր է: Եթե տեսնում ենք, որ վտանգված է երեխայի առողջությունը, կյանքը, համապատասխան կառույցները երեխային ուղեգրում են հաստատություն, այնտեղ որոշակի ժամանակով խնամվում է, մինչեւ նրա ընտանիքը ոտքի է կանգնում եւ կարողանում իր երեխային վերցնել: Տարեկան ունենում ենք 150-160 երեխաներ, որոնք մանկատներից գնում են իրենց կենսաբանական ծնողների մոտ, քանի որ ծնողները հնարավորություն են ունենում խնամելու եւ պահելու իրենց երեխաներին: Բայց ինչպես հարցը, այնպես էլ խնդիրը գլոբալ է: Այստեղ պետական քաղաքականությունը պետք է գնա նրան, որ լուծվեն ընտանիքի խնդիրները, քանի որ փորձը ցույց է տալիս, որ շատ ընտանիքներ բնակարանի խնդիրներ ունեն, երեխաների ծնողները մշտական բնակության հասցե չունեն, կամ նրանց պայմաններն են շատ անբարվոք: Այս հարցերը պետք է լուծվեն, բայց ոչ երեխային ծնողից առանձնացնելու միջոցով, իհարկե, եթե խոսքը չի գնում չարաշահման, բռնության եւ երեխային սպառնացող այլ վտանգների մասին: Հատկապես մարզերում երեխաները բազմաթիվ խնդիրներ ունեն` առողջական, հագուստի, սննդի, դպրոց կանոնավոր հաճախելու... : Պետությունը պետք է իր մեխանիզմներով այդ ամենն իրականացնի: Ընտանեկան նպաստ համակարգը կա, համայնքային, մարզային ծառայությունները կան, այստեղ մեր դերը քաղաքականություն մշակելն է ու դա համապատասխան կառույցների միջոցով երկրում կիրառելը: Հնարավորությունների սահմաններում պետք է համայնքային, մարզային օղակներում կարողանան ծառայություններ մատուցել: Նպաստ համակարգում ընդգրկվածների 82 տոկոսը երեխաներ են: Երկրում բազմազավակությունը խրախուսելու համար գումարներ են նախատեսված ամեն ծնված երեխայի համար, ամենամսյա 18 000 դրամ նպաստ է հատկացվում եւ այլն: Այդ ամենը միտված է նրան, որ աղքատության մակարդակը կրճատվի: Հույս ունեմ, որ ժամանակի ընթացքում գյուղական համայնքներում էլ կստեղծվեն ցերեկային կենտրոններ: Առայժմ աշխատում ենք եղած միջոցները տեղ հասցնել: Մտնում ենք համայնքներ, զրուցում ենք խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովների հետ, որոնք հասարակական կարգով են աշխատում եւ չեն վճարվում: Նրանց բացատրում ենք, որ օրենքով լայն լիազորություններ ունեն, բայց եթե դրա համար չեն վճարվում, փորձում ենք նրանց բացատրել, որ իրենց գործունեությունը ավելի շատ հայրենասիրական, երկիրը, հողը սիրելու, իրենց ընտանիքները սիրելու համար պետք է արվի: Ամեն համայնքում եթե մի 5 նվիրյալ լինի, հնարավոր կլինի շատ խնդիրների դեմն առնել: Շատ խնդիրներ էլ գալիս են ինֆորմացիայյի պակասից, երբ կարելի է շատ քիչ ռեսուրսով հարցին լուծում տալ, բայց դա չի լուծվում եւ խորանալով մեծանում է: Այսօր ամենալավ բանը, որ կարող եմ ասել, այն է, որ մեր երկիրն այս ոլորտում առաջ է գնում, եւ ամեն տարի այդ առաջընթացը զգում ենք, թեեւ արդյունքները կարող են այդքան էլ շոշափելի չլինել: Ուսումնասիրություններ ունե՞ք փողոցում առեւտրով զբաղվող, թափառաշրջիկ եւ մուրացկան երեխաների թվի նվազման կամ աճման վերաբերյալ: Ի՞նչ քայլեր եք ձեռնարկում նրանց նորմալ կյանք վերադարձնելու համար: Թափառաշրջիկ եւ մուրացիկ երեխաները տեղավորվում են երեխաների ընդունման, տեղավորման ժամանակավոր կենտրոնում, որը տարիներ շարունակ համագործակցում է ոստիկանության հետ: Տեղավորելուց հետո գնահատվում է, թե երեխան ու նրա ընտանիքն ինչ խնդիրներ ունեն: Եթե երեխայի հետ աշխատելով հնարավոր է կանխել, կանխվում են նման երեւույթները, եւ նա վերադարձվում է ընտանիք, եթե ոչ, ապա եզրակացություն է տրվում երեխային որեւէ հաստատությունում տեղավորելու համար: Կարող եմ ասել, որ այս խնդիրները կարգավորելու եւ լուծելու հարցում Հայաստանը տարածաշրջանում առաջատարն է: Եթե համեմատենք տարիներ առաջ ու այսօր, ապա զգալի նվազել են թափառաշրջիկ եւ մուրացիկ երեխաների թիվը, եւ հետեւողական աշխատանք է տարվում, որպեսզի նման երեխաները հանրապետությունում քիչ լինեն: Պետությունը պետք է ուժեղացնի ընտանիքը եւ ավելի մեծ ռեսուրսներ ստեղծի, որպեսզի ծնողներն ունենան աշխատանք, զբաղվածության, բնակարանի խնդիրը լուծվի, եւ սոցիալական պատճառներով երեխաները չհայտնվեն հաստատություններում: Այսինքն, այսօր ոչ թե ընտանիքը թերանում է եւ չի ուզում իր երեխային խնամել, պահել, նրա իրավունքները պաշտպանել, այլ ի վիճակի չէ, եւ դրա հիմնական պատճառը սոցիալական ոչ կայուն վիճակն է: Պետության դերը պաշտպանված, ուժեղ ընտանիք ստեղծելն է: Եթե այս խնդիրները լուծվեն, կարծում եմ` սոցիալական խնդիրները չեն ճզմի ընտանիքին, եւ երեխաները ընտանիքում ավելի պաշտպանված կլինեն: Այսինքն, երեխաների իրավունքների պաշտպանության խնդիրը Հայաստանում զուտ սոցիալակա՞ն բնույթի է: Երբ երկրում ունենք աղքատության բարձր ցուցանիշ, չենք կարող ասել, որ չունենք նման խնդիր: Եթե նշածս հիմնախնդիրները լուծվեն, ապա երեխաների իրավունքների պաշտպանության հետ կապված խնդիրները կլինեն ոչ թե սոցիալական որբության, անպաշտպանության, լքման պատճառներով, այլ այնպիսի խնդիրներ առաջ կգան, ինչպիսիք բարեկեցիկ երկրներում են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter